Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լրտեսության գործով

Դեկտեմբեր 10,2009 00:00

ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, Աշտարակի «Նոր Եդեսիա» ջոկատի հրամանատար Գեւորգ Հայրապետյանը դեռեւս գտնվում է արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում:

Նա մեղադրվում է հարեւան պետության օգտին լրտեսություն կատարելու համար:

«Առավոտին», ինչպես նաեւ իր մարտական ընկերներին ուղղված նամակում նա գրում է, որ երբեք չի դավաճանել հայրենիքին, որ իր նկատմամբ առաջադրվել է շինծու մեղադրանք:

Գ. Հայրապետյանը տեղեկացնում է, որ իրեն ԱԱԾ մարմինները ձերբակալել են այս տարվա սեպտեմբերի 2-ին՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար: Այնինչ՝ պաշտոնական հաղորդագրություն են տարածել, թե իրեն ձերբակալել են հոկտեմբերի 22-ին՝ լրտեսության համար:

«Ես, եղբայրս, կնոջս եղբայրը՝ մեր ընտանիքներով 1994-ից ապրում ենք Քարվաճառում: Այնտեղ մեծ ծավալի շինարարական աշխատանքներ եմ կատարել, վերանորոգել եկեղեցիները, մատուռները, բազմաթիվ խաչքարեր: Ունեմ մեծ ագարակ, զբաղվում եմ անասնապահությամբ եւ մեղվաբուծությամբ: Օգնել եմ շատուշատ ընտանիքների՝ ազատագրված տարածքներում բնակվելու նպատակով», նշում է նա:

Գ. Հայրապետյանը հավելում է, որ իր երկու որդիները ծառայում են Քարվաճառի առաջին գծում: Մի որդին բանակում ստացել է բազմաթիվ կոտրվածքներ եւ ներկայումս անաշխատունակ է:

Գ. Հայրապետյանը հայտնում է, որ Վրաստանի քաղաքացի Օթար Դատունաշվիլու հետ շփվել է բիզնեսի հարցերով, իսկ «բիզնեսը ազգություն չի ճանաչում»:

«Չգիտեմ, թե ԱԱԾ-ն ի՞նչ տեղեկություններ է ձեռք բերել Օթար Դատունաշվիլու մասին: Ես 20 տարուց ավելի լծվել եմ Արցախի ազատագրման սուրբ գործին, 3 անգամ վիրավորվել եմ, 1994թ.-ից պահեստի գեներալ-մայոր եմ, եղել եմ ՀՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի առաջին տեղակալը: 2007թ.-ից, երբ շաքարախտի հետ կապված բուժում էի ստանում զինվորական հոսպիտալում, հեռացվել եմ ՊՆ-ից՝ առանց պատճառաբանելու: Անգամ չեմ ստացել իմ երեք ամիսների աշխատավարձը», գրում է կալանավորը: Վերջինս տեղեկացնում է, որ իր դեմ օրեր առաջ ցուցմունք է տվել խցի ընկերը՝ հայտնի երգչուհու հայտնի եղբայրը (ԱԱԾ գործակալ), հայտնելով, որ ազատամարտիկը «խոստովանել» է դավաճանության մասին. «Մեր խցում եղել է շուրջ 15 մարդ: Անհասկանալի է, թե ինչպես եմ խոստովանել հենց այդ մարդուն, ինչպես է, որ մյուսները չեն լսել իմ պատմածների մասին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել