Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամանորի նախաշեմին տուգանքները կրկնապատկվում են

Դեկտեմբեր 10,2009 00:00

«ՀՀ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն, տվյալ տարում թողարկված տրանսպորտային միջոցների տեխզննումն անցնում է տրանսպորտային միջոցի հաշվառման հաջորդ տարում: Սակայն օրերս «Առավոտին» դիմած մի քանի տաքսի ծառայությունների տնօրեններ ու նաեւ անհատ վարորդներ տեղեկացրին, որ ունեն 2008 թվականի արտադրության ավտոմեքենա, եւ վերջերս տուգանվել են՝ տեխզննման բացակայության համար: Նրանց ներկայացմամբ, տուգանքները կիրառվել են Օպերայի հարակից տարածքում հերթապահող ճանապարհային ոստիկանների կողմից՝ նախորդ ամսվա 21-ին, 22-ին եւ 23-ին: Տաքսի ծառայություններից մեկի տնօրենը, որը խուսափեց ներկայանալ, «Առավոտին» պատմեց. «Մեր բոլոր մեքենաները 2008 թվականի արտադրության են: Գիտենք, որ, օրենքի համաձայն, դրանք տեխզննում անցնելու են արտադրության հաջորդ տարում, բայց արդեն քանի օր է՝ անակնկալի ենք հանդիպում: Մեր նոր գնած մեքենաների վարորդներին տուգանում են 50 հազար դրամով՝ վարչական իրավախախտման կամ, այլ կերպ ասած՝ տեխզննում չանցնելու համար»:

Նրա խոսքով, իրենք ոստիկաններին տեղեկացրել են մեքենայի նոր լինելու մասին, անգամ ցույց են տվել արտադրության վկայականը, սակայն՝ անօգուտ: Անտեղի տուգանված վարորդները խնդրի առնչությամբ դիմել են նաեւ վարորդների իրավունքների պաշտպան «Աքիլլես» հասարակական կազմակերպությանը: Մեզ հետ զրույցում հ/կ-ի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ասաց. «Մեզ շատ են դիմում վարորդներ եւ տեղեկացնում արձանագրված խախտումների մասին: Այս երեւույթը նոր է եւ վարորդների տուգանումները անօրինական են, ակտերն էլ կազմված են օրենքի ակնհայտ խախտումով: Դրանք պետք է անվավեր ճանաչվեն»: Պարոն Հովհաննիսյանի կարծիքով, օրենքում կա նաեւ որոշակի բացթողում. «Նշված է, որ տվյալ մեքենան պետք է տեխզննում անցնի արտադրման հաջորդ տարում, բայց կոնկրետ նշված չէ ամիսը: Նախորդ տարվա արտադրության մեքենաները կարող են տեխզննում անցնել մինչ այս տարվա դեկտեմբերի 31-ը, մինչ այդ ժամանակահատվածը տեխզննում չանցած մեքենաների վարորդները ոչ մի խախտում չեն անում: Եթե այդ վարորդները 2010 թվականի հունվարից անցնեն զննում, դա արդեն խախտում կհամարվի»:

Մեզ դիմած անհատ վարորդները ներկայացրին նաեւ մեկ այլ խնդիր: Բանն այն է, որ, նրանց հավաստմամբ, երբ երթեւեկելիս որեւէ խախտում են կատարում՝ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ խախտումների դիմաց տեղում որոշակի գումար են գանձում, սակայն վճարված գումարի մասին հավաստող կտրոն չեն տրամադրում: Սակայն մի քանի շաբաթ անց նույն վարորդները ոստիկանության կողմից ստացել են ծանուցում, որտեղ նշված է եղել, որ պետք է ներկայանան եւ, փաստորեն, արդեն վճարված խախտման համար մեկ անգամ եւս մուծում կատարեն:

Խնդրի առնչությամբ պարզաբանում ստանալու ակնկալիքով «Առավոտը» դիմեց ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության վարչությանը, որտեղից մեզ տեղեկացրին, որ մեր կողմից բարձրացված հարցերը կարող են մեկնաբանել միայն կոնկրետ փաստերի առկայության դեպքում: Մեզ դիմած տաքսի ծառայությունների տնօրենները հասկանալի պատճառներով խուսափեցին իրենց անունով ներկայանալ, բացի այդ, նրանք նշեցին միայն կոնկրետ վայրը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, իսկ ոստիկանի անուն-ազգանունը կամ մեքենայի համարանիշը չէին կարողացել ֆիքսել: Այնուամենայնիվ, խնդիրը վերաբերում է ոչ թե մեկ, այլ տասնյակ վարորդների, իսկ նրանց իրավունքների պաշտպան «Աքիլլես» հ/կ-ից թերեւս ոստիկանությունը իրավասու է իմանալու բողոքների հասցեատերերին, եթե, իհարկե, դա կօգնի, որպեսզի խնդրին լուծում տրվի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել