Եգիպտոսը ձեռնարկել է նոր մետաղե պատի կառուցումը, որը կանջատի այդ երկիրը Գազայի հատվածից՝ հաղորդում է «Հաարեց» իսրայելական թերթը: Հատուկ ամուր մետաղից կառուցված շերտերը կխորանան հողի մեջ մինչեւ 30 մետր:
Մետաղե պատերը, որոնք կձգվեն մինչեւ 10 կմ, նախատեսվում են ստորգետնյա թունելներով դեպի Գազայի հատված տարվող զենքի մաքսանենգության դեմ պայքարի համար: Եգիպտական իշխանությունները սեյսմասարքերի միջոցով նման թունելների մշտական փնտրտուքների մեջ են, սակայն մաքսանենգ զենքերի հոսքի եւ սահմանախախտումների դեմն առնել դեռեւս չի ստացվում: Փորձագետները կարծում են, որ այդ պատի կառուցումը որոշ չափով կխոչընդոտի մաքսանենգությանը, սակայն ամբողջովին չի վերացնի, քանի որ Եգիպտոսի եւ Գազայի հատվածի սահմանի երկայնքով ձգվող ավազահողը թույլ է տալիս անգամ 60մ խորության վրա թունելներ փորել: Ընդ որում, նման ստորգետնյա միջանցքները կառուցվում են բոլոր կանոնների համաձայն, որակյալ մասնագետների մասնակցությամբ: Մասնավորապես, ստորգետնյա ջրածածկ հատվածից հատուկ պոմպերով հանվում է ջուրը, իսկ կոմպրեսորները թունել են մղում թթվածին:
Իսրայելական բանակի աղբյուրները նկատում են, որ նման խորության վրա փորված թունելները հնարավոր չէ հայտնաբերել որեւէ սարքավորմամբ, եւ շատ դժվար է դրանք վերացնել երկնքից: Մեծ ուժգնության զինտեխնիկա օգտագործելու դեպքում պայթյունից կվնասվեն ոչ միայն պաղեստինյան տարածքները, այլեւ եգիպտական կողմի շինությունները: Ներկայումս այդ ստորգետնյա թունելներով, որոնք տասնյակներով կառուցվում են Գազայի հատվածում եւ Եգիպտոսի սահմանին, պաղեստինյան հատված են հասցվում ոչ միայն զենք եւ պայթուցիկներ, այլեւ շինանյութեր, որոնց մուտքը Գազա՝ արգելված է Իսրայելի կառավարության կողմից: