Լրահոս
Օրվա լրահոսը

Կլիման խելագարվե՞լ է

Դեկտեմբեր 09,2009 00:00

Եղանակների կտրուկ տաքացումն առաջին հայացքից ուրախացնում է շատերին: Բայց արդյո՞ք դա նորմալ երեւույթ է: Մասնագետներին մտահոգում է կլիմայի նման փոփոխությունը, եւ նրանք դա վերագրում են կլիմայի գլոբալ փոփոխություններին: Ի՞նչ հետեւանք կարող է դա ունենալ բնության եւ մարդու օրգանիզմի վրա: Կլիմայի փոփոխությունը շրջակա միջավայրի էկոլոգիական ամենաբարդ ու արդիական խնդիրներից է, ինչի հետ մարդկությունը երբեւիցե բախվել է: Ինչպես ասում են՝ «կլիման խելագարվել է», եւ դրա ականատեսը դառնում ենք ամեն օր՝ տեսնելով, թե մոլորակի այս կամ այն հատվածում ինչ փոփոխություններ են տեղի ունենում: Հարց է առաջանում. ո՞րն է պատճառը: Գիտությունը, կարծես թե, տալիս է դրա բացատրությունը. ջերմոցային գազերը առաջացնում են ջերմոցային էֆեկտներ, որի հետեւանքով էլ տեղի է ունենում դեստաբիլիզացում: Սակայն էկոլոգ Կարինե Պետրոսյանը գլոբալ տաքացումները մեկնաբանում է այսպես. «Ազգաբնակչության կտրուկ աճը, արդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացումը պատճառ դարձան բնական պաշարների անխնա օգտագործման եւ շրջակա միջավայրի աղտոտման: Հայաստանը դեռ չի ենթարկվել այդպիսի կործանարար ազդեցությունների, չնայած երկրաշարժը միշտ մեր գլխին կախված է»:
Կ. Պետրոսյանի փոխանցմամբ՝ կլիմայի գլոբալ փոփոխությունները կարող են անդրադառնալ ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ մարդու օրգանիզմի վրա եւ չի բացառվում, որ կարող են պատճառ դառնալ նաեւ նոր հիվանդությունների: Այն, որ եղանակի կտրուկ փոփոխությունները բացասական ազդեցություն կարող են ունենալ նաեւ մարդու առողջության վրա՝ փաստում են նաեւ բժիշկները: Օրինակ, ըստ սրտաբան Արա Շահինյանի՝ «Հիմնականում սրտանոթային հիվանդությունները եւ բոլոր խրոնիկ հիվանդությունները գարնանն ու աշնանը սրվում են: Ուստի առաջարկում եմ նման հիվանդություններով տառապող անձանց ավելի ուշադիր լինել, պարբերաբար չափել արյան ճնշումը եւ անհրաժեշտության դեպքում խմել իրենց հաբերը»:
«Անտառահատումները եւս նպաստում են կլիմայի փոփոխությանը: Ստեղծված էկոլոգիական իրավիճակը պահանջում է անհրաժեշտ միջոցառումների անհապաղ իրականացում, այլապես ոչ հեռու ապագայում քայքայիչ պրոցեսները կարող են դուրս գալ մարդու հսկողությունից եւ առաջ բերել այնպիսի անդառնալի փոփոխություններ, որի հետեւանքով մարդկությունը կարող է հայտնվել էկոլոգիական նոր ճգնաժամի շեմին»,- մեզ հետ զրույցում նշում է Կ. Պետրոսյանը:
«Բնականաբար, նույնիսկ գիտակցելով ամբողջ վտանգը, անհնար է կանգնեցնել գիտատեխնիկական առաջընթացը, սակայն բնական պաշարների օգտագործման նկատմամբ մարդու աշխարհայացքը փոխելը միանգամայն հնարավոր է եւ անհրաժեշտ»,- եզրափակեց Կ. Պետրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել