Երեկ, դեկտեմբերի 8-ին, Բաղդադում տեղի ունեցած մի քանի ականապատված ավտոմեքենաների պայթյունի արդյունքում զոհվել է ամենաքիչը 101 մարդ, վիրավորների թիվն անցնում է 180-ը:
Ինչպես հաղորդում է BBC News-ը՝ առաջին պայթյունի թիրախը Էդ-Դոր շրջանի ոստիկանական պահակախումբն էր: Մեքենան պայթեց Տեխնոլոգիական համալսարանի շենքի մոտ, զոհվեց 12 ուսանող: Մի քանի րոպե անց պայթեց եւս չորս մեքենա: Ականապատված մեքենաները տեղակայված էին ներքին գործերի եւ աշխատանքի նախարարությունների եւ Բաղդադի կենտրոնում տեղակայված խոշոր շուկայի մոտակայքում:
Ոստիկանության ներկայացուցիչները հայտարարեցին, որ դա «լավ կոորդինացված ահաբեկչական ակտ էր»: Առայժմ որեւէ խմբավորում չի ստանձնել այդ ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը:
Վերջին անգամ միանգամից մի քանի ավտոմեքենաների պայթեցում՝ Բաղդադում տեղի էր ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 25-ին: Այդ ժամանակ գործնականում միաժամանակ մահապարտները պայթյուններ իրականացրին արդարադատության նախարարության եւ նահանգապետի վարչական շենքի մոտ: Այդ ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհվեց 155 մարդ, այդ թվում՝ 30 երեխա: Եվս 900-ը վիրավորվեց: 2009-ի օգոստոսին էլ էին Բաղդադի պետական հիմնարկությունների շենքերի մոտակայքում հնչել մի քանի ահաբեկչական պայթյուններ, որոնց արդյունքում զոհվել էր 100 մարդ: Այդ ժամանակ Իրաքի իշխանությունները մեղադրեցին Սիրիային՝ ահաբեկիչներին թաքցնելու մեջ եւ պահանջեցին իրենց հանձնել ահաբեկչական գործողությունների կազմակերպիչներին: Դրա հետեւանքով ծագած դիվանագիտական կոնֆլիկտի պատճառով երկու երկրներն էլ իրենց դեսպաններին ետ կանչեցին: