Դպրոցականների շարժողական ընդունակությունների մշակման, բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորման, աճող սերնդի առողջության ամրապնդման, ՀՀ-ում ֆուտբոլ մարզաձեւի մասսայականացումը խթանելու եւ զարգացնելու նպատակով՝ ՀՀ կրթության եւ գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) հետ համատեղ մշակել են համալիր ծրագիր՝ միտված ֆուտբոլ մարզաձեւի ներդրմանը հանրակրթական դպրոցների ուսումնական առարկաների շարքում: Ի թիվս այլ մարզերի, Լոռիում այս տարվա սկզբից ծրագիրը ներդրվեց 50 փորձնական դպրոցներում: Արձանագրված հաջողություններից ծնվեց ՀՀ ԿԳ նախարարի՝ 2009 թ. հոկտեմբերի 28-ի հրամանը, ըստ որի՝ ֆուտբոլը ներդրվելու է դպրոցում իբրեւ ֆիզկուլտուրա առարկայի բաղադրիչ:
Դեկտեմբերի 10-ից Լոռիում մեկնարկող ծրագրի սկիզբը կտրվի Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցում: Այդ օրը կբաժանվեն ԿԳՆ-ի եւ ՀՖՖ-ի կողմից մշակված «Ֆուտբոլ» ծրագրի մեթոդական ձեռնարկներ, համապատասխան մարզագույք, կկազմակերպվի նաեւ «Ֆոտբոլը հանրակրթական դպրոցներում» թեմայով սեմինար-քննարկում:
Մեզ հետ զրույցում Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության առաջատար մասնագետ Ասատուր Սողոյանը ծրագիրը դրական գնահատեց. «Սրանով զարկ կտրվի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում: Մենք այսօր մեծահասակների ֆուտբոլում բավական թերանում ենք: Ծրագիրը կնպաստի նաեւ դրա զարգացմանը: Այսօր մեր առջեւ խնդիր է դրված զարգացնել ֆուտբոլը, իսկ մենք չենք կարող անընդհատ լեգիոներներ գնել. դա կապված է մեծ գումարների հետ, ուստի պիտի մենք մերը ունենանք»:
Ա. Սողոյանը տեղեկացրեց նաեւ, որ ծրագրի պատշաճ կատարումը Լոռիում պետք է վերահսկի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունը, ծրագիրն էլ անձամբ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի ուշադրության կենտրոնում է: