Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Դեկտեմբեր 10,2009 00:00

\"\"ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հարցերը եւ հարցապնդումը ՀՀ կառավարությանը

ՕԵԿ խմբակցության հարցապնդման քննարկումից հետո, որը վերաբերում էր աղետի գոտում կատարվող ծրագրերին՝ ԱԺ-ն երեկ քննարկեց ՀՅԴ հարցապնդումը, որով խմբակցությունը փորձել էր ստանալ մանրամասն տեղեկատվություն, թե մինչ նախաստորագրումը՝ հայ-թուրքական արձանագրությունները «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքով սահմանված ընթացակարգային ինչ փուլերով են անցել: Ի տարբերություն ՕԵԿ-ի, որը գոհ էր իր հարցապնդմանը կառավարության պատասխանից՝ ՀՅԴ-ն դժգոհ էր: ԱԳՆ-ն պարզաբանել էր, թե այդ ընթացակարգը պահպանելու անհրաժեշտություն չի եղել, քանի որ ՀՀ նախագահի մոտ կայացած փակ խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանը տվել է հանձնարարական՝ արձանագրությունների կնքման գործընթացն իրականացնել պարզեցված կարգով:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասաց. «Մի կողմ թողնելով այն կարեւորագույն հարցը, թե հայության եւ Թուրքիայի միջեւ 800 տարի գոյություն ունեցած եւ վերջին 80 տարիների ընթացքում չափազանց սրված հարցը կարելի՞ էր այսպես՝ առանց ընթացակարգերը պահպանելու քննարկման առարկա դարձնել՝ ասեմ հետեւյալը: Մենք չենք կարող գործ ունենալ դիցաբանական՝ ինչ-որ փակ խորհրդակցությունների հետ: Պատասխանի մեջ պետք է նշվեր հստակ ամսաթիվը: Եվ այդ փակ խորհրդակցությունն անպայման ունեցել է արձանագրություն»: Նշեց նաեւ, թե օրենքի համաձայն՝ ՀՀ նախագահի վերոհիշյալ հանձնարարականը պետք է լիներ գրավոր. «Խնդրել էինք մեզ տրամադրել նաեւ այդ գրավոր հանձնարարականը, եւ փաստորեն այն չկա»: Խնդրել էին նաեւ տրամադրել այլ փաստաթղթերի պատճեններ՝ առանձին գերատեսչությունների համաձայնությունն այդ արձանագրություններին, դրանց կնքմանը համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ նախագահի դիրքորոշումն արտահայտող նամակը. «Նամակը SMS չի՛, հեռախոսային խոսակցություն չի՛, գրավոր փաստաթուղթ է: Եվ այս փաստաթղթերն էինք մենք ընդամենն ուզել ու չենք ստացել»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:

ՀՅԴ խմբակցությունը առաջարկեց ԱԺ-ին ընդունել որոշման նախագիծ, ըստ որի՝ կառավարությունը 10 օրվա ժամկետում պիտի լրացնի պատասխանը, ինչպես նաեւ ներկայացնի համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Բավական հարգանքով խոսելով իր հրաժարականը պահանջող քաղաքական ուժի մասին՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախապես ասաց. «Եթե որեւէ լրացուցիչ հարցեր կան այս պատասխանների վերաբերյալ՝ ՀՅԴ խմբակցության մեծարգո պատգամավորներ, գիտեք, որ ԱԳՆ-ն միշտ պատրաստակամ է եղել ձեր բոլոր հարցերին պատասխանելու, ձեզ հետ քննարկելու, բազմիցս հանդիպելու ԱԳՆ-ում: Եվ միշտ էլ պատրաստ ենք շարունակել ձեզ հետ այդ հանդիպումները եւ լրացուցիչ պատասխաններ ու բացատրություններ տալ, նաեւ՝ գրավոր»:

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հրապարակվեց Վահան Հովհաննիսյանի արդեն վարչապետին ուղղված հարցը, որով խնդրել էր հիմնավորել 2010թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Տիգրան Սարգսյանի հետեւյալ հայտարարությունը. «Մեր ուսումնասիրություններն ու սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիներին առաջին հերթին մտահոգում է ոչ թե թոշակների եւ աշխատավարձերի խնդիրը, ոչ թե գործազրկության եւ նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրը, ոչ թե գնաճն ու փոխարժեքը եւ նույնիսկ ոչ թե Լեռնային Ղարաբաղի կամ Ցեղասպանության ճանաչման խնդիրը, այլ, առաջին հերթին, մեր քաղաքացիներին մտահոգում է սոցիալական արդարության խնդիրը»: ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց. «Եթե կան նման ուսումնասիրություններ, որոնք թույլ են տալիս ենթադրել, թե քաղաքացիների համար մնացած նշված հարցերը մղված են հետին պլան, ապա մենք ցանկանում ենք ծանոթանալ դրանց եւ խնդրել էինք տրամադրել այդ ուսումնասիրությունները»։ Ստացված գրավոր պատասխանն էր, թե այդ հարցումները կառավարությունը չի պատվիրել եւ չունի իր տրամադրության ներքո: «Բայց վերջում ասված է, որ ՀՀ կառավարության կողմից իրականացվել են ուսումնասիրություններ, որոնք համադրվել են վերոհիշյալ հարցումների արդյունքների հետ,- նշեց Վահան Հովհաննիսյանը:- Ինչո՞ւ չենք ստացել ա՛յդ ուսումնասիրությունները»:

Հարցին ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանն ասաց, որ սոցհարցումները մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում են. «Մենք օգտվել ենք այն աղբյուրներից, որոնցից կարող եք նաեւ Դուք օգտվել, քանի որ դրանք ԶԼՄ-ներով տարածվող սոցհարցումների արդյունքներ են։ Բացի դրանից՝ մենք հազարավոր նամակներ ենք ստանում մեր քաղաքացիներից, որոնցում բարձրացվում են խնդիրներ: Եվ այդ նամակները մենք ամփոփում ու ներկայացնում ենք ձեր դատին»: Ըստ նրա՝ այդ նամակների «մոտավորապես 90%-ը վերաբերում է սոցիալական խնդիրներին»:

Վարչապետը նաեւ տեղեկացրեց. «2010-ին մենք ունենալու ենք մեր սեփական սոցիոլոգիական պատվերների վրա ստացված տեղեկատվություն»: Եվ խոստացավ. «Եռամսյակը մեկ հաշվետվություն կտանք ձեզ, թե ինչպիսին է հասարակության վերաբերմունքը մեր գործունեության վերաբերյալ»:

Արդեն բանավոր հարց ուղղելով՝ Վահան Հովհաննիսյանն անհամաձայնություն հայտնեց «Արմթեք-2009» համաժողովում Տիգրան Սարգսյանի արած այն պնդմանը, թե Հայաստանը Թուրքիայից հետո աշխարհի այն միակ պետությունն է, որն առավելագույնս է շահագրգռված Թուրքիայի՝ Եվրամիության անդամ դառնալու հարցում։ Վահան Հովհաննիսյանը նշեց, որ դրանում շատ ավելի են շահագրգռված ԱՄՆ-ն, Անգլիան եւ այլն:

Ի պատասխան՝ վարչապետը պարզաբա նեց, թե իր ելույթի գլխավոր մասը հետեւում է այդ թեզին, թե ինչու է Հայաստանը շահագրգիռ. ԵՄ լիիրավ անդամ դառնալու համար Թուրքիան պետք է լրջագույն բարեփոխումներ իրականացնի, որի հետեւանքով որակապես կփոխվի. «Եթե Թուրքիան իրականացնի ժողովրդավարական բարեփոխումներ, հարգի ազգերի իրավունքները, այդ թվում՝ ազգային այն փոքրամասնությունների, որոնք ապրում են Թուրքիայի տարածքում, բնականաբար, շատ ավելի հեշտ կլինի լուծել նաեւ Հայաստանի ազգային խնդիրները, այդ թվում՝ նաեւ Ցեղասպանության ճանաչման խնդիրը, որովհետեւ Ցեղասպանության ճանաչումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Թուրքիան սկսի հարգել ժողովրդավարական սկզբունքները, որոնցով այսօր առաջնորդվում են քաղաքակիրթ, զարգացած երկրները։ Եվ ես կարծում եմ՝ դա՛ է հաջողության հասնելու ճանապարհը՝ բոլոր այն ազգային խնդիրների շուրջ, որոնք գերակայություն են նաեւ ՀՅԴ համար»: Տիգրան Սարգսյանը համոզմունք հայտնեց, թե եվրոպական պետությունները չեն կարող անդամակցության իրավունք տալ մի երկրի, որը չի համապատասխանում իրենց հիմնական կանոններին։ Վահան Հովհաննիսյանը վերջին պնդմանն էլ առարկեց. «Ցավոք, կան ուրիշ օրինակներ՝ ԵՄ-ն իր կազմ է ընդունել երկրներ, որոնք չեն բավարարում պահանջներին՝ հույսով, որ հետո կբավարարեն: Ինչ վերաբերում է Թուրքիային՝ մենք էլ ենք ունեցել հույսեր, որ Թուրքիան կարող է որակական փոփոխություն ապրել՝ 1908-1909-ին։ Դա տեղի չի ունեցել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել