ՀՌԱՀ անդամ դարձան հենց այն թեկնածուները, որոնց մասին արդեն մի քանի օր է՝ գրում էր մամուլը
ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը եւ ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանը երեկ միաժամանակ էին քվեախցիկ մտել՝ ընտրելու ՀՌԱՀ նոր անդամներին: Նման դեպքեր շատ եղան այն «փակ, գաղտնի» քվեարկության ընթացքում, որին մասնակցեցին 101 պատգամավորներ: Երեկ ԱԺ-ն ընտրեց ՀՌԱՀ նոր 4 անդամների, եւ ընտրվեցին հենց այն թեկնածուները, որոնց մասին վաղօրոք նշել էր մամուլը՝ մասնավորապես «168 ժամ», «Տարեգիր» եւ «Երկիր» թերթերը: Ըստ այդմ՝ 6 տարի ժամկետով ՀՌԱՀ անդամներ դարձան «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Կորյուն Առաքելյանը, որը ստացավ 78 կողմ եւ 22 դեմ ձայներ, Հարկային ծառայության պետի նախկին տեղակալ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին օգնական Արամ Մելքոնյանը՝ 75 կողմ եւ 25 դեմ, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Հայկ Քոթանյանը՝ 84 կողմ եւ 16 դեմ: Եվ ամենաշատ ձայները ստացավ նախկինում «Հանրապետություն» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցություններին անդամակցած, այժմ անկուսակցական իրավաբան Արմեն Մկրտչյանը՝ 91 կողմ եւ 9 դեմ: «Ստերեո ստուդիայի» հիմնադիր Կարեն Վարդանյանի օգտին քվեարկել էին ընդամենը 4 հոգի, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի օգնական, լրագրող Գոհար Արշակյանի օգտին՝ 26-ը, «Հայոց աշխարհ» թերթի թղթակից Գեւորգ Հարությունյանի օգտին՝ 29 պատգամավոր:
Մինչեւ քվեարկությունն էր ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ելույթում ակնարկել, թե այս ընտրությունը «հեռախոսազանգերի եւ պարտադրանքների» հետեւանք է:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ելույթում հակադարձեց պնդումներին, թե մրցույթին չեն մասնակցել առավել արժանավոր թեկնածուներ. «Իմ կարծիքով, բոլոր 7 թեկնածուներն այսօր ամենաարժանավորներն են, որովհետեւ նրանք չեն խորշել մասնակցել»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ելույթում այսուհանդերձ պնդեց. «Կարծում եմ, բոլորիս լուրջ մտորումների տեղիք պետք է տա, թե ինչու Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում այս կամ այն չափով հայտնի մասնագետները չեն առաջադրել թեկնածություններ այս թափուր պաշտոնների համար: Իհարկե, պատճառներից մեկն այն է, որ խորը անվստահություն գոյություն ունի ՀՌԱՀ-ի եւ այն մթնոլորտի նկատմամբ, որը չի կարող թույլ տալ մարդկանց մասնագիտորեն եւ ազատ կատարել այն պարտականությունները, որոնք օրենսդրությամբ դրված են ՀՌԱՀ անդամների վրա: Բայց մյուս կողմից՝ չեմ կարող նաեւ չնշել, թե անընդհատ անվստահություն հայտնելը գործընթացների նկատմամբ նույնպես լավագույն եղանակը չէ ոլորտում որեւէ բան փոխելու առումով»:
Հ. Գ. Արտակ Դավթյանը ելույթում հայտարարեց, թե այս գործընթացն անընդհատ գտնվել է եվրոպական կառույցների ուշադրության ներքո: Սրա մի վկայությունն էլ դեկտեմբերի 7-ին ԵԽ փորձագետներ Էլիզաբեթ Ռոբսոնի եւ Նատալի Պետրովայի հետ կայացած հանդիպումն էր, որին մասնակցել էին ինչպես Արտակ Դավթյանն ու ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, այնպես էլ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը: Վերջինս մեզ պատմեց, թե փորձագետները հետեւյալ խնդիրն են արծարծել. «Հայ լրագրողները խոցելի են՝ հետապնդվում են իրենց հայեցողական գնահատականների համար: Եվ հետաքրքրվեցին, թե լրագրողն ինչպես կարող է պաշտպանվել ճիշտ լուսաբանման համար, ինչպես է Հայաստանում ապահովվում արտահայտվելու ազատությունը»:
Ըստ Անահիտ Բախշյանի՝ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել «Ա1+»-ի խնդրին, եւ փորձագետները մասնավորապես հետաքրքրվել են, թե ինչ նպատակ էին հետապնդում՝ թվայնացման գործընթացում կասեցնելով արտոնագրման մրցույթները: Իշխանության ներկայացուցիչները վկայակոչել են ԵԽ մեկ այլ փորձագետի այս կապակցությամբ տրված գնահատականը, թե դա անհրաժեշտություն էր, իսկ տիկին Բախշյանը հիշատակել է ԵԽԽՎ 1677 բանաձեւում նշված անկախ վերլուծաբանի գնահատականը, թե մեկը մյուսի հետ կապ չուներ. «Եվ հարցրի՝ ինչպե՞ս հասկանալ ԵԽ փորձագետների այս տարբեր մեկնաբանությունները»: