Երեկ ԵՊՀ-ում տեղի է ունեցել հայ ականավոր գիտնական, պետական ու քաղաքական գործիչ Ջոն Կիրակոսյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական նիստ: Բացման խոսքով հանդես է եկել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, որը, ըստ ԵՊՀ կայքէջի, ասել է, թե դժվար է խոսել Ջոն Կիրակոսյանի մասին, քանի որ խոսքը մեծ անհատականության մասին է, ով մեր պատմության ոսկե էջերում է, միեւնույն ժամանակ հեշտ է նրա մասին խոսել, որովհետեւ մեծ է նրա հռչակը, ու գրեթե ամեն հայ մարդ լսել է Ջոն Կիրակոսյանի անունը:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը ներկայացրեց դիվանագետի կենսագրությունն ու անցած ճանապարհը. «Նա Հայաստանում պատրաստված միջազգայնագետների առաջին սերնդից էր, ով ապացուցեց, որ նույնիսկ ԽՍՀՄ կազմում հնարավոր է մշակել եւ վարել հայակենտրոն արտաքին քաղաքականություն»:
ԳԱԱ հայագիտության եւ հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը Ջոն Կիրակոսյանի դասընկերներից է: «1960-ականներին հայ դիվանագիտության, պատմության եւ գրականության մեջ զարթոնք էր: Ջոն Կիրակոսյանն այս շրջանն օգտագործեց՝ մի շարք համարձակ աշխատություններ հրատարակելու համար»,- ասել է նա: Իսկ ԳԱԱ պատմության ամբիոնի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը Ջոն Կիրակոսյանին համարել է քաղաքական հայագիտության հիմնադիր: