Լրահոս
Օրվա լրահոսը

Աղանդավորները նաեւ հետախույզներ են

Դեկտեմբեր 10,2009 00:00

\"\"Այս կարծիքին է Սուրբ Հովհաննես եկեղեցու սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը, որը գտնում է, որ նման կազմակերպություններով պետությունը պիտի լրջորեն զբաղվի:

Սուրբ Հովհաննես եկեղեցու սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի փոխանցմամբ, այսօր Հայաստանում կա 50-ից ավելի գրանցված աղանդավորական կազմակերպություն, որոնց մեծ մասը բողոքական կամ խարիզմատիկ (ավետարանական) ծագում ունեցող աղանդավորական կազմակերպություններ են, եւ իրենց գործունեությունը մեծապես ծավալում են մեր երկրում: Նման հայտարարությամբ երեկ հրավիրված ասուլիսում հանդես եկավ քահանան: Տեր Շմավոնի կարծիքով՝ ավելի վտանգավոր են այն աղանդավորական կազմակերպությունները, որոնք շատ ավելի լպրծուն կերպով են գործում, եւ գործունեությունը փորձում մոտեցնել եկեղեցու շրջանակին. «Աղանդները հիմնվում են բարեգործությունների վրա, ամենուրեք կազմակերպում ակցիաներ, նվիրատվություններ, օգնում տարեց մարդկանց եւ, չգիտես ինչու, իրենց մուտքը թույլատրված է ծերանոցներ, մանկատներ, որտեղ իրենք շատ հեշտությամբ կարողանում են ներկայանալ իբրեւ առաքելական եկեղեցու օգնական զավակներ: Ասում են, իբր վեհափառը իրենց օրհնել է: Արդեն շուրջ 2 տարի նման գործելաոճ է ընտրել հատկապես «Կյանքի խոսք» կազմակերպությունը»:

Տեր Շմավոնի խոսքով, «Եհովայի վկաները», ավետարանականներն ու «Կյանքի խոսքը» ամենավտանգավոր աղանդներն են: Նա նշեց, որ «Կյանքի խոսքը» Հարավ-արեւմտյան թաղամասում՝ «Սբ. Երրորդություն» եկեղեցու հարեւանությամբ աղանդավորական որջ ունի, որը հաճախ շփոթության մեջ է գցում հավատացյալներին, աղանդավորներն էլ հատուկ աշխատում են այդ ուղղությամբ:

«Պետության հիմքն առողջ ընտանիքն է, բայց աղանդավորական ընտանիքը չի կարող առողջ կոչվել, որովհետեւ այնտեղ շատ հասկացություններ աղճատվում են: Կինը, որ մեզ համար մայր է, սրբություն, օջախն անմար պահող, եհովականների մոտ մոռանում է իր մեկ, երկու տարեկան երեխային, չոլերն ընկած խոսք է քարոզում: Մի բան, որը չպիտի աներ, չէ՞ որ առաքյալների մեջ որեւէ կին չկար, ու քարոզելը տղամարդու մենաշնորհ է»,- նշում է քահանան: «Խղճի եւ կրոնի ազատության մասին» օրենքով թույլատրված է ցանկացած կրոնական կազմակերպության գրանցում, այն դեպքում, երբ գործունեությունը չի հակասում ՀՀ օրենսգրքին ու վտանգ չի ներկայացնում պետության ամբողջականության, քաղաքացու առողջության եւ ընտանիքի պահպանման համար: Բանախոսը գտնում է, որ «իրականում այդպես չէ: Գիտենք բազում դեպքեր, երբ ընտանիքը պարզապես փլուզվում է մի պարզ պատճառով, որովհետեւ տան անդամներից մեկը գնում է աղանդի, մյուսը՝ ոչ, արդյունքում վեճ է առաջանում եւ ընտանիքը քայքայվում է: Ցանկացած կազմակերպություն, որը պետք է գրանցվի, ներկայացնում է իր կանոնադրությունը եւ թղթով գրանցվում: Իսկ թե հետո ի՞նչ է կատարվում, այսօր դրան ոչ ոք չի հետեւում»: Տեր Շմավոնը գտնում է, որ կան շատ բաներ, որոնցով պետք է պետությունը զբաղվի, ոչ թե եկեղեցին: Եթե պետական օրենքը խախտվում է, այն չխախտելու ջատագովը պետք է պետությունը լինի՝ իր բոլոր կառույցներով, իսկ եկեղեցին պատասխանատու է հոգեւոր «մասով». «Մեր հայորդիները, չգիտես ինչու, ավելի շատ հակված են մեղադրելու առաքելական եկեղեցուն եւ հոգեւորականին՝ անգործության մեջ: Չէ՞ որ գրեթե մեկ միլիոն բնակչություն ունեցող Երեւանի համար մոտ 30 հոգեւորականը բավականին քիչ է: Ինչո՞ւ են աղանդավորները հաջողում իրենց գործունեության մեջ, որովհետեւ նման կազմակերպության ամեն անդամ իր սրբազան պարտքն է համարում օրվա կամ ամսվա մեջ մեկ հոգու «դարձի բերել»,- ասում է քահանան ու հավելում,- ոչ ոք չի կարող ժխտել, որ դրսից եկած ֆինանսավորումները սիրուն աչքերի համար չեն տալիս: Բոլորս էլ գիտենք ու լավ էլ հասկանում ենք, որ այդ կազմակերպությունները հետախուզական միտում ունեն: Բացի այն, որ ղեկավարները տեղերում լավ գումարներ են աշխատում՝ հավաքելով նվիրատվությունները, նաեւ որոշ ծրագրեր են իրականացնում, այդ թվում՝ հետախուզական»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել