Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵՓՈԽՎԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Դեկտեմբեր 10,2009 00:00

Այս առումով Հայաստանում որոշ բաներ արդեն արվել են, սակայն ծառայությունների շարունակականությունը դեռեւս լիարժեք չէ։

\"\"\"\"
Սթիվեն Ալենը եւ Լեյլի Մոշիրին:

«Շատ դժվար է գնահատականներ տալ Հայաստանում երեխաների իրավունքների հետ կապված իրավիճակի մասին։ Հեշտ է գնահատել ՀՆԱ-ի տվյալները, մանկամահացության ցուցանիշները հաշվարկել՝ բա՞րձր են, թե՝ ոչ, սակայն երեխաների պաշտպանությունը գնահատելը դժվար գործ է։ Ասեմ, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը չի ցանկանում տեսնել լուսանկար, այլ ցանկանում է տեսնել շարժ՝ լավագույն լուծումներով եւ առաջընթացով։ Կարող եմ միայն ասել, որ երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված՝ Հայաստանը բավականին լուրջ առաջընթաց գրանցել է արդեն։ Չնայած կան ծրագրեր, որոնք ավարտված չեն, մասնավորապես՝ երեխաների սոցիալական պաշտպանությունը։ Հիմա մենք նոր ցուցիչ ենք դրել մեր առջեւ՝ ուսումնասիրում ենք, թե որքանով են կառավարությունները հետին պլան մղել երեխաների սոցիալական պաշտպանությունը տնտեսական ճգնաժամի պայմաններում»,- ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ԱՊՀ եւ ԿԱԵ (Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի) տարածաշրջանի ղեկավար Սթիվեն Ալենն այսպես պատասխանեց «Առավոտի» այն հարցին, թե ի՞նչ մակարդակի վրա է երեխայի պաշտպանությունը Հայաստանում։ Իսկ թե որքանո՞վ է համաշխարհային տնտեսական ճգնաժամը կրճատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերը, պարոն Ալենը պատասխանեց. «Մենք ֆինանսապես բավականին կայուն ընկերություն ենք։ Կարելի է ասել, որ էական, կարեւոր ծրագրերը չեն կրճատվել։ Համենայնդեպս, կրճատումները չեն անդրադարձել Հայաստանի եւ տարածաշրջանի այլ երկրների գերակայությունների վրա»։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Լեյլի Մոշիրիի կարծիքով էլ՝ երեխաների պաշտպանության հետ կապված բարեփոխումներ մեր երկրում իրականացվել են. «Տեղին են եղել այդ բարեփոխումները, սակայն կան դեռ խնդիրներ, օրինակ՝ չունենք բավարար մակարդակի մասնագետներ, որոնք երեխային առնչվող յուրահատուկ դեպքերին կարողանան արձագանքել ժամանակին եւ տեղին։ Երբ մենք խոսում ենք երեխաների պաշտպանության մասին՝ խոսում ենք բռնությունից, շահագործումից եւ անտեսումից պաշտպանելու մասին։ Մենք պաշտպանության համակարգը պատկերացնում ենք այսպես՝ սկզբում պետք է երեխային հայտնաբերել, այսինքն՝ եթե բռնություն է եղել, ապա զոհին պետք է վերականգնողական կենտրոն տանել, այնուհետեւ ուղղորդել, այսինքն՝ որոշել, թե որտեղ պետք է գնա երեխան։ Այս համակարգը պահանջում է համապատասխան գիտելիքներ եւ կարողություններ, ինչպես նաեւ դեպքի ճիշտ վարում։

Հայաստանում այսօր ծառայությունների շարունակականությունը լիարժեք չէ դեռեւս։ Ամենակարեւոր խնդիրն այն է, թե ուր պետք է ուղղորդել երեխային, այսինքն՝ այն կարեւոր օղակը, որը պետք է զբաղվի երեխայի տեղավորմամբ, գոյություն չունի։ Նախկին քաղաքականությունն այնպիսին էր, որ եթե ընտանիքում նպաստավոր չեն պայմանները, ապա պետությունը պետք է իր վրա վերցնի երեխայի դաստիարակությունը, սակայն այսօրվա մեր քաղաքականությունն այդպիսին չէ։ Եթե երեխային տանում են հաստատություն, ապա պետք է ստեղծվեն համայնքային ինչ-որ ծառայություններ, որոնք կնպաստեն երեխային ընտանիքից չհեռանալուն։ Քանի որ երեխայի տեղը հաստատությունը չէ։ Սա է բարեփոխումների համակարգը։ Այսինքն՝ մենք ցանկանում ենք, որ երեխան մեծանա ընտանեկան միջավայրում՝ թե կենսաբանական, թե խնամատար եւ թե որդեգրող ընտանիքի մասին է խոսքը։ Համակարգը կյանքի կոչելու համար առաջին հերթին պետք է ստեղծել ցերեկային խնամքի կենտրոններ։ Ցերեկային կենտրոնները, իհարկե, կօգնեն այն ծնողներին, որոնք ի վիճակի են, այսինքն՝ կարող են իրենց երեխաներին խնամել, իսկ եթե երեխան ինչ-ինչ պատճառներով զրկված է կենսաբանական ընտանիքում ապրելու հնարավորությունից, ապա մենք առաջարկում ենք խնամակալ, խնամատար կամ փոխարինող ընտանիքների այլընտրանքային ձեւերը։ Վերափոխման առումով մենք Հայաստանին առաջարկում ենք եղած ռեսուրսների վերաբաշխում անել, այլ ոչ թե նոր ռեսուրսներ ներգրավել։ Մենք շատ երկրների օրինակով տեսել ենք, որ դա հնարավոր է իրականացնել։ Այս ամենը պահանջում է պետության կողմից պատրաստակամություն, իսկ Հայաստանի իշխանություններն իսկապես մտահոգված են հաստատություններում գտնվող երեխաների ապագայի համար»։

Մեր այն հարցին, թե բարեփոխումների արդյունքում՝ այսինքն մեծ խնամակալական հաստատություններից (գիշերօթիկ դպրոցներ, մանկատներ) անցումը փոքրերին ինչպե՞ս է իրականացվելու, ինչպե՞ս է որոշվելու, թե որ երեխան որտեղ է տեղափոխվելու կամ ի՞նչ է լինելու մեծ հաստատություններում աշխատող մասնագետների հետ, տիկին Մոշիրին պատասխանեց. «Մենք չենք ասում, որ մեկ օրվա մեջ պետք է փակել հաստատությունները եւ սկսել աշխատել նոր մոդելով, ուղղակի կան ճանապարհներ, որոնց միջոցով անհրաժեշտ է վերափոխում կազմակերպել։ Մասնագետները, որոնք աշխատում են մեծ հաստատություններում՝ պետք է վերապատրաստվեն։ Մենք էլ ենք մտածում մեծ հաստատությունների անձնակազմի մասին, սակայն, եթե խոսքը երեխաների խնամքի մասին է, ապա գերադասվում է երեխայի շահը եւ դրա պաշտպանությունը։ Ճիշտ չէ ասել, որ երեխային եկեք պահենք հաստատությունում, որպեսզի անձնակազմը պահպանվի։ Աշխատակազմի խնդիրը լուծելու համար դեռ պետք է գտնել անհրաժեշտ լուծումներ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել