Լրահոս
Օրվա լրահոսը

Ի ՀԵՃՈՒԿՍ ԲՈԼՈՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Դեկտեմբեր 10,2009 00:00

Մայրաքաղաքի «DDD» մարզահամալիրի լողավազանում անցկացված հանրապետության պատանիների առաջնությունը երկրորդ անգամ նշանավորվեց հաշմանդամություն ունեցող երեխաների մեկնարկով, որը հանրապետության լողի դաշնության եւ Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի (ՀՍՀԱՖ) միջեւ ձեռք բերված համաձայնության արդյունք է:

ՀՍՀԱՖ հավաքական թիմն առաջնությանը ներկայացել էր վեց հոգով: Եվ նրանց ցույց տված արդյունքներն ավելի քան գոհացուցիչ էին: Մարզական տարբեր կարգեր ունեցող հաշմանդամ լողորդները հանդես եկան երկուական լողաձեւում եւ գերազանցեցին նախկինում իրենց իսկ գրանցած ցուցանիշները:

Հանրապետության լողի դաշնության նախագահ Իգոր Սաֆարյանը ողջունեց հաշմանդամություն ունեցող պատանի մարզիկների մասնակցությունը հանրապետական առաջնությանը, նրանց հետագայում մաղթեց մարզական նոր հաջողություններ, այնուհետեւ պարգեւատրեց հուշամեդալներով եւ հանձնեց հավաստագրեր:

ՀՍՀԱՖ-ի նախագահ Սամվել Ռոստոմյանի համոզմամբ, Հայաստանում նկատվում է հաշմանդամային սպորտի ներդաշնակ զարգացում, ինչը վկայում է, որ ֆեդերացիան եւ համապատասխան կազմակերպությունները գործում են ի հեճուկս բոլոր դժվարությունների, լուծելով իրենց առջեւ դրված խնդիրները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել