Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «2009 ԹՎԱԿԱՆԸ ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻ ԷՐ»

Դեկտեմբեր 09,2009 00:00

\"\"Մրցաշրջան 2009-ը կարելի է համարել պաշտոնապես փակված: Անցկացվել են մեր հանրապետության համար առաջնային նշանակություն ունեցող Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները, որոնց ամփոփումը շոշափելի դրական տեղաշարժ է արձանագրել:
Բայց այդ առաջընթացը միայն մեդալների որակով ու քանակով չի գնահատվում: Ավելի կարեւոր են մասսայական ֆիզկուլտուրայի ոլորտի ձեռքբերումները: Օրերս «Առավոտը» փորձեց տարին ամփոփել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի հետ:
– Պարոն Գրիգորյան, 2009 մարզական տարվան գնահատական կտա՞ք:
– Այո: Եվ շատ բարձր: Եվ ասեմ՝ ինչու: Յուրաքանչյուր հաջորդ տարվա պլանները հաստատվում են ֆեդերացիաների հետ նախորդ տարվա արդյունքների համատեղ քննարկումից հետո միայն: 2009-ի համար կազմված բոլոր ծրագրերը կատարվել են լիովին:
– Դա արդեն վերջնականապես որդեգրած քաղաքականությո՞ւն է:
– Անպայման: Ու դրանում շատ կոնկրետ քայլեր են ամրագրված:
– Օրինակ, ի՞նչ քայլեր:
– 2009-ից սկսվեց նոր օլիմպիական ցիկլը, որը տեւում է մինչեւ 2012 թվականը: 2009-ը մեզ՝ սպորտի պետական կառույցի եւ ՀԱՕԿ-ի համար որոնողական տարի էր, երբ հնարավորին չափ մեծ տեղ էր հատկացվում պատանիներին եւ երիտասարդներին, որոնք մեր վաղվա օրն են: Բնականաբար, մեծերն էլ աչքաթող չէին արվում: Այս քաղաքականությունն իրեն լիովին արդարացրեց: Տարբեր տարիքային խմբերի աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, պաշտոնական եւ ոչ պաշտոնական միջազգային մրցաշարերում մեր ռեզերվի մարզիկները շոշափելի առաջընթաց արձանագրեցին: Հենց նրանց շնորհիվ էլ 2008 թվականին նշածս պաշտոնական մրցումներում նվաճած 108 ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալների քանակն այս տարի հասավ 135-ի: Կրկնում եմ, որ խոսքը միայն տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մասին է:
– Հետո ի՞նչ է լինելու:
– 2010 թվականը կոնկրետացման տարի է լինելու: Արդեն ի հայտ են եկել կոնկրետ նոր անուններ, շատերը իրենց ճանաչել տվեցին: Այս տարի մեր քայլերն արդեն ավելի կոնկրետացված են լինելու: Վստահ եմ, որ տարեվերջին արդեն բոլոր խնդիրներում կողմնորոշված կլինենք եւ 2011-ից կայուն քայլերով կգնանք դեպի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղեր:
– Եթե նկատի ունեք կոնկրետ՝ նպատակային ներդրումները, որ պետությունը, օլիմպիական կոմիտեն, մասնավորապես՝ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ոչինչ չեն խնայի, կասկած չկա: Կարեւորն այդ ներդրումները ճիշտ բաշխելն ու նպատակային ծախսելն է:
– Գոնե դուք տեղյակ եք, որ հիմա ֆեդերացիաների հետ տարվա ընթացքում երկու քննարկում է լինում: Մեկը ամռանը՝ Եվրոպայի առաջնությունից հետո, երկրորդը՝ աշնանը, երբ ավարտվում են նաեւ աշխարհի մրցումները: Դրանք լուրջ քննարկումներ են ու դրանց ավարտից հետո ենք որոշում, թե ո՞ր մարզաձեւում հաջորդ տարի ի՞նչ ներդրումներ կարելի է կատարել:
– Դուք անդրադարձաք զուտ մարզական ցուցանիշներին: Բայց դրանց հասնելու համար ճակատագրական է նաեւ գործի ճիշտ կազմակերպումը՝ օղակներ, առանց որոնց առկայության՝ ժամանակակից սպորտում երազներ փայփայելն անգամ իմաստ չունի: Օրինակ՝ մարզական բժշկությունը:
– Մարզական բժշկությունը, ի դեմս մեր համապատասխան կենտրոնի, վերջապես մեզ մոտ էլ կայացավ: Հիմա տարբեր մարզաձեւերի տարիքային բոլոր խմբերի հավաքականների անդամներն ու թեկնածուները տարվա ընթացքում 2-3 անգամ այնտեղ համալիր՝ ֆունկցիոնալ, հոգեբանական եւ այլ հետազոտություններ են անցնում: Մարզիչ-բժիշկ համագործակցության արդյունք է, որ մեր նվաճումները միջազգային ասպարեզներում տարեցտարի աճում են:
Եթե հիշում եք, օլիմպիական կոմիտեի առաջնային ծրագրերից է նաեւ հավաքականների մարզիչների որակավորման բարձրացումը, որի համար, սկսած 2006 թվականից, ամեն տարի տեղում սեմինարներ են կազմակերպվում՝ միջազգային ֆեդերացիաների լավագույն մասնագետներ հրավիրելով: Հիմա այդ գործընթացը մեկ քայլ առաջ է գնացել: Իրականացվում է նաեւ մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների որակավորման բարձրացման ծրագիր, ինչը մենք շատ ենք կարեւորում: Համոզված ենք, որ վերջնական արդյունքն անհամեմատ ավելի նշանակալի կլինի, եթե մարզադպրոցներում սկսնակների հետ աշխատեն արդեն իսկ միջազգային չափորոշիչներին համապատասխանող մարզիչ-մանկավարժներ:
Այս տարի ՀԱՕԿ-ը միջազգային հակադոպինգային ծառայության՝ ՎԱԴԱ-ի հետ պայմանագիր ստորագրեց, մենք ունեցանք մեր կանոնակարգը: Այս ամիս Ազգային ժողովը պատրաստվում է հաստատել հակադոպինգային կոնվենցիան, որով մենք կանդամագրվենք եվրոպական եւ համաշխարհային հակադոպինգային կազմակերպությանը: Ասեմ, որ դոպինգի դեմ պայքարը բխում է նախ եւ առաջ Հայաստանի եւ մեր կարգավիճակում գտնվող երկրների շահերից:
– Մարզական շինարարության եւ գույքային ծրագրերի մասին ի՞նչ կասեք:
– Այսօրվա սուղ պայմաններում էլ մենք կարողացանք հնարավորության սահմաններում իրականացնել գույքային ծրագիրը եւ մարզական ֆեդերացիաներին ինչ-որ չափով օգնել: Ինչ վերաբերում է շինարարությանը, 2010 թվականին կսկսվի «Հայաստան» մարզական միության՝ վթարային վիճակում գտնվող ծանրամարտի դպրոցի նորոգումը, որով մայրաքաղաքում կունենանք մարզաձեւի պրոֆեսիոնալ մարզադպրոց: Գույքային եւ մարզական շինարարության ծրագրերը, որ սկսվել են վաղուց, ներկայիս ճգնաժամի պատճառով չեն կանգնել, այլ որոշակիորեն նվազել են: Սակայն գործընթացը կանգ չի առել:
– Մի քանի խոսք էլ մասսայական սպորտի մասին:
– Գլխավոր նպատակը ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը՝ ընտանիքներ մտցնելն է: Դրա ամենախոսուն օրինակը «լավագույն մարզական ընտանիք» միջոցառումն է, որը տարեցտարի ավելի լայն ընդգրկում է ունենում: Պիտի հիշեք, որ այն սկսվել է 54 ընտանիքով: Իսկ այս տարի այդ թիվն ամբողջ հանրապետությունում հասել է 171-ի: Սա մեծ թիվ չէ: Բայց քիչ էլ չէ: Ամեն բան տանում է նրան, որ եկող տարի այս թիվն էլ կկրկնապատկվի: Ընդ որում, արդեն երեխաների երկու տարիքային խմբերով՝ 6-9 եւ 9-13 տարեկաններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել