Լրահոս
Օրվա լրահոսը

ICCROM-Ը ԶԳԵՍՏ ՉԻ, ՈՐ ՎԵՐԱՁԵՎՎԻ

Դեկտեմբեր 10,2009 00:00

Կամ՝ ինչպես են հայ չինովնիկները միջազգային կառույցների աշխատանքը համապատասխանեցնում անձնական շահերին

\"\"

1991թ. Եվրոպայի խորհրդի կողմից պաշտոնապես հաստատված «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին Հայաստանը միացել է 2003-ից: Չգիտես ինչու, «Եվրոպական ժառանգության օրերը» մեր երկրում ասոցացվում են միայն թանգարանային միջոցառումների ու պետության հաշվին արտերկրյա ուղեւորությունների հետ: Այս տարի «Եվրոպական ժառանգության օրերը» Հայաստանում կայացան սեպտեմբերի 19-20-ը՝ «Ծիր կաթին» խորագրով, որից հետո ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական mincult.am կայքում տեղադրվեց մի տեղեկատվություն, որտեղ ասվում էր, թե «ՀՀ մշակույթի նախարարությունը, կարեւորելով «Եվրոպական ժառանգության օրերի» գաղափարախոսությունը, խրախուսում եւ համակարգում է այդ օրերի անցկացումը Հայաստանում» եւ, ըստ նույն աղբյուրի, թանգարաններում կազմակերպվելու են տոնական միջոցառումներ, նոր ցուցադրություններ:

Այդ առիթով հրավիրված ասուլիսում ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանն էլ, ըստ «Արմենպրեսի», հայտարարում է, թե Հայաստանում «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակներում կկազմակերպվեն տարաբնույթ միջոցառումներ, օրինակ՝ նոր ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում, երաժշտական երեկո՝ Ա. Խաչատրյանի թանգարանում, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կցուցադրվեն «Պատմական Հայաստանի հուշարձանները» խորագրով լուսանկարներ եւ այլն:

«Եվրոպական ժառանգության օրերի» պաշտոնական www.jep.

coe.int կայքից, սակայն, տեղեկանում ենք, որ «օրերի» հետապնդած նպատակները ամենեւին չեն համընկնում հայաստանցի չինովնիկների պատկերացումների հետ: Փաստենք, որ «Եվրոպական ժառանգության օրերը» Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի համատեղ ակցիան է եւ ոչ թե տոնական միջոցառում, որի համար 2 կառույցներն էլ հավասարապես պատասխանատու են համաեվրոպական մակարդակով: www.jep.coe.int կայքից տեղեկանում ենք, որ «օրերը» հետապնդում է Եվրոպայի քաղաքացիներին իրենց մշակութային հարստություններին մերձեցնելու, փոխըմբռնման հասնելու, վտանգված ու սպառնալից վիճակում գտնվող պատմամշակութային ժառանգությունը փրկելու, հասարակական իշխանություններից բացի՝ պահպանության պարտավորությունը մասնավոր գործընկերներին եւ անհատներին ներկայացնելու, ուրիշների հուշարձանները լայն հասարակությանը ներկայացնելու եւ այդ միջոցով ռասիզմի, քսենոֆոբիայի, անհանդուրժողականության դեմ արդյունավետ պայքարելու նպատակներ: Ըստ www.jep.coe.int-ի, յուրաքանչյուր տարի որեւէ թեմայի ընտրությունը անպայմանորեն պետք է լինի հիմնավոր եւ այդ հիմնավորումը պարտադիր պետք է ներկայացվի հասարակությանը՝ զանազան լրատվամիջոցներով:

Պարզեցինք նաեւ, որ պարտադիր է «Եվրոպական ժառանգության օրերի» լոգոյի տեղադրումը միջոցառումները գովազդող բոլոր նյութերի ու կրիչների վրա. այդ լոգոյի կողքին կարելի է զետեղել նաեւ Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպական միության լոգոները, մինչդեռ ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքում զետեղված ազդագիրը, մեղմ ասած, շեղվել է բուն նյութից: Էլ չենք խոսում ազդագրի համար ֆոն հանդիսացած դամբարանադաշտի լուսանկարի մասին, որի առնչությունը թեմայի հետ՝ առեղծվածային էր մնացել անգամ նորանշանակ փոխնախարար Ա. Սամուելյանի համար, ով «Ծիր կաթին» խորագիրը իր ասուլիսում ուղղակի «բավական հետաքրքիր անվանում» էր որակել ու գտել, որ ուխտագնացություն պետք է կազմակերպել դեպի «Զորաց քարեր» բնակավայր (եւ ոչ բնակատեղի) ու Կարնո ազգագրական պարերի օգնությամբ մեկնաբանել նախաքրիստոնեական գերեզմանոցը:

Բանն այն է, որ ՀՀ-ն «Եվրոպական ժառանգության օրերին» 2009-ին միացել է «Ծիր կաթին» խորագրի ներքո՝ ՄԱԿ-ի կողմից 2009-ը Աստղագիտության միջազգային տարի հռչակելու համատեքստում, ինչպես նաեւ ընդառաջ գնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աստղագիտությունը եւ համաշխարհային ժառանգությունը» թեմատիկ նախաձեռնություններին: Այնպես որ, միայն ՀՀ մշակույթի նախարարությանն է հայտնի, թե մայրաքաղաքի ու մարզերի թանգարանները ինչո՞ւ են «Եվրոպական օրերի» շրջանակներում հանդես եկել թեմայի հետ բնավ աղերսներ չունեցող, բայց «հատուկ» ցուցադրություններով:

«Առավոտը» կապվեց Հայաստանում «Եվրոպական ժառանգության օրերի» ազգային համակարգող Հասմիկ Ազիզյանի հետ, ով վերջին 5 տարիներին իրականացրել է այդ աշխատանքները: Նա հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, սակայն այնուհանդերձ ասաց հետեւյալը. «Ժառանգության բնագավառում պատասխանատուներ պետք է լինեն նրանք, ովքեր տիրապետում են այդ բնագավառի գոնե նախնական հասկացություններին, խնդիրներին ու աշխատանքին, պատկերացում ունեն հանրապետության ողջ տարածքով հուշարձանների տեղաբաշխվածության մասին եւ սեփական աչքերով տեսել են հուշարձանների պետական ցուցակներում գրանցված շուրջ 24 հազար հուշարձաններից գոնե 100-ը»:

Նոյեմբերի 23-ին էլ mincult.am-կայքում տեսանք մեկ այլ տեղեկատվություն այն մասին, թե ICCROM-ի (Մշակութային արժեքների ուսումնասիրության, պահպանության եւ վերականգնման միջազգային կենտրոն) գլխավոր տնօրեն Մունիր Բուշենակիի հրավերով ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը (պատվիրակության ղեկավար) եւ ICCROM-ում Հայաստանի ներկայացուցիչ, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ, փորձագետ, ՀՀ գլխավոր ճարտարապետ, պատվիրակության անդամ Նարեկ Սարգսյանը մեկնելու են Իտալիա՝ մասնակցելու նոյեմբերի 25-27-ը Հռոմում կայանալիք ICCROM-ի 26-րդ Գլխավոր ասամբլեայի նիստերի աշխատանքներին: Իրականում, ըստ ICCROM-ի կանոնադրության (տես՝ www.iccrom.org), ոչ թե անհատն է անդամակցում այս կազմակերպությանը, այլ՝ երկիրը: Ավելին, ICCROM-ը հրավերներ չի անում, այլ ծանուցում է ուղարկում կայանալիք իրադարձության մասին: Ըստ ICCROM-ի կանոնադրության, ասամբլեայի նիստերի աշխատանքներին մասնակցում է ոչ թե պատվիրակություն, այլ մեկ մարդ: Կանոնադրության 4-րդ եւ 5-րդ հոդվածներով, որտեղ սահմանվում է Գլխավոր ասամբլեայի կազմը եւ մասնակցությունը, ասվում է. «Գլխավոր ասամբլեան բաղկացած է անդամ-պետությունների պատվիրակներից (լիազոր-ներկայացուցիչներից): Յուրաքանչյուր անդամ-պետություն Գլխավոր ասամբլեայում ներկայացված է մեկ պատվիրակով: Յուրաքանչյուր անդամ-պետություն պետք է պատվիրակ ընտրի մշակութային արժեքների պահպանության ու վերականգնման բնագավառի հնարավորինս բարձր որակավորում ունեցող փորձագետներից եւ նախապատվությունը պետք է տալ նրանց, ովքեր ներկայացնում են այս բնագավառի մասնագիտացված հաստատությունները»: Ըստ կանոնադրության մեկ այլ կետի. «Խորհրդի անդամները Գլխավոր ասամբլեայի կողմից ընտրվում են իրենց անձնական ընդունակությունների համար. նրանք իրենց գործառույթները կատարում են ի շահ ICCROM-ի, ոչ թե որպես այս կամ այն երկրի ներկայացուցիչ»: Այնպես որ, ՀՀ մշակույթի նախարարը, որքան էլ ցանկանար, չէր կարող պարոն Նարեկ Սարգսյանին դարձնել ICCROM-ում Հայաստանի ներկայացուցիչ: Հավելենք, որ ի պաշտոնե ICCROM-ի 26-րդ Գլխավոր ասամբլեայի նիստերի աշխատանքներին կարող էր մասնակցել փոխնախարար Արեւ Սամուելյանը, ով առանձնապես չի փայլում իր ոլորտում, եւ ոչ թե պարոն Սարգսյանը, որի լիազորությունների մեջ դա չի մտնում, եւ նա ժառանգության ոլորտի պրոֆեսիոնալների կողմից ընկալվում է իբրեւ Երեւանի պատմամշակութային ժառանգության գերեզմանափոր:

Հետաքրքիր է՝ ՎՊ-ն կպարզի՞ այս գործուղման նպատակահարմարությունը, թե՞ սա էլ պարզելուց հետո տիկին Պողոսյանը աթոռին կառչելու նոր ուղիներ կփնտրի: Ի դեպ, տիկին նախարարը աշխատում է բաց չթողնել հատկապես «իտալական» գործուղումները, որովհետեւ այդ երկրում ապրում է նրա որդին, որն Իտալիայում արդեն ինչ-որ բիզնես է սկսել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել