Լրահոս
Օրվա լրահոսը

Վերադարձ՝ ակունքներին

Դեկտեմբեր 09,2009 00:00

\"\"Իսրայելի արդարադատության նախարար Յակով Նաեմանը (նկարում) հայտարարել է, որ երկրի դատական համակարգը պետք է աստիճանաբար անցնի հին եբրայական օրենքներին, որոնք շարադրված են «Տորայում»: Նախարարի այս առաջարկը հնչել է հրեական դատարանին նվիրված համաժողովի ժամանակ: «Քայլ առ քայլ մենք Իսրայել կբերենք Տորայի օրենքները եւ Գալախան (եբրայական օրենքը), կվերածնենք պետության դատական համակարգը»,- հայտարարել է Նաեմանը: Նա ճշտել է, որ երկիրը «պետք է վերադառնա նախնիների ժառանգությանը, արմատներին, Տորայի խոսքին, որում ընդգրկված են նաեւ ժամանակակակից խնդիրների լուծումները»:
Նաեմանի ելույթը բազմաթիվ բանավեճերի առիթ է դարձել: «Կադիմա» կուսակցության առաջնորդ Ցիպի Լիվնին հայտարարել է, որ Նաեմանի առաջարկը պետք է տագնապ առաջացնի Իսրայելի յուրաքանչյուր քաղաքացու մոտ, ով անտարբեր չէ իր երկրի, ազգային արժեքների եւ ժողովրդավարության հանդեպ:
«Մերեց» սոցիալ-դեմոկրատական շարժման առաջնորդ Խայիմ Օրոնը ափսոսանք է հայտնել, որ նման հայտարարությունը հնչել է արդարադատության նախարարի շուրթերից: Օրոնի կարծիքով՝ Նաեմանի արտահայտությունները իսրայելական հասարակության «թալիբանացման» ընթացքի դրսեւորման արդյունք են:
Նաեմանի հայտարարությունը դատապարտող ելույթներով են հանդես եկել նաեւ այլ քաղաքական ու հասարակական գործիչներ, իրավաբաններ: Իսկ ձախակողմյան ԽԱԴԱՇ կուսակցության նախագահ Մուհամեդ Բարաքեն դիմել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ պահանջելով Նաեմանին ուղարկել թոշակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել