Շարունակվում են մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառումները՝ նրա անունը կրող քաղաքում: Օրերս բացվեց նաեւ Կոտայքի մարզի գեղարվեստի եւ արվեստի դպրոցների սաների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:
Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոցի տնօրեն Արիս Կարապետյանը, կարեւորելով նման միջոցառումների անցկացումը, հավաստիացրեց, որ այսպիսի շփումների շնորհիվ մարզի փոքրիկ նկարիչները էլ ավելի ոգեւորված կստեղծագործեն: Արտերկրի արվեստասերին ներկայանալու առումով առավել փորձված էին ցուցահանդեսի մասնակից՝ Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցի աշակերտները. նրանց աշխատանքները ցուցադրվել են Լեհաստանում, Չինաստանում եւ Ռուսաստանում՝ շահելով մրցանակներ:
Հաճելի էր, որ պատանի նկարիչները թեմատիկ այս ցուցահանդեսին ներկայանալուց առաջ կարդացել էին հայ նոր գրականության հիմնադրի ստեղծագործությունները, տեղեկացել նրա կենսագրությանն ու գործունեությանը, ինչը ինտերնետի իշխանության դարում ուրախալի փաստ է: