Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջ ապրելակերպի գեղարվեստական ձեւը

Դեկտեմբեր 10,2009 00:00

Դիսկոտեկ՝ սառույցի վրա

Երաժշտություն, պարեր, խաղեր, մրցանակներ… ու այս ամենը՝ սառույցի վրա:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը էկզոտիկ ժամանցի սիրահարներին դեկտեմբերի 18-ին հնարավորություն է ընձեռում պարել փորձել սառույցի վրա՝ չմուշկներով. Երեւանում առաջին անգամ սառույցի վրա կանցկացվի դիսկոտեկ:

Ըստ միջոցառման կազմակերպիչ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահադաշտի նախագծերի տնօրեն Տատյանա Լուկյանովայի, սա նորություն չէ, եւ նմանատիպ դիսկոտեկներ անցկացվում են ամբողջ աշխարհում. «Հայաստանի պես փոքրիկ երկիրն ունի սահադաշտ, բայց հասարակությանը այն դեռ շատ խորթ է. իսկ մեր նպատակը հասարակության ուշադրությունը սահադաշտի կողմը գրավելն է ոչ միայն որպես ժամանց, այլ նաեւ որպես սպորտ: Դիսկոտեկները՝ բարձր երաժշտությունը, պարերը երիտասարդությանն այսօր շատ են գրավում: Այս նախագիծը ոչ թե ծխով լի սրահում՝ ինչպես որ ակումբներում է, զվարճանալ է, այլ հաճելի ժամանակ անցկացնելու հետ մեկտեղ՝ նաեւ առողջ ապրելակերպի միջոց, սպորտ: Մենք պրոպագանդում ենք առողջ ապրելակերպը, իսկ սա դրա գեղարվեստական ձեւն է»:

Երեկոյի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան օգտվել սահադաշտից, պարել, վայելել լազերային շոուն, մասնակցել սառույցի վրա իրականացվող խաղերին, մրցույթներին եւ այլն:

Դիսկոտեկ նախագծի ղեկավար Նարինե Նալբանդյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Սառցադաշտը, գեղասահքը Հայաստանում նոր է զարգացում ապրում: Մեր միջոցառումը կազմակերպվել է հատուկ երիտասարդության համար, որովհետեւ երիտասարդությունը այսօր միայն ակումբային կյանքով է սահմանափակվում: Նշեմ, որ մի դիսկոտեկով չենք սահմանափակվելու: Եվ դիսկոտեկների շարք է լինելու տարբեր թեմաներով, օրինակ՝ 80-ականների դիսկոտեկ, լատինո ոճի, կազմակերպելու ենք դիսկոտեկ նաեւ երեխաների համար…»:

Ըստ Ն. Նալբանդյանի, սառույցի վրա իրականացվող միջոցառումներով հետաքրքրվողներ շատ կան, արձագանքներն էլ դրական են, պարզապես խնդիրն այն է, որ Հայաստանում շատ չեն սահողները. «Մարդիկ մտածում են՝ սահել չգիտենք, ինչպե՞ս մասնակցենք այդ դիսկոտեկին: Բայց նախապես ուզում եմ տեղեկացնել, որ սահել չիմանալը բացարձակ խնդիր չէ: Հատուկ սահել չիմացողների համար նախատեսված են տոմսեր, այսինքն՝ նրանք, ովքեր կգան ոչ թե սահելու, այլ ներկա գտնվելու, նրանց համար սահադաշտի երկայնքով բազմոցներ դրված կլինեն, փոքրիկ բար եւ պարահրապարակ՝ սառույցից դուրս: Նշեմ նաեւ, որ տոմսերի թիվը սահմանափակ է լինելու՝ միջոցառմանը ներկա գտնվելու հնարավորություն կունենա միայն 200 հոգի»:

Ըստ մեր զրուցակցի, սահադաշտի կենտրոնում կլինի նաեւ բեմահարթակ՝ սահել չցանկացողների համար: Հնչող երաժշտության մասին էլ ասաց, որ պարային տրամադրությունը ապահովելու է DJ-ների հայկական ասոցիացիան. «Հնչելու է տարբեր ոճի երաժշտություն: Քանի որ սառույցի վրա առաջին դիսկոտեկն է լինելու, այդ պատճառով էլ բոլորի ճաշակին համահունչ երաժշտություն է հնչելու»:

Տ. Լուկյանովայի փոխանցմամբ էլ, քանի որ նմանատիպ միջոցառում Հայաստանում անցկացվում է առաջին անգամ, ապա, ըստ նրա՝ այն պետք է ընդգրկվի պետական ծրագրերի մեջ:

«Մեզ համար դժվար է քանդել հայ հասարակության կողմից դրված պատը, որովհետեւ նրանք շատ բան չգիտեն այս սպորտաձեւի մասին, իսկ միջոցառումը միջոց է հասարակությանը ներկայանալու համար: Հայ հասարակությունը մի փոքր կոնսերվացված է, ամեն ինչն ընդունում է ոչ այնպես, ինչպես ցանկալի է: Կա սահադաշտ, հրաշալի սառույց, գեղեցիկ դահլիճ, տարածություն, այսինքն՝ ամեն հնարավորություն. էլ ինչո՞ւ երիտասարդությունը գա, դատարկ սահի, մեկ-երկու անգամ ընկնի, որ հասկանա, թե ինչ է չմուշկների վրա կանգնելը: Սահադաշտից ոչ բոլորն են կարողանում օգտվել, բայց այն բոլորինն է»:

Տ. Լուկյանովան հավելեց, որ դիսկոտեկին մասնակցելու են պրոֆեսիոնալ մարզիչներ, որոնք կլինեն այն մարդկանց կողքին, ովքեր առաջին անգամ կկանգնեն չմուշկների վրա. «Մենք չենք թողնի, որ մարդիկ ընկնեն: Հսկողության տակ ենք պահելու միջոցառման ողջ ընթացքը: Բացի այդ, այստեղ ունենք հրշեջ ծառայություն, սեփական անվտանգության ծառայություն եւ, իհարկե, բժշկական օգնության ծառայություն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել