Լրահոս
Օրվա լրահոսը

70 տարի՝ նույն ֆակուլտետում

Դեկտեմբեր 10,2009 00:00

Երեկ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քիմիական տեխնոլոգիաների եւ բնապահպանական ճարտարագիտական ֆակուլտետը կազմակերպել էր նույն ֆակուլտետի երկարամյա դեկան, ֆիզիկական եւ կոլորիտ քիմիայի ամբիոնի վարիչ, բազմավաստակ դասախոս, գիտությունների թեկնածու, դոցենտ Արտաշես Հովհաննիսյանի 100-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություն:

Արտաշես Հովհաննիսյանը ֆակուլտետը ղեկավարել է 1958-72 թթ., իսկ 1967-72 թթ.-ին եղել է ֆիզիկական եւ կոլորիտ քիմիայի ամբիոնի վարիչ:

Հոբելյանական միջոցառմանը ներկա էին դեկանի նախկին աշխատակիցները, ընկերները, ուսանողները:

Ըստ տեսական քիմիայի ամբիոնի դոցենտ Ալիսա Կալպակյանի, Արտաշես Հովհաննիսյանը մեծ վաստակ ունի ֆակուլտետի կազմակերպման հարցում. «Այժմյան դասախոսները նրա սաներն են եղել, մեծ գիտամանկավարժական ստաժ ունի, շատ գիտամեթոդական հոդվածների հեղինակ է: Որպես դասախոս նա շատ բանիմաց էր, հետաքրքիր, բարձր կուլտուրայով, դերասանական մեծ վարպետությամբ օժտված: Մեծ հետաքրքրությամբ էի ներկա գտնվում նրա դասերին»:

Տեսական քիմիայի ամբիոնի դոցենտ, քիմիական գիտությունների թեկնածու Գեւորգ Սոլոյանը նույնպես ուսուցանել է Ա. Հովհաննիսյանի կուրսում. «Երբ ես ընդունվեցի համալսարան, Արտաշես Հովհաննիսյանն այդ ժամանակ արդեն դեկանի պաշտոնում էր: Երկար տարիներ նրա ղեկավարությամբ եմ աշխատել եւ միշտ հիացել եմ նրա ստեղծած գործնական մթնոլորտով: Նա հատկապես մեծ նպաստ է ունեցել երիտասարդ մասնագետների պատրաստման գործում: Նա իր ողջ գիտակցական կյանքն անց է կացրել այս ֆակուլտետում՝ 1933 թվականից մինչեւ 90-ականների սկիզբը:

Որպես դասախոս՝ շատ սիրված եւ հարգված էր ուսանողության կողմից: Նրանից շատ բան սովորելու ձգտում բոլորի մոտ եղել է՝ եւ ուսանողների, եւ աշխատողների, եւ նրան ճանաչողների»:

Թե ֆակուլտետում ինչ փոփոխություններ են եղել երկարամյա դեկանից հետո, Գ. Սոլոյանը նկատեց. «Նրա օրոք կրթական մակարդակը, օրենքները, դրվածքներն այլ էին: Այն ժամանակ գոյություն ունեին արդեն կայացած որոշակի դրույթներ, որոնց հիման վրա բարձրագույն կրթությունը ձեւավորված էր, եւ նա իր հնարավորությունների սահմաններում այդ աշխատանքները ավելի բարձր մակարդակի վրա էր դնում՝ հագեցնելով լաբորատորիաները նոր գործիքներով, սարքավորումներով, նրա օրոք ամեն ինչ բարձր մակարդակի վրա էր, բայց շուտով ամեն ինչ փոխվեց, այսօր ամեն ինչ այլ է եւ համեմատման ենթակա չէ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել