Թե ինչպես Վազգեն Մանուկյանը «բացեց» Հմայակ Հովհաննիսյանի աչքերը
«Ես բարձր եմ գնահատում հարգարժան պարոն Հակոբյանի հումորի զգացումը: Բայց հումորի առկայությունը դեռեւս մարդուն իրավունք չի տալիս հավակնելու պատգամավորի մանդատին»,- «Առավոտի» հետ զրույցում 10-րդ ընտրատարածքի մանդատի հավակնորդ Հմայակ Հովհաննիսյանն այսպես հակադարձեց մրցակից Դավիթ Հակոբյանի՝ իր հասցեին ցայսօր հնչեցրած մեղադրանքներին: Իրենց վեճը գաղափարական հարթություն տեղափոխելով՝ Հմայակ Հովհաննիսյանը որեւէ կերպ չի կարողանում պատկերացնել, թե ինչպե՞ս է Դավիթ Հակոբյանը միաձուլում մարքսիզմը եւ ազգային գաղափարախոսությունը. «Մարքսն այն վերլուծաբանն էր, ով ազգային գաղափարախոսությունն առաջինն էր որակել «կեղծ կատեգորիա». Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակին ընդամենը կրկնել է Մարքսին եւ, փաստորեն, այդ ուղղության հետեւորդն էր, որի ակունքները հանգում էին Մարքսի տեսությանը: Իսկ հարգարժան պարոն Մարքսիստը հանդես գալով որպես Հայ դատի ջատագով, փորձում է շաղկապել նաեւ մարքսիզմը, մինչդեռ պատմությունից հայտնի է, որ շաղկապել հնարավոր է սոցիալիզմը եւ ազգայնականությունը: Նացիոնալ մարքսիզմի ուղղություն չկա: Հարգարժան պարոն Հակոբյանը հավակնում է սրբագրե՞լ Մարքսին»:
Պատասխանելով մեղադրանքներին, որ տարբեր ժամանակաշրջաններում տարբեր ուժերի հետ քաղաքական սիրախաղերի մեջ է եղել՝ ՀՅԴ, ՀԺԿ, «Ազգային միաբանություն», «Դաշինք», Հմայակ Հովհաննիսյանը վրդովվեց. «Դուք բացառո՞ւմ եք անկուսակցականների ակտիվ գործունեությունը քաղաքական դաշտում: Հնարավոր է, որ մեզանում էլ շուտով անցում կատարվի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Այդ դեպքում անկուսակցականներն ինչպե՞ս պետք է մասնակցեն ընտրությունների»: Դիտարկմանը, որ այդ դեպքում թերեւս ճիշտ կլինի ընտրել մեկ՝ սրտամոտ ուղղություն եւ հետեւել դրան, ոչ թե, ըստ անհրաժեշտության, համագործակցել տարբեր ուժերի հետ, մեր զրուցակիցը հակադարձեց. «Մենք անցել ենք բազմակուսակցական համակարգի, որդեգրել ենք քաղաքական պլյուրալիզմի մոդելը, որպեսզի անհատին ընտրություն կատարելու հնարավորություն տանք: Մեզանում կուսակցությունները դեռ չեն կայացել, ու կարծում եմ, որ դրան պետք է նպաստի մարդկանց կողմից ազատ ընտրություն կատարելու հնարավորությունը»: Ինքը՝ Հմայակ Հովհաննիսյանը, իր քաղաքական կենսագրության ընթացքում անդամակցել է երկու քաղաքական ուժի՝ ՀՅԴ (1990-93) եւ ՀԺԿ (1998-2001): ՀՅԴ-ն լքելու պատճառը Հմայակ Հովհաննիսյանի համար եղել է Վազգեն Մանուկյանը. «Այն ժամանակ Վազգեն Մանուկյանը Դաշնակցությունն իր համար դարձրեց տրամպլին՝ իր կարիերայի աճն ապահովելու համար: Հիշում եք, չէ՞, առաջին ազգային դաշինքի ստեղծումը, որի գործունեությունն ավարտվեց նրանով, որ այդ տրամպլինի վրա հենվելով՝ Վազգեն Մանուկյանը դարձավ պաշտպանության նախարար: Ես հասկացա, որ դա անբնական իրավիճակ էր, որովհետեւ Վազգեն Մանուկյանն իր գաղափարներով սոցիալիստ չէր: Ուստի ես որոշեցի վերադառնալ իմ անկուսակցականի կարգավիճակին»:
1994-ից Թելման Գդլյանի հետ միասին Հմայակ Հովհաննիսյանը՝ իր վստահեցմամբ, բազմիցս փորձել է Կարեն Դեմիրճյանին համոզել՝ նոր կուսակցություն հիմնադրել: 1998-ին ՀԺԿ-ն հիմնադրվեց: Մինչեւ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի «խալաթի», մեքենայի հայտնի պատմությունները, Կարեն Սերոբիչի 40-օրյա սուգը չլրացած՝ նրա տեղափոխվելը կառավարական ամառանոցներում բնակվելու, Գագիկ Ասլանյանի հետ կապված հայտնի պատմությունները, Հմայակ Հովհաննիսյանը հավատարիմ մնաց ՀԺԿ-ին: Իսկ «Ազգային միաբանության», «Դաշինքի» հետ համագործակցությունները նա այսպես է բացատրում. «Իմ մասնագիտության բերումով ես նաեւ պարտավոր եմ համագործակցել բոլոր կուսակցությունների հետ: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա ընտրություններին ես մասնակցել եմ այն քաղաքական թիմի հետ, որի ծրագիրն այդ պատմական ժամանակաշրջանի համար ես համարել եմ արդյունավետ: Ես համագործակցել եմ հավասարը հավասարի հետ պայմանով: Երբ Գեղամյանը, այդ քաղաքական թիմը հակաճգնաժամային ծրագրից անցում կատարեց արարման ծրագրին՝ փոխեց իր մոտեցումները, ես, բնականաբար, իմ բոլոր կապերը խզեցի նրանց հետ: Իսկ «Դաշինքի» խորհրդարանական ցուցակին նախապատվություն տվեցի այն պատճառով, որ, ըստ իս, առաջիկայում ԼՂՀ հարցի շուրջ լուրջ զարգացումներ էին սպասվում, եւ Սամվել Բաբայանի գործոնը կարեւորվելու էր: Ես գտնում էի, որ ընդդիմությունը ԼՂՀ հարցի կարգավորման վերաբերյալ իր մոտեցումներում պիտի ավելի արմատական լինի»: