Մեր հասարակությունը պատրաստ չէ՞ մերժել կոռուպցիան
Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հանդիպում էր կազմակերպվել Շահերի պաշտպանության աջակցության Սյունիքի կենտրոնում: Մասնակցում էին մարզպետարանի, դատախազության, պետական եւ շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ: Իսկ կենտրոնի կամավորները հակակոռուպցիոն բովանդակությամբ գովազդային նյութեր էին բաժանել ողջ մարզում:
Կենտրոնի մեկ տարվա գործունեության մասին խոսելով, ՇՊԱԿ համակագրող Տիգրան Ստեփանյանը ասաց, որ մեկ տարում 300-ից ավելի իրավաբանական խորհրդատվություն են անցկացրել եւ դատարաններում շահել 10 գործ: Տիգրան Ստեփանյանի խոսքով, իրենց դիմում են կոռուպցիոն տարբեր երեւույթների բախված քաղաքացիները: Օրինակ, Սիսիանի տարածաշրջանի Սարավան գյուղի գյուղապետը հողի հարկը չվճարելու համար հրաժարվել է գյուղացիներից մեկին տեղեկանք տալ: Իսկ քաղաքացիական կացության ակտերի գրացման Կապանի բաժին դիմած քաղաքացին ցանկացել է փոխել երեխայի անունը եւ մերժում է ստացել: ՇՊԱԿ-ի օգնությամբ այս հարցերը լուծվել են, սակայն ՇՊԱԿ ներկայացուցիչները արձանագրում են, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը շատ դժվարությամբ է գործում եւ հաճախ օրենքով սահմանված ժամանակահատվածում հնարավոր չի լինում տեղեկատվություն ստանալ, ինչն էլ խոչընդոտում է աշխատանքներին: Մյուս կողմից էլ հասարակությունն է պասիվ՝ իրենց իրավունքների համար չեն պայքարում նրանք, ովքեր կոռուպցիայի զոհ են դարձել:
Այն, որ կոռուպցիոն մթնոլորտ է իշխում բոլոր կառույցներում՝ հանդիպման մասնակիցները չժխտեցին, բայց եղան կարծիքներ, թե մեր հասարակությունը պատրաստ չէ մերժել կոռուպցիան եւ հենց այդպիսի հասարակությունն է, որ մեծ ներդրում ունի կոռուպցիայի զարգացման գործում: Անհրաժեշտ է համաժողովրդական պայքար եւ միայն հակակոռուպցիոն մթնոլորտի ձեւավորմամբ հնարավոր կլինի լիարժեք պայքարել այս արատավոր երեւույթի եւ չարիքի դեմ:
Հանդիպման մասնակից, փաստաբան Արշավիր Խալափյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց մի կոռուպցիոն երեւույթի վրա: «ԱրմենՏել» ընկերությունը փորձում է կեղծված պայմանագրերի միջոցով կապանցիներից գումարներ շորթել: Կապանի բնակիչ Լեւոն Աբրահամյանը ծանր հիվանդ է եղել, մահամերձ, բջջային հեռախոս չի օգտագործել, բայց պարզվել է, որ նա «ԱրմենՏելին» պարտք է 148 691 դրամ: Լեւոն Աբրահամյանը այդ մասին իմացել է դատարանից ծանուցագիր ստանալուց հետո: «Կեղծ պայմանագիրը կնքել են 2006 թվականի դեկտեմբերի 12-ին, իսկ հեռախոսակապի ծառայությունը «ԱրմենՏելը» դադարեցրել է 2007-ի մարտի 31-ին: Բնակիչը տեղյակ չի եղել եւ վճարումներ չի արել: Զարմանալի է, ինչո՞ւ է «ԱրմենՏելը» շարունակել դեռ չորս ամիս ծառայություններ մատուցել եւ միայն երկուսուկես տարի անց՝ 2009-ի օգոստոսին է դիմել դատարան»,- նկատեց փաստաբանը, նշելով, որ «ԱրմենՏելի» իրավաբանական վարչությունը անպատասխան է թողել իր հարցումները: Լեւոն Աբրահամյանը գործի քննության ժամանակ մահացել է, գործի վարույթը կարճվել է, նրա աղջիկն էլ չի վստահում հայկական արդարադատությանը եւ չի փորձում հասնել արդարության: Ի դեպ, կեղծ պայմանագրերում «ԱրմենՏելի» ներկայացուցչի ստորագրության դիմաց անուն-ազգանուն չկա, փոխարենը կան բազմաթիվ կապանցիներ, որ այս կեղծ պայմանագրերի զոհն են դարձել:
Մեծ ծավալների հասած կոռուպցիան վերացնելու համար առաջին հերթին պետք է մարդիկ տեղեկացված լինեն եւ պաշտպանեն իրենց իրավունքները, սա էր հավաքի ամփոփումը:
Տավուշը հիմն ունի
Տավուշի մարզպետը մարզի համայնքապետերին տրամադրել է Տավուշի մարզի հիմնը: Այն բավական երկար է՝ շուրջ 7 րոպե, եւ ավելի շատ հայրենասիրական երգ է հիշեցնում՝ խրոխտ հնչերանգներով: Օրհներգում փառաբանվում են մարզի հինավուրց պատմությունը, քաջ զավակները: Անհասկանալի է միայն, թե ինչու այնտեղ նշվում է նաեւ թուրքական ծագում ունեցող Շամշադին անունը, երբ բարեհունչ Տավուշը տարածաշրջանի անունից դարձել է ողջ մարզի անվանումը: Մխիթարվենք, որ գոնե կրկներգում օտար անունը չի հնչում:
Իջեւան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան.
Միշտ կանաչ ծառ ու ծաղկով պատված բուրաստան,
Աղստեւ, Հախում, Տավուշ, Դեբեդ գետերով,
Տավուշը միշտ անհաղթ է իր զավակներով:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
«Բարին արա»
Հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 20-ը «Հայկական Կարիտաս» բարեգործական հ/կ-ն, «Խաչվող ուղիներ» սոցիալական հ/կ-ն՝ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության հետ համատեղ, Վանաձոր քաղաքի դպրոցներում անցկացրին «Բարին արա» բարեգործական ակցիան, որի ընթացքում երեխաները ներկայացրել են սեփական ստեղծագործությունները ու նաեւ Վանաձորը մաքուր տեսնելու եւ պահելու միջոցառումներ կազմակերպել: Դեկտեմբերի 8-ին ամփոփվեցին ակցիայի արդյունքները:
«Մեկ ամսից ավելի Վանաձորի մի շարք հանրակրթական դպրոցներում եւ ուսումնական հաստատություններում բարության շունչն էր թեւածում»,- ասաց «Խաչվող ուղիներ» հ/կ-ի հանրային հարաբերությունների պատասխանատու Հասմիկ Հովսեփյանը: Մրցանակները բաշխվեցին 15 անվանակարգերում՝ «Ամենայուրօրինակ բարության կամուրջներ», «Բարի կամեցողություն», «Բարին գեղարվեստում» եւ այլն: Գլխավոր մրցանակին արժանացավ քաղաքի թիվ 23 միջնակարգ դպրոցը, 5-րդ ավագ դպրոցը հաղթող ճանաչվեց միանգամից 3 անվանակարգերում՝ «Մաքուր Վանաձոր», «Ամենաակտիվ սաներ», «Ամենաբարի ստեղծագործություն»: Հաղթող դպրոցները, ինչպես նաեւ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտն ու պետական բժշկական քոլեջը արժանացան պատվոգրերի, մեդալների եւ նվերների: Ներկաները դիտեցին նաեւ թիվ 28 միջնակարգ դպրոցի՝ բարության մասին պատմող ֆիլմը (ի դեպ՝ միայն այդ դպրոցն էր ֆիլմ ներկայացրել):
Ծրագրի աշխատանքները լուսաբանելու համար պատվոգրեր ստացան Վանաձորի «Լոռի» եւ «9 ալիք» հեռուստաընկերությունները:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԴԱՐՅԱՆ