Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՆԴԻՐ, ՈՐ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ԽԱՂԱՅԻՆ ԲԻԶՆԵՍՈՎ ԶԲԱՂՎՈՂՆԵՐԻՆ

Դեկտեմբեր 10,2009 00:00

\"\"Կառավարության առաջարկած գաղափարը ձեռնտու չէ

Վերջերս ՀՀ կառավարությունը ԱԺ օրակարգում ներկայացրել էր նախագիծ՝ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Նշված օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության ներկայացրած տեղեկանք-հիմնավորման մեջ մասնավորապես ասվում է, որ խաղեր, խաղատներ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղեր 2013թ.-ից կարող են կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքի վարչական սահմաններում՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված չափանիշներին համապատասխան տարածքներում, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի եւ «Երեւան ազատ տնտեսական գոտու» տարածքներում, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 37 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում՝ կառավարության կողմից սահմանված վայրերում եւ չափանիշներին համապատասխան տարածքներում:

Կառավարության հիմնավորման համաձայն՝ խաղասրահները կամ խաղատները սփռված են քաղաքային համայնքներից դուրս, որոնց մեծ մասը գտնվում է բնակավայրերում, ինչն էլ բացասական ազդեցություն է թողնում խաղասրահների եւ խաղատների հարեւանությամբ գտնվող բնակիչների վրա՝ կապված անձանց կողմից շահումով խաղերին գայթակղվելու եւ հանգիստը խանգարելու հետ: ՀՀ կառավարությունը, ելնելով տարածքային համաչափ զարգացման ռազմավարությունից, սահմանում է այն վայրերը, որտեղ կստեղծվեն խաղային բիզնեսի կլաստերներ՝ աջակցելով տվյալ տարածքների զարգացմանը: Ուշադրություն է դարձվել նաեւ այդ զվարճանքի կենտրոնները տուրիստական վայրերին մոտիկ լինելու հանգամանքին: Ըստ կառավարության՝ այս նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ՀՀ տուրիստական տարածքներում ստեղծել խաղատների եւ խաղասրահների համախմբված եւ զարգացած կենտրոններ, ինչը կդյուրինացնի զբոսաշրջիկներին զվարճանքի վայրեր այցելելը, ինչպես նաեւ կզարգանա հյուրանոցային բիզնեսը:

Այս օրենքի փոփոխության հետ կապված՝ «Առավոտին» իր մտահոգությունները հայտնեց «Խաղային գործի զարգացման ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Մարգարիտա Խոստեղյանը:

Նրա փոխանցմամբ. «Ենթադրվում է, որ ոլորտի գործերը շատ լավ են: Սակայն դա ամենեւին էլ այդպես չէ ու, կարծում եմ, այս օրենքի փոփոխությունը պայմանավորված է Ռուսաստանում նույն օրենքի փոփոխությամբ: Վերջերս էլ այնտեղ էր օրենք ընդունվել ու խաղատներն ու խաղասրահները քաղաքի վարչական սահմաններից դուրս հանվել: Իրականում այսօր Հայաստանում խաղային բիզնեսը ուժեղ ճգնաժամ է ապրում, եւ այդ գործով զբաղվողները դժվարությամբ են կարողանում իրենց հարկային պարտավորությունները կատարել: Օրինակ, այս տարի Արգավանդի խճուղում գտնվող մոտ 20 խաղասրահ է փակվել, որովհետեւ փետրվար ամսին հարկերը բարձրացրել էին. մեկ խաղային սարքի համար մուծվող հարկը 75 հազար դրամ էր՝ դարձրին 125 հազար: Եթե մինչ այդ խաղասրահները շահագործում էին մոտ 20 խաղային սարք, 125 հազարի դեպքում նվազեցրին դրանց քանակը՝ դարձնելով 10-15 հատ»:

Մ. Խոստեղյանի ձեւակերպմամբ՝ խաղատներն ու խաղասրահները միասին ապահովում են պետական բյուջեի 1%-ը, հետեւաբար նախ պետք է այնպես արվի, որ բյուջեն այս ճգնաժամային պայմաններում չվնասվի. «Մեր համաքաղաքացիները զբաղվել են օրենքով նախատեսված գործունեությամբ, ներդրումներ են արել եւ օրենքի փոփոխությունը այս տեսքով բերելու է նրան, որ մարդիկ իրենց ներդրումները ետ չստացած՝ հայտնվելու են շատ վատ իրավիճակում»: Անդրադառնալով այն փաստին, որ 2013թ. խաղատներն ու խաղասրահները պետք է տեղափոխվեն Ջերմուկ, Սեւան եւ Ծաղկաձոր՝ Մ. Խոստեղյանն ասաց, որ դա լավագույն տարբերակը չէ. «Ջերմուկը առողջարանային քաղաք է՝ պիտի այդպես էլ մնա, Սեւանը լողափնյա է, խաղասրահների առկայությունը չի խանգարի, բայց այնքան էլ լավ չի լինի, իսկ Ծաղկաձորը սպորտային քաղաք է, եւ առհասարակ ճիշտ չի լինի այնտեղ խաղասրահ, խաղատուն բացել: Տնտեսավարողների համար ցանկալի տարբերակն այն է, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա: Իսկ մենք կառավարությանն առաջարկում ենք հետեւյալ տարբերակը. քաղաքամերձ տարածքներում տրամադրել մի հողակտոր, որը այսօր որեւէ նպատակի չի ծառայում, ամայի է եւ կառուցել Լաս-Վեգասի պես մի քաղաք: Նշված քաղաքներ տեղափոխվելը կառավարությունը պայմանավորում է նրանով, որ այդ տարածքները տուրիզմի զարգացման համար խթանող կենտրոններ են: Բայց ես կարծում եմ, որ եթե մտադիր են Ջերմուկը զարգացնել՝ պետք է այլ տարբերակներ ընտրել, օրինակ՝ գները մատչելի դարձնել, սպասարկման որակը բարձրացնել…»:

Մեր զրուցակցի խոսքով, իրենք իրենց տեսակետները ներկայացրել են կառավարությանը, այսինքն՝ առաջարկել են գեղեցիկ քաղաք կառուցելու իրենց գաղափարը. «Մենք առաջարկում ենք այն տարբերակը, որը հնարավորություն կտա կառավարությանը լավ պայմաններ ստեղծել այդ բիզնեսի համար քաղաքակիրթ ձեւով աշխատելու, եւ մենք՝ տնտեսավարողներս միանալով դուրս չենք մնա դաշտից: Իսկ եթե այս բիզնեսը կենտրոնացվի 3 քաղաքներում, ապա այսօրվա տնտեսավարողներից շատերը չեն հայտնվի այդ բիզնեսում, եւ վերջինը նույնպես կկենտրոնանա 3 հոգու ձեռքում, որովհետեւ 20 խաղային սարք ունեցողը հաստատ իր ընտանիքը, տունն ու տեղը չի թողնի՝ գնա Ջերմուկ: Ես վստահեցնում եմ, որ որեւէ խաղատան, առավել եւս խաղասրահի տիրոջ ձեռնտու չի տեղափոխվել Ջերմուկ, Ծաղկաձոր. մարդիկ լուրջ ներդրումներ են արել այստեղ, իրենց համար հաճախորդներ ապահովել, ինչպե՞ս այդ ամենը թողնեն ու գնան: Եվ եթե մարդը, որը երբեմն ցանկանում է գնալ խաղասրահ հաճելի ժամանակ անցկացնելու ու 15-20 հազար դրամ է ծախսում, ի՞նչ եք կարծում, այդ մարդը 15-20 հազարով մի քանի ժամ ճանապարհ կկտրի՞ գնա Ջերմուկ խաղալու»:

«Խաղային գործի զարգացման ասոցիացիա» հ/կ նախագահը նաեւ ասաց, որ առաջարկում են տեղափոխվելու ժամկետը երկարացնել մինչեւ 2015 թիվը ու այդ 5 տարում, որը, ըստ նրա, բավարար ժամանակ է՝ խաղատներն ու խաղասրահները կենտրոնացնել մի տեղ՝ կառուցել մի քաղաք, որտեղ կլինեն նաեւ ռեստորաններ, հյուրանոցներ, կանցկացվեն միջոցառումներ: Նա նաեւ հավելեց, որ ասոցիացիան մշտապես հետեւելու է իրենց վերաբերող օրենքին եւ արձագանքելու՝ ցանկացած փոփոխության դեպքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել