Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

7-ից մեկի սիրտը վիրահատում են

Դեկտեմբեր 10,2009 00:00

Ըստ վիճակագրության, մեր երկրում 1000 բնակչից 7-ը սրտի գանգատներով դիմում էն բժշկի

«Սրտային հիվանդությունները ՀՀ-ում առաջնային դիրքեր են զբաղեցնում, քանի որ այդ հիվանդություններով հիվանդացության մակարդակը շատ բարձր է եւ, ցավոք, աճելու միտում ունի: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է մեր երկրում սրտաբանության զարգացմանը եւ եվրոպական ստանդարտների համապատասխանեցմանը առանձնակի ուշադրություն դարձնել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի (ՀԱՍԿ) տնօրեն, բժիշկ Սմբատ Ջամալյանը: Ըստ նրա, այդ նպատակով յուրաքանչյուր տարի մեր երկիր են հրավիրվում ԱՄՆ-ից եւ Եվրոպայի առաջատար սրտաբանական կենտրոններից փորձառու մասնագետներ:

Ս. Ջամալյանի ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն, 1000 բնակչից 7-ը դիմում է սրտի առիթմոլոգիական հիվանդությամբ եւ նրանցից միայն մեկի դեպքում է պարտադիր վիրահատությունը: Ամեն տարի ՀԱՍԿ-ը կազմակերպում է սեմինարներ՝ նվիրված սրտաբանության ոլորտում ուշագրավ թեմաներին: «Այս տարի առաջին անգամ կազմակերպել էինք բուժքույրերի համար առանձին սեմինար-դասախոսություն, որը հնարավորություն ընձեռեց Հայաստանի բժշկական կենտրոնների բուժքույրերին փոխանակել իրենց աշխատանքային փորձի ընթացքում կուտակված գիտելիքներն ու օգտակար խորհուրդները»,-ասաց պարոն Ջամալյանը: Ըստ սրտաբանի՝ շատ կարեւոր է, որպեսզի առիթմոլոգիական հիվանդությունները եւ սրտի արատները հայտնաբերվեն վաղ շրջանում, ինչպես նաեւ պտղի սրտի զննումը, ինչը շատ գինեկոլոգների կողմից անտեսվում է. «Շատ դեպքերում անհրաժեշտություն է լինում ընդհատել հղիությունը, բայց քանի որ գինեկոլոգները ուշադիր չեն պտղի սրտի առողջությանը, ծննդաբերություններից հետո մանկական սրտաբանների դերը առավելագույնս կարեւորվում է երեխայի կյանքը փրկելու, նրան հսկողության տակ պահելու եւ ճիշտ ժամանակին միջամտելու առումով: Հիվանդները գանգատների դեպքում պետք է ժամանակին դիմեն բժշկի եւ դիմեն ոչ թե պարզապես հիվանդանոց, այլ կոնկրետ մասնագիտացված հիվանդանոց: Մեր կենտրոնը ՀՀ-ում միակն է, որն ունի կոնկրետ առիթմոլոգիական ուղղվածություն, իսկ առիթմիաները այն հիվանդություններն են, որոնք առանձնակի մասնագիտական մոտեցում են պահանջում»:

Պարոն Ջամալյանի ներկայացմամբ, սրտի հետ կապված խնդիրների պարագայում ժառանգականության գործոնը նույնպես դեր է խաղում, բայցեւ լինում են դեպքեր, երբ պտղի մոտ ձեւավորվում են որոշ սրտաբանական խնդիրներ՝ առանց ժառանգական նախատրամադրվածության գործոնի: «Նույն կերպ, եթե ծնողներից մեկը կամ երկուսը ունեն սրտային հիվանդություն, դա չի նշանակում, որ երեխաները նույնպես պետք է ունենան այդպիսի հիվանդություններ: Երեխան կարող է ունենալ բացարձակ առողջ սիրտ»,- հավաստեց սրտաբան Ս. Ջամալյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել