Լրահոս
Օրվա լրահոսը

Պարի փառատոն՝ Լոռիում

Դեկտեմբեր 09,2009 00:00

«Առավոտը» նախորդ համարներում տեղեկացրել էր, որ Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի է ունեն ազգագրական եւ ժողովրդական պարարվեստի Լոռու մարզային մրցույթ-փառատոնը: Մասնակից 13 խմբերը մարզի տարբեր գյուղական ու քաղաքային բնակավայրերից էին: Բացման խոսքում Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանն ասաց. «Այսօր Լոռու մարզում առաջին անգամ կայանում է նման փառատոն, որին մասնակցում են մարզի քաղաքների եւ գյուղական համայնքների պարային լավագույն խմբերը»: Ներկայացվեց ընդհանուր թվով 19 պար: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանն ասաց. «2010 թվականին տեղի է ունենալու «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային 4-րդ փառատոնը, եւ մենք եկել ենք ծանոթանալու մարզի կատարողական արվեստի մակարդակին, գործող խմբերին, որպեսզի այդ փառատոնի համար ընտրենք լավագույններին»: Նա տեղեկացրեց, որ այդ նպատակով եղել են ՀՀ 7 մարզերում, քննարկել 2010-ի փառատոնի ծրագրերը, մասնակցության սկզբունքը: Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի կողմից պատվոգրեր եւ մրցանակներ ստացան. 1-ին տեղի համար՝ Վանաձորի «Հորովել» մանկապատանեկան (գեղ. ղեկ.՝ Արմենուհի Դիլանյան), 2-րդ տեղի համար՝ Ստեփանավանի «Անի» (գեղ. ղեկ.՝ Տաթեւ Իսպիրյան), 3-րդ տեղի համար՝ Վանաձորի թիվ 3 մշակույթի տան «Զարթոնք» պարային համույթները: Թ.Պողոսյանի կողմից եւս 5 մրցանակ շնորհվեց «Տաշիր», «Անի», «Հորովել», Վանաձորի եւ Սպիտակի «Զարթոնք» պարային համույթներին: Փառատոնը վարում էր ասմունքող, հաղորդավարուհի Աղավնի Վարդանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել