ՀՀԿ-ի սատարած թեկնածուն զբաղեցրեց վերջին տեղը
«Առավոտի» նոյեմբերի 5-ի, 24-ի, 25-ի համարներում անդրադարձել ենք Տավուշի մարզի Աչաջուր համայնքում գյուղապետի ընտրությանը եւ տեղեկացրել, որ հինգ թեկնածուներից երկուսը հանրապետական են: Տեղեկացրել ենք նաեւ, որ Աչաջրի գյուղապետի նոյեմբերի 22-ին կայացած ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել եւ դեկտեմբերի 13-ին նոր ընտրություն է լինելու: Դեկտեմբերի 4-ին տեղեկացրել ենք, որ Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի ղեկավար Սեյրան Անանյանի հանկարծամահ լինելուց հետո, դեկտեմբերի 6-ին այս գյուղը գյուղապետ կընտրի ու էլի հանրապետականն ընդդեմ հանրապետականի. ընտրությանը մասնակցող չորս թեկնածուներից երկուսը հանրապետական են:
Ի տարբերություն Տավուշի Աչաջրի, Լոռու Մարգահովիտում ընտրությունները կայացել են: Մարգահովիտ համայնքի ղեկավար է ընտրվել հանգուցյալ գյուղապետի եղբայր, 2007-2009 հատվածում նրա տեղակալ Սամվել Անանյանը: Մարգահովիտի 2747 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 1769-ը:
Ընտրության արդյունքներից ոչ ոք չի դժգոհում, մեկ մարդու նման ասում են, որ ընտրություններն անցան հաշտ ու համերաշխ մթնոլորտում: Բայց 14 տարվա հանրապետական, 608 քվեով գյուղապետ ընտրված Սամվել Անանյանը դժգոհ է իր հարազատ կուսակցության՝ այս հարցում վարած քաղաքականությունից. «Ճիշտ է, ես իրենց օգնության կարիքը չունեի, չեմ էլ դիմել, բայց ո՞նց կարելի է պաշտպանել ու վստահել 3 օրվա հանրապետականին», իր մրցակից Գառնիկ Մալաքյանին նկատի ունենալով՝ հայտարարեց նորընտիր գյուղապետը: Նվազագույն՝ 269 քվե ստացած Գառնիկ Մալաքյանն էլ հակադարձում է. «Մտադրված պաշտպանություն չկար, որքանով հարմար գտան, այնքանով պաշտպանեցին, բայց իմաստ կա՞ էլ էդ մասին խոսել»:
Նորընտիր գյուղապետին ընդամենը 65 քվեով է զիջել անկուսակցական Սարո Դերձյանը, ում համար այս ընտրությունների անակնկալը անվավեր քվեաթերթիկների մեջ իր օգտին քվեարկածների մեծ քանակն էր՝ 36-ից 20-ը:
ՕԵԿ թեկնածու Գուրգեն Պողոսյանը հավաքել է 285 քվե եւ իր պարտությունը ամենեւին չի պայմանավորում կուսակցական պատկանելությամբ: Նրա կարծիքով, մրցակիցների կողմից տարվող հակագովազդն էր անհաջողության պատճառը. «Նախընտրական փուլում շատ վատ բաներ էին խոսում իմ մասին, որ էդ խոսքերն ինձ էին հասնում՝ ես էլ էի փշաքաղում»: Իսկ թե ինչո՞ւ է լռել հարցին՝ Գուրգեն Պողոսյանը կարճ պատասխանում է. «Չեմ ուզում ոչինչ ասել»:
Նորընտիր գյուղապետ Սամվել Անանյանը չի սպասելու պաշտոնավարման պաշտոնական մեկնարկին, արդեն իսկ սկսել է աշխատել: Նա առաջնային է համարում հանդիսությունների սրահ կառուցելը, որ ուրախ կամ տխուր առիթների դեպքում գյուղացիները ստիպված չլինեն մի կլորիկ` 80 հազարին մոտ գումար վճարել որեւէ գործարարի: