Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ

Դեկտեմբեր 10,2009 00:00

\"\"Այս օրը կհնչեն զգացմունքային իրավապաշտպանության ոլորտին առնչվող բառակապակցություններ, «նորահայտ իրավապաշտպանները» կներկայացնեն «քաղվածքներ» իրականության սրտաճմլիկ ամփոփագրերից: Ստորեւ տպագրվելիք նամակը միակը չէ: Այն ուղղված է ակամա իրավապաշտպան դարձածներին:

1937թ. «տրոյկաներից» ոչնչով չտարբերվող ՀՀ իշխանությունների օրոք գործող մեր իրավական համակարգի անմեղ հարյուրավոր զոհերից հերթականը դառնալուցս ընդամենը 2 շաբաթ անց ՀՀ ԱԺ կողմից ընդունվեց «համաներման» մասին որոշումը: Օրենքի ուժով պետք է անհապաղ ազատ արձակվեի, սակայն առայսօր էլ շարունակում եմ բանտում շղթայված մնալ:

Առայսօր էլ դեռ չեմ կարողացել ընկալել իմ՝ ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերում անցկացրած զինվորական ծառայության, հատկապես՝ մարտական գործողություններին մասնակից լինելու առթիվ տասնյակներով անհերքելի փաստերը, դրանք ունենալով հանդերձ հայ հանրություն ներկայացնելու առթիվ ձեզ բազմաթիվ անգամներ դիմելու, դրանք անպատասխան թողնելու ձեր անհասկանալի վարքագիծը:

4 ամսից ավելի է, որ ինձ չեք այցելում: Ձեզ հասցեագրված իմ ոչ մի դիմում-պահանջ որեւէ պատասխանի չի արժանանում: Ինձ, ըստ ձեր գրասենյակներից տրված տեղեկությունների, պատասխանում են, որ անընդհատ արտասահմանյան երկրներ գործուղման եք մեկնել, ինչ-ինչ ժողովների, սեմինարի, կոնֆերանսի մասնակցելու նպատակով: Ենթադրում եմ, որ ձեր ՀՀ-ից բացակայություններն առնչվում են մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արվելիք քայլերին, որոնք ողջունելի եմ համարում: Սակայն տեղին է նաեւ հիշել ու ձեզ հիշեցնել մեր ժողովրդի իմաստուն խոսքերից մեկը. «Նաղդը թողած, ինչո՞ւ եք նիսյայի ետեւից ընկել»: Իրավապաշտպանության դաշտը 24 ժամ շարունակ մշակման կարիք ունի: Այստեղ՝ Հայաստանում: Ոչ մի օտար մեր իսկ երկրում մարդու իրավունքների պաշտպանության համար ավելի շահագրգռված չի լինի, քան մենք՝ ինքներս:

Ինձ հետ կատարվածը ձեզ լիովին հերիք էր՝ ցույց տալու համար Հայաստանում իշխանությունը բռնազավթողների ապօրինությունները, սակայն դուք այդ առթիվ հարկ եղած դեպքում թերանում եք:

Ձեզ սպասելիս, բնականաբար, ուզում էի քաջալերել՝ Հայաստանի ամենաարժեքավոր գանձ հանդիսացող ՄԱՐԴ արարածին պաշտպանելու առաքելությամբ զբաղվելու վաղուց ձեր կամքով որոշած գործում:

Ցավում եմ, որ առայսօր խուսափում եք իմ եւ իմ բոլոր ընկերներին այցելել, մեր դեմ իրականացվող քաղաքական հաշվերհարդարը անտեսելու եք տալիս, ՀՀ իշխանությունների կողմից կատարվող բռնաճնշումների, անմարդկային վերաբերմունքի, անասնական վրեժխնդրության տարատեսակ դրսեւորումների դեմ ձայն չեք բարձրացնում: Այս տողերը գրում եմ մեծագույն ցավով ու հուզումով:

Ափսոսում եմ, որ 21-րդ դարում մեր երկրում, դրա իրականացման, զարգացման համար մեծ վաստակ ունեցող ՀԱՅ ՄԱՐԴՆ իրեն այլախոհ լինելու համար իբրեւ պատանդ է շղթայված մնում:

Նրանցից շատերը մեր հայրենիքի ազատության համար, ձեր, հազարավոր մարդկանց տեղն են իրենց սեփական կյանքը անձնազոհությամբ նվիրել:

Ուզում եմ, որ դուք ձեր իսկ որոշմամբ նվիրված գործին արժանի հարթության վրա գտնվեք:

Թողեք արտասահմանյան ճանապարհորդությունները, եկեք Հայաստան, վերադարձեք ներկա:

Պայքարեք մեր ազատության համար, եւ հավատացեք, որ ձեր երեխաների հետ արժանի Հայաստանում կապրեք:

ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆ

ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել