Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր՝ «Չեվակատա»-«Հատիս»

Դեկտեմբեր 10,2009 00:00

\"\"Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլային թիմն այսօր Եվրոպայի գավաթի 2009/10 թթ. խաղարկության 5-րդ տուրում մրցակցի դաշտում ուժերն է չափելու Ռուսաստանի «Չեվակատայի» հետ, որին մի քանի օր առաջ սեփական հարկի տակ հաղթել էր 103:99 հաշվով:

«Հատիս» ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մարզիչ Գիա Ղազանչյանի սաները դեկտեմբերի 8-ին մեկնել են Վոլոգդա, որտեղ էլ կայանալու է խաղը: Մեր թիմի կազմում են Բոյանա Վուլիչը, Իվա Սերդարը, Աննա Բաղդոյանը, Տաթեւիկ Ալեքսանյանը, Անի Պետրոսյանը, Գաննա Զարիցկան, Աննա Պոկոյովան, Ջուլիան Վիանին, Միլիցա Դաբովիչը եւ Մաուրիտա Ռեյդը:

Նախորդ հանդիպումները ցույց են տվել, որ մեր աղջիկները հավասար պայքար կարող են մղել ցանկացած ուժեղ մրցակցի հետ: Սակայն դրան մեծապես խանգարում է կարճ պահեստային նստարանը: Այդ նպատակով ակումբի ղեկավարությունը յուրաքանչյուր հերթական պատասխանատու հանդիպման պատշաճ նախապատրաստությունը կազմակերպելուն զուգահեռ, զբաղվում է նաեւ նոր համալրումների հարցերով: Մասնավորապես, նույն կայքից տեղեկանում ենք, որ այսօր Երեւան է ժամանելու բոսնիացի փորձառու բասկետբոլիստուհի՝ 35-ամյա Նուրա Իմամովիչը, որը սակայն «Չեվակատայի» հետ խաղին չի մասնակցի եւ մեր թիմում նորամուտը կնշի դեկտեմբերի 17-ին՝ «Միկա» ակումբի դահլիճում կայանալիք «Հատիս»-«Բեշիկթաշ» պատասխան հանդիպումում: Եվ միայն դրանից հետո պարզ կդառնա, թե նա որքան ժամանակ կմանա Հայաստանում:

Իմամովիչի հասակը 197 սմ է: Նա հանդես է եկել Բոսնիայի ազգային հավաքականում, խաղացել Բոսնիա եւ Հերցեգովինայի, Հունգարիայի, Թուրքիայի, Հունաստանի, Չեռնոգորիայի, Ռումինիայի եւ Իսպանիայի տարբեր ակումբներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել