Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՍՈՒՐՃ ԵՓՈՂ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ

Դեկտեմբեր 10,2009 00:00

Աշխատանքի շուկան՝ գործազուրկի աչքերով

\"\"«Անահիտ Խաչատրյան: 31 տարեկան: Ունի բարձրագույն կրթություն, աշխատանքային փորձ, համակարգչային գիտելիքներ, հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուների լավ իմացություն: Կարող է աշխատել առավոտյան ժամը 10-ից մինչեւ 19-ը: Փնտրում է լուրջ աշխատանք»: Այս տվյալները արդեն 1 տարուց ավելի՝ Անահիտը թողել է մեր երկրում գործող աշխատանքի տեղավորման մի քանի գործակալություններում՝ գործավարի, մենեջերի կամ նման հաստիքի աշխատանք գտնելու համար: Սակայն, եթե նույնիսկ գործակալություններն առաջարկում են որոշ աշխատանքներ եւ Անահիտին փոխանցում թափուր աշխատատեղ ունեցող կազմակերպության կոորդինատները, մի շարք, այսպես ասած, «քասթինգային» փորձությունների միջով անցնելուց հետո պարզվում է, որ գործավարուհի փնտրողներն իրականում միայն «սուրճ եփող» են ուզում, իսկ մենեջերի աշխատանք գտնելու համար անպայման տվյալ հիմնարկում ծանոթներ են պետք կամ ազատ վարքագիծ:

Անահիտի պատմելով՝ «Երբ գործակալության տրամադրած տվյալներով գործավարուհու աշխատանքի համար անվտանգության համակարգերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող մի լուրջ ընկերություն դիմեցի, այնտեղ ասացին, որ պետք է 10-ից ավելի աղջիկների հետ մի քանի փորձաշրջանի մասնակցեմ, նոր իրենք ընտրություն կկատարեն ու մեզանից մեկին աշխատանք կտան: Ինքնակենսագրությունը ներկայացնելուց հետո առաջին փուլում պահանջեցին անգլերեն տեքստը թարգմանել եւ արագ՝ վայրկյանների ընթացքում հավաքել համակարգչով, որպեսզի ստուգեն ե՛ւ լեզվական իմացությունները, ե՛ւ համակարգչին տիրապետելը: Այնուհետեւ համակարգչային մի քանի ծրագրերի իմացությունը ստուգեցին, հարցեր տվեցին, արդյունքում՝ առաջին փուլից հետո մնացինք երկու հոգի: Երկրորդ փուլը տնօրենի հետ հարցազրույցն էր՝ ռուսերենով: Բավականին լուրջ հարցազրույցից հետո հասկացա, որ նրանց պահանջած բոլոր չափանիշներին համապատասխանում էի, սակայն վերջում տնօրենի օգնականն ինձ ասաց՝ հուսով եմ, սուրճ եփելու հետ կապված էլ խնդիրներ չունեք: Ինձ համար սկզբունքորեն անընդունելի է սուրճ եփել որեւէ մեկի համար, մանավանդ որ, երբ հարցազրույցի համար սպասում էինք, մեզ մոտեցան այդ ընկերության մի քանի աշխատակից տղաներ ու ցույց տալով խոհանոցի տեղը՝ հրահանգեցին սուրճ եփել, ինչը ես չարեցի: Գործավարի համար այդքան մեծ պահանջներից հետո սուրճ եփելու պարտականությունը, պարզվեց, ամենակարեւորն էր եւ հենց դրա համար էր գործատուն պատրաստ ամսական վճարել 60 հազար դրամ: Տնօրենն ինձ հաջողություն մաղթեց՝ ասելով, որ իրենց պետք է գործավարուհի, որը լավ սուրճ եփել կիմանա»:

Անահիտին գործավարի աշախատանք են առաջարկել նաեւ բեռնափոխադրող ընկերությունում. «Տեսնելով տվյալներս, ինձ ասացին՝ մեզ պետք է ընդամենը հեռախոսազանգերին պատասխանել, իսկ ձեր տվյալները չափազանց լավն են այդ գործի համար: Ուստի նույն ընկերությունում առաջարկեցին մենեջերի գործ անել, որը պետք է ճշտեր բեռների ժամկետները, պայմանագրեր կնքեր եւ այլն: Սակայն մեկ շաբաթ հետո այնտեղից ինձ զանգեցին ու տեղեկացրին, որ իրենք ուրիշ աշխատող են ընտրել, այնպես որ, ինձ համար այլ աշխատանք գտնեմ»:

120 հազար դրամ աշխատավարձով մի գինեգործական կազմակերպությունում էլ մենեջերի թափուր աշխատատեղի համար Անահիտից պահանջել են Microsoft Word, Excel ծրագրերի իմացություն, թարգմանություն, համակարգչով արագ հավաքում եւ այլն, վերջում հարցրել են՝ «Դուբայի եղանակը կարո՞ղ եք ասել»: Երբ Անահիտը արագ կողմնորոշվելով մտել է www.dubaimeteo.com կայքն ու սկսած մթնոլորտի խոնավությունից մինչեւ մթնոլորտային ճնշման տվյալները հայտնել՝ մնացել են ապշած: Սակայն տեսնելով, որ մոտ 3 շաբաթ ընկերությունից չեն տեղեկացնում՝ ընդունո՞ւմ են, թե՞ ոչ, դիմել է գործակալությանը, որտեղից այսպիսի պատասխան են տվել. «Ընկերությունը չի կարողանում ընտրություն կատարել»:

Իսկ հագուստի սրահում վաճառողուհի աշխատելու համար լեզուների իմացությունը ճշտելուց հետո երբ իմացել են, որ Անահիտը 31 տարեկան է՝ միանգամից հաջողություն են մաղթել՝ ասելով, որ իրենց երիտասարդ աղջիկ է պետք. «Ես այնքան վիրավորված էի, որովհետեւ առաջին անգամ էի լսում, որ 31 տարեկանը ծեր է: Պարզվեց, որ հագուստի խանութի տիրոջ համար երիտասարդ՝ նշանակում է մինչեւ 28 տարեկան»:

«Փարվանա» ռեստորանում կադրերի բաժնի ղեկավար աշխատելու համար Անահիտից պահանջել են՝ «Իջի մի հատ «Պապլավոկում» կամ ուրիշ կաֆեում նստենք, խոսանք, կտեսնենք, եթե հավանենք՝ կաշխատես»: Երկու երեխաների մայրը իրեն թույլ չի տվել այդ անլուրջ աշխատանքի առաջարկից հետո գնալ հանդիպման:

Հիմա Անահիտն այն համոզման է, որ Հայաստանում իր տվյալներով մարդու համար որեւէ աշխատանք չկա. կամ պետք է ոտնահարի սկզբունքներն ու դառնա սուրճ եփող, կամ մնա անգործ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել