Ժողովրդական նկարիչ Հռիփսիմե Սիմոնյանի ընտանիքի նվիրատվությամբ եւ «Պողոսյան պարտեզներ» ընկերության միջոցներով Երեւանի Սիրահարների այգում տեղադրվել է կերամիկական արձան: Այսօր տեղի կունենա «Արմենուհի» քանդակի բացման հանդիսավոր արարողությունը: Հիշեցնենք, որ Հռիփսիմե Սիմոնյանը մեկն էր այն արվեստագետներից, ով խորհրդային շրջանում վերածնեց հայկական ավանդական կերամիկական արվեստը։ 1.9 մետր բարձրությամբ «Արմենուհի» կերամիկական քանդակը, որ նախկինում ցուցադրվել է միայն մեկ անգամ, այսուհետեւ գեղագիտական հաճույք կպատճառի այգու այցելուներին: Առաջիկայում Երեւանի Սիրահարների այգում նախատեսվում է նաեւ մի շարք այլ քանդակների տեղադրում։