Երեկ Ե. Չարենցի տուն-թանգարանում կայացավ լրագրող Արփեն Մովսիսյանի «Աթենքյան հանդիպումներ» եւ «Ստամբուլյան նոթեր» տեսաֆիլմերի շնորհանդեսը: Նրա՝ 1975 թվականից սկիզբ առած «խոստովանությունների շղթան» շարունակվում է նաեւ այսօր՝ «Արարատ» հեռուստաալիքով ցուցադրվող «Հայից հայ» հեղինակային շարքով: ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը, կարեւորելով Արփեն Մովսիսյանի դերը հատկապես Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդման գործում, նշեց. «Մենք Սփյուռքը չենք իմանում, Սփյուռքի մասին հիշում ենք միայն տարեվերջի հեռուստամարաթոնների ժամանակ»: Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի խոսքով էլ՝ խայտառակ «աջաբսանդալով», խուժան հեռուստաալիքներով լցված այսօրվա մշակութային կյանքում Արփեն Մովսիսյանի տեսակը տարեցտարի հավակնում է գրանցվել Կարմիր գրքում:
Շնորհանդեսին տիկին Մովսիսյանին հանձնվեցին մի քանի պարգեւներ, Հայաստանում եւ Սփյուռքում հայոց լեզվի պահպանության ու զարգացման գործում ունեցած ակնառու վաստակի համար էլ՝ ՀՀ վարչապետի շնորհակալագիրը: Հայ մշակույթի զարգացման եւ նախարարության հոբելյանական ծրագրերի պատշաճ իրականացման համար էլ ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը Ա. Մովսիսյանին հանձնեց մշակույթի նախարարության Ոսկե մեդալը: Հանձնվեց նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի պատվոգիր եւ մեդալ: