Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՆ ԱՅԼԵՎՍ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Դեկտեմբեր 10,2009 00:00

\"\"Ըստ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի, ստորագրված արձանագրություններով արդեն իսկ Թուրքիան ստացել է իր սպասելիքների երկու երրորդը:

– Պարոն Մանոյան, նախօրեին Վահան Հովհաննիսյանն ԱԺ ամբիոնից պահանջեց, որ ՀՀ իշխանությունները հրապարակեն այն քայլերը, որոնք կձեռնարկեն Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ձգձգման դեպքում: Դաշնակցությունն ինչպիսի՞ քայլեր է ակնկալում ՀՀ իշխանություններից:

– Եթե դիտարկենք արձանագրությունների ստորագրումից հետո ստեղծված իրավիճակը, ապա հաշիվը 1:0 է՝ հօգուտ Թուրքիայի: Ինձ համար ուղղակի անհասկանալի է, երբ ՀՀ նախագահը մեկնաբանում է հակառակորդ երկրի ղեկավարի ասածը: Դա կարող է անել նրա խոսնակը կամ որեւէ այլ մեկը: Բայց երբ աշխարհը տեսնում է, թե ինչպես է մեր նախագահն արդարացնում Էրդողանի ասածները, արդեն եզրակացնում է, որ մենք շատ թույլ դիրքերում ենք: Եվ այս կեցվածքը որքան շարունակվի, այնքան ավելի մեծ ճնշումների է ենթարկվելու Հայաստանը: Եթե մինչ այդ նշվում էր, որ դեկտեմբերի 7-ին Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պետք է արդեն եզրակացություն տար, ժամկետ նշեր եւ այլն, ապա մենք տեսանք, որ ոչ միայն դա տեղի չունեցավ, այլեւ նույն օրը Էրդողանի կողմից ավելի վատ հայտարարություն հնչեց Վաշինգտոնում: Եվ արդեն պարզ է դառնում, որ այդ հունով էլ կշարունակվի: Եթե մենք հիմա համապատասխան քայլ չկատարենք եւ սպասենք Թուրքիայի վավերացմանը, ապա Թուրքիան կարող է այդ հարցը տարիներով ձգձգել եւ միշտ էլ որեւէ ձեւ գտնել գործընթացի իմիտացիայի շարունակության համար՝ Հայաստանի կողմից դժգոհությունը մեղմելով որեւէ ձեւական քայլով: Այսինքն՝ Հայաստանն առնվազն այս պահից այլեւս պետք է գործի իրապես հայ-թուրքական հարաբերությունների հաստատման շահագրգռությամբ եւ ոչ թե այս գործընթացն օգտագործի Արեւմուտքի առջեւ լավ երեւալու համար: Թուրքիան կեսից խաղի կանոնները փոխել է, եւ Էրդողանի այս վերջին հայտարարությունները եւս մեկ, արդեն բավարարից էլ ավելի պատճառ են, որ Հայաստանը շատ արագ հայտարարի, որ ինքը չի վավերացնելու այդ արձանագրությունները:

– Իսկ արդյոք այդ քայլով Հայաստանը չի՞ վտանգի ստանձնած պարտավորությունները հարգող եւ վստահելի գործընկերոջ իր հեղինակությունը:

– Արդեն իսկ Հայաստանի քաղաքականության սխալն այն է, որ Թուրքիայի նման կեցվածքին ու հայտարարություններին համապատասխան հակազդեցություն չի ցուցաբերում: Եվ, բնականաբար, միջազգային հանրության մոտ չի ձեւավորվում այն կարծիքը, որ Հայաստանը դժգոհ է Թուրքիայի այս ձգձգողական գործելաոճից: ՀՀ նախագահը մինչեւ Թուրքիա գնալը հայտարարեց, որ կգնա, եթե հայ-թուրքական սահմանը բացվի, կամ լինենք դրա նախաշեմին: Այսօր ոչ միայն սահմանը բաց չէ, այլեւ մենք դեռ դրա նախաշեմին էլ չենք: Նախաշեմին կլինեինք, եթե արձանագրություններն արդեն վավերացված լինեին: Այսինքն՝ մենք այսօր մեր իսկ կողմից դրված չափանիշը չենք հարգում: Եվ դրա պատճառն այն է, որ մենք մտել ենք այս գործընթացի մեջ նաեւ այլ՝ Արեւմուտքի համար լավ գործընկեր համարվելու հաշվարկից ելնելով, ինչը լրջորեն սկսել է վնասել մեր երկրի շահերին:

– Բայց, ի վերջո, միջազգային կառույցները շատ լավ տեսնում են, թե ո՞վ է գործընթացի իրական ձգձգողը: Չե՞ք կարծում, որ Թուրքիայի համար դժվար կլինի գործընթացը ձգձգել մինչեւ նույն Արեւմուտքի կողմից սահմանված ողջամիտ ժամկետի ավարտը:

– Մենք այսօր այն վիճակում չենք, ինչ մեկ տարի առաջ: Այսօր ԱՄՆ-ը Թուրքիայի գործակցության կարիքն առավել շատ ունի՝ հատկապես Աֆղանստանի հետ կապված: Եվ հայ-թուրքական հարաբերությունների հարցը Միացյալ Նահանգների ձեռքին ընդամենը կարող է լծակ լինել: Բացի այդ, Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումն այլեւս առաջնահերթություն չէ: Անցյալ տարվա օգոստոսի ռուս-վրացական պատերազմից հետո մինչեւ այս տարվա մարտը դա առաջնահերթություն էր: Բայց արդեն մարտին, երբ այս արձանագրությունները ստորագրվեցին (ապրիլի 23-ին դրանք ընդամենը հրապարակվել են), Թուրքիան իր սպասելիքների կեսից ավելին, նույնիսկ երկու երրորդը ստացավ՝ եւ Ցեղասպանության հանձնաժողովի, եւ սահմանների հետ կապված: Ուստի, Թուրքիայի համար այսօր կարեւորը գործընթացը պահպանելն է՝ այդպիսով ստիպելով միջազգային կառույցներին ձեռնպահ մնալ որեւէ միջամտությունից: Եվ Հայաստանը, մնալով այդ գործընթացի մեջ, Թուրքիային դրա հնարավորությունն է տալիս:

– Իսկ արդյոք գործընթացից առաջինը դուրս գալու դեպքում մենք ավելի շա՞տ չենք կորցնի:

– Մի բան հստակ է. ինչքան երկար մնանք այս գործընթացի մեջ, այնքան շատ ենք կորցնելու: Եթե մենք մինչ այդ համապատասխան աշխատանք տանենք եւ թուրքական հայտարարություններին համարժեք ձեւով պատասխանենք եւ ոչ թե ՀՀԿ խոսնակի՝ Շարմազանովի նման ասենք, թե՝ բան չկա, հալվա ասելով Թուրքիայի բերանը չի քաղցրանա, ապա այդ դեպքում, այո, մեզ կհասկանան:

– Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Դաշնակցությունն իր այս մոտեցման մեջ այսօր մենակ մնացել:

– Մենք մենակ չենք: Այսօր խեղաթյուրում են, թե Դաշնակցությունը դեմ է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը: Դա այդպես չէ: Կարծում եմ, այսօր մեր երկրում որեւէ ուժ դեմ չէ այդ հարաբերություններին: Խնդիրն այն է, թե ինչ գնով:

– Այդ դեպքում ինչո՞ւ չկարողացաք մոբիլիզացնել մեր քաղաքական դաշտը՝ ընդդեմ Ձեզ համար անընդունելի գնով հարաբերությունների հաստատմանը:

– Պետք չէ անցյալ ժամանակով դա ասել: Մեր առաջիկա քայլերը հենց դրան են ուղղված: Մենք աշխատելու ենք եւ մեծամասնականով ընտրված, եւ տարբեր կուսակցություններում ընդգրկված պատգամավորների հետ՝ փորձելով ստանալ նրանց ստորագրությունները, քանի որ, ինչպես գիտեք, այդ արձանագրությունները չվավերացնելու համար պետք է պատգամավորների ձայների կեսը + մեկ ձայն: Մենք տակավին մեր հույսը չենք կորցրել, որ կարող ենք բացատրական աշխատանքով ապահովել այդ ձայները:

– Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ մեր իշխանությունները՝ համապատասխան հակազդեցության փոխարեն, փորձում են Թուրքիայի անընդունելի հայտարարությունները չնկատել: Այսինքն՝ դժգոհ լինելով հանդերձ, կամուրջները չեն այրում: Ճիշտ նույն կերպ վարվում է Դաշնակցությունը. փաստորեն Ձեր կուսակցությունն անընդհատ բարձրաձայնում է, որ համաձայն չէ երկրի նախագահի վարած արտաքին քաղաքականության հետ, սակայն այդուհանդերձ՝ չեք պահանջում նրա հրաժարականը: Ինչո՞ւ:

– Մենք ասել ենք, որ պատրաստ ենք գնալու մինչեւ անգամ իշխանափոխության, անշուշտ՝ սահմանադրական կարգով: Իսկ այդ կարգով հնարավոր չէ 100 հազար հավաքելով պահանջել նախագահի հրաժարականը եւ հասնել դրան: Մեր պայքարը, պահանջները պետք է լինեն իրագործելի: Անիրագործելի պահանջներ առաջադրելով՝ ինչն արդեն 3 տարի անում են այլ ուժեր, մենք չենք դառնա իրապես հարց լուծող:

– Այդ դեպքում ինչո՞ւ եք պահանջում արտգործնախարարի հրաժարականը: Չէ՞ որ դրան էլ չեք կարող հասնել մարդկանց հավաքելով-միտինգ անելով:

– Դա քաղաքական կեցվածք է, որ նախագահը փոխի իր դիրքորոշումը:

– Իսկ ի՞նչն է խանգարում առավել կոշտ քաղաքական կեցվածք դրսեւորելուն: Դեռեւս այդ աստիճանի դժգոհ չե՞ք:

– Ոչ, մեր նպատակը նախագահի հրաժարականը չէ, այլ արձանագրությունների վավերացման տապալումը: Նախագահի հրաժարականը պահանջելու դեպքում մենք կարող ենք կորցնել այն իշխանական պատգամավորների հավանական աջակցությունը, որոնց միջոցով հույս ունենք տապալել արձանագրությունների վավերացումը:

– Իսկ դուք ռեա՞լ եք համարում, որ իշխանական որեւէ պատգամավոր կարող է դեմ գնալ ՀՀ գործադիր իշխանության կամքին:

– Չէ՞ որ նախադեպն արդեն ունենք՝ կապված հարկային օրենսդրության հետ: Ու բացի այդ, նախագահի հրաժարականով ի՞նչ հարց պիտի լուծվի: Հրաժարականը պահանջենք, որ Հովիկ Աբրահամյա՞նը գա իշխանության:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել