Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:
Միջազգային հանրությունը, սահմանելով այս օրը, առիթ է տալիս տարբեր երկրների հասարակության անդամներին հատկապես տարվա այդ օրը բարձրաձայնել, խոսել, անհրաժեշտության դեպքում՝ աղաղակել իրենց երկրներում մարդու իրավունքների վիճակի մասին: Մեր երկրի պարագայում մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների մասին մենք պարտավոր ենք աղաղակել ամեն վայրկյան եւ ամեն քայլափոխի:
Երկրում անհրաժեշտ են փոփոխություններ, որոնք կմեղմեն քաղաքական, սոցիալական պատճառներով հասարակության մեջ առկա լարվածությունն ու կնպաստեն իրական, այլ ոչ ձեւական կայունությանն ու իշխանությունների նկատմամբ վստահության վերականգնմանը, որն անհրաժեշտ է թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը: ՀՀԿ 12-րդ համագումարում խոսեցիք փոփոխությունների անհրաժեշտության մասին՝ շեշտելով, որ եթե ուզում ես մի բան փոխել շուրջդ, պետք է սկսես քեզանից:
Իսկ որպես «նախագահական ընտրություններին հետեւած իրադարձությունների» պատճառ՝ նշեցիք, որ ընտրական համակարգի, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, մամուլի, հավաքների ազատության, մյուս ազատությունների ոչ լիարժեք կայացվածությունն է, որ չարությանն ու անհանդուրժողականությանը հնարավորություն է տալիս գլուխ բարձրացնել՝ հանգեցնելով հասարակական-քաղաքական ճգնաժամերի: Նկատենք, որ կեղծված ընտրությունների եւ ճչացող սոցիալական անարդարությունների դեմ ուղղված ժողովրդի բողոքը որակվեց որպես «չարություն ու անհանդուրժողականություն»:
Հարգելի պարոն նախագահ, որպես երկրի Մայր օրենքով՝ Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների երաշխավոր եւ պատասխանատու, լավ է, որ նշում եք երկրում «գլուխ բարձրացող չարությունն ու անհանդուրժողականությունը» ծնող պատճառների մասին, սակայն երբ որպես ելք ընդամենն առաջարկում եք «բոլոր պետական, քաղաքական, տնտեսական, հասարակական ինստիտուտների հետագա զարգացմանն ու վերջնական կայացմանն ուղղված արդյունավետ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը», ապա նույնիսկ հանրապետականներից շատերը լռելյայն չեն հավատա Ձեզ, որովհետեւ ամենալավն իրենք գիտեն, թե հատկապես նորանկախ Հայաստանում իշխանություններն իրենց աթոռը պահելու համար որքան են հմտացել ընտրությունները կեղծելու, քաղաքացիների նկատմամբ բռնություններ կիրառելու, կաշառակերության, շողոքորթության, օրենքները շրջանցելու, հարկերը չմուծելու, պետական փողերը փոշիացնելու մեջ: Ու նրանք լուռ, շատ լուրջ դեմքերով լսելով ու ծափահարելով Ձեզ՝ շարունակելու են գործել այնպես, ինչպես սովոր են եւ ինչպես ընդունված է, որովհետեւ անպատժելիությունն ու անօրինականությունն է թագավորում մեզանում: Դուք Ձեր ամբողջ ելույթի մեջ ոչ մի անգամ չարտասանեցիք «օրենք եւ օրինականություն» բառերը: Ինչպես խոստացել էիք դեռեւս վարչապետության օրոք, չսկսեցիք Ձեզանից՝ ասելով, որ «ինձնից սկսած՝ օրենքի առաջ բոլորս հավասար ենք», չասացիք, որ մեր ժողովուրդը մեզ չի վստահում, որովհետեւ ընտրական համակարգի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, մամուլի, մյուս ազատությունների ոչ լիարժեք կայացվածության մեղավորները գործող պաշտոնյաներն են, ովքեր իրենց պարտականությունները վատագույնս կատարելու, քաղաքացիների իրավունքներն աջ ու ձախ ոտնահարելու հետեւանքով միայն չարություն ու անհանդուրժողականություն են տարածում հասարակության մեջ, ովքեր ոչ միայն չլսելու ու չտեսնելու են տալիս տեղի ունեցող ոճիրները, այլեւ լռելյայն քաջալերում են դրանք: Այսքանից հետո ասում եք, որ ամենաօրինակելին հենց առաջնորդող ուժը պետք է լինի, որպեսզի երկիրը տանի առաջ ու վերեւ, այն դեպքում, երբ Ձեր նախագահությամբ երկրում շարունակվում է կեղեքիչ եւ մարդահալած քաղաքականություն:
Ի դեպ, պարոն նախագահ, Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունների մեջ, որպես ողբերգության ծնող պատճառ, արվել են իրականությունն արտահայտող ավելի լուրջ, ինչ-որ չափով համակարգային փոփոխությունների առաջարկություններ:
Նույն մտքերը, տարբեր բառապաշարով, հնչում են նաեւ ընդդիմության հանրահավաքներում, որի համար, սակայն, ժողովուրդը հալածվեց ու ծեծվեց, եւ տասը մարդ գնդակահարվեց: Եվ այսօր մարդասպաններին փնտրելու եւ դատելու փոխարեն դատվում են այն մարդիկ, ովքեր այլ բառապաշարով համարձակվել են ասել նույնը, ինչ Դուք եք ասում:
Պարոն նախագահ, քանի դեռ Ձեր ելույթներում չի օգտագործվում «օրենք» բառը եւ չի հնչում այն պատասխանատու մտահոգությունը, որ մարդու իրավունքները պաշտպանված չեն մեր երկրում, օրենքի շրջանակում գործելու հրամայականը Ձեր կողմից դրված չէ իշխանությունների առաջ եւ չեն տրվում անհրաժեշտ հանձնարարականներ, որոնց հետ համամիտ կլինի հասարակությունը, ցավում եմ, ոչ մի արտաքին ու ներքին մարտահրավեր չի լուծվի մեր երկրի օգտին:
ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր