Լրահոս
Օրվա լրահոսը

ՅԱՐՈՒԶԵԼՍԿԻ՞Ն Է ԽՆԴՐԵԼ ԽՍՀՄ-ԻՆ՝ ՄՏՆԵԼ ԼԵՀԱՍՏԱՆ

Դեկտեմբեր 10,2009 00:00

Լեհաստանում հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնց համաձայն՝ երկրի վերջին կոմունիստական առաջնորդ, գեներալ Վոյցեխ Յարուզելսկին ռազմական օգնություն է խնդրել ՍՍՀՄ-ից՝ 1981թ. ռազմական դրություն հայտարարելուց առաջ: Այդ մասին տեղեկացրել է «Լեհական ռադիոն»:

Պատմաբան Անտոնի Դուդեկը Ազգային հիշողության ինստիտուտի տեղեկագրում հրապարակել է Յարուզելսկու եւ Վարշավյան պայմանագրի երկրների միավորված ռազմական ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Կուլիկովի հեռախոսային խոսակցությունը, որից հետեւում է, որ լեհ առաջնորդը հետաքրքրվել է՝ կարո՞ղ է հույս դնել սովետական զորքերի աջակցության վրա՝ Լեհաստանում ընդդիմության զանգվածային ելույթների դեպքում:

Ներկայումս Լեհաստանում շարունակվում է Յարուզելսկու եւ ռազմական դրություն մտցնելու մյուս նախաձեռնողների դեմ դատական գործընթացը: Նախկին լեհ առաջնորդի պաշտպանության հիմնական պատճառաբանություններից մեկն այն պնդումն է, որ ռազմական դրությունը հայտարարվել էր սովետական ներխուժումը կանխելու համար: «Լեհական ռադիոն» նկատում է, որ եթե այդ հրապարակված փաստաթղթի իսկությունը հաստատվի, ապա Յարուզելսկու պաշտպանները կկորցնեն իրենց ամենաուժեղ փաստարկը: Դուդեկի կարծիքով, ԽՍՀՄ-ն ի սկզբանե մտադիր չէր Լեհաստան զորքեր ուղարկել, քանի որ զգուշանում էր Արեւմուտքի հակազդեցությունից: Հիշեցնենք, որ ռազմական դրությունը մտցվել է Լեհաստանում «Սոլիդարնոստ» արհմիության հակակառավարական ելույթների բարձրակետի ժամանակ՝ 1981թ. դեկտեմբերի լույս 13-ի գիշերը: Այդ ժամանակ երկրի իշխանությունն անցավ Ազգային փրկության ռազմական խորհրդի ձեռքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել