Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ՉԿԱ՞Ն

Դեկտեմբեր 09,2009 00:00

Դեկտեմբերի 7-ի ուշ երեկոյան Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպման հիմնական թեմաները եղել են հայ-թուրքական հարաբերություններն ու ԼՂ հիմնախնդիրը։ Ինչպես հաղորդում է «Ա1+» գործակալությունը՝ հանդիպման վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունները տարբեր են: Ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության՝ հանդիպումից հետո ճեպազրույցում Օբաման ասել է, որ ինքը ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդրում վարչապետ Էրդողանի կատարած խիզախ քայլերը եւ հորդորել է առաջ շարժվել այդ ուղղությամբ: Էրդողանն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները չափազանց կարեւոր են հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում: ԱՄՆ-ում Էրդողանը ելույթ է ունեցել Ջոն Հոպկինսի անվան համալսարանում «Թուրքիան 21-րդ դարում. դիվանագիտության միջոցով խաղաղության վերականգնում» թեմայով, որտեղ ասել է. «Կոնֆլիկտի կարգավորումը եւ սկզբի համար յոթ շրջանի ազատագրումը (ներառյալ Քելբաջարն ու Լաչինը՝ հատուկ կարգավիճակով) կնպաստեն հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը»: Վարչապետը նշել է, որ իրենց այս դիրքորոշումն ինքը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ինչպես նաեւ Դմիտրի Մեդվեդեւի հետ առանձնազրույցներում: Ադրբեջանական մամուլը հրապարակել է, թե Էրդողանը ավելի կտրուկ հայտարարություններ է արել, մասնավորապես նշել է. «Որքան արագ Մինսկի խումբը կարգավորի ԼՂ հիմնախնդիրը, այնքան արագ մենք կկարգավորենք հայ-թուրքական հարաբերությունները»: Ադրբեջանական մամուլը նաեւ հայտնում է, թե Էրդողանը հայտարարել է, թե հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում մոտ ապագայում չեն վավերացվի: Օբամայի հետ հանդիպումից հետո Էրդողանը հարցազրույց է տվել նաեւ «Trend News»-ին, որտեղ հայտնել է, թե Թուրքիան որեւէ խնդիր չունի հայերի հետ, եւ բազմաթիվ հայեր շատ հանգիստ ապրում են Թուրքիայի տարածքում: Ըստ Էրդողանի՝ խնդիրը հայկական Սփյուռքն է: «Սփյուռքը չպետք է կողքից մեզ սովորեցնի, թե ում հետ ինչ հարաբերություններ ձեւավորենք: Հայկական Սփյուռքն այստեղ հայտարարում է, թե Թուրքիան, այսպես կոչված, «ցեղասպանություն» է իրականացրել: Այդ հարցը պետք է թողնել պատմաբանների կարգավորմանը: Ես մի բան կարող եմ ասել՝ իմ նախնիները երբեք չեն իրականացրել ցեղասպանություն եւ չէին կարող իրականացնել: Եթե ԱՄՆ-ը գործում է Սփյուռքի ազդեցության տակ, դա անարդար է»,- «Trend News»-ին ասել է Թուրքիայի վարչապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել