Ֆրանսիացի լեգենդար երաժիշտ եւ կոմպոզիտոր Ժան Միշել Ժառի հայկական ակումբը դեկտեմբերի 18-20-ը «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկում կազմակերպում է ֆոտոցուցահանդես՝ նվիրված Ժան Միշել Ժառի ստեղծած համերգային ակցիային, որը հեղինակն անվանում է՝ «Քաղաքները համերգում»։ Ժան Միշել Ժառի հայկական ակումբից ստացված հաղորդագրության մեջ ասվում է. «Քաղաքները համերգում» անվանումը նշանակում է, որ այս ֆորմատով անցկացվող համերգի ժամանակ ողջ քաղաքը բառացիորեն գտնվում է համերգի մեջ։ Նման համերգների ընթացքում շենքերը վերածվում են վիթխարի էկրանների եւ դեկորացիաների, որոնք օգնում են ոչ միայն լսել Ժառի յուրօրինակ երաժշտությունը, այլ նաեւ տեսնել այն»։ Ժառի «Քաղաքները համերգում» ֆորմատով անցկացված համերգներից չորսով Ժառը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ 1979թ.-ին Փարիզում Ժառի առաջին համերգին ներկա գտնվեց 1 000 000 մարդ, 1986թ.-ին ԱՄՆ-ի համերգին՝ 1 300 000 հանդիսատես, իսկ 1990թ.-ին 2 500 000 հոգի հավաքվեց Փարիզի կենտրոնում՝ լսելու եւ տեսնելու Ժառի երաժշտությունը։ 1997-ին էլ Ժառը սահմանում է մարդկության պատմության մեջ երբեւէ գրանցված ամենաֆանտաստիկ ռեկորդը՝ Մոսկվայի համերգին նա հավաքում է 3 500 000 հանդիսատես։
Ժան Միշելը իր համերգներով զարդարել է Եգիպտոսի բուրգերը, Սահարա անապատը, Էյֆելյան աշտարակը, Պեկինի «Արգելված քաղաքը», Աթենքի Ակրոպոլիսը եւ բազմաթիվ այլ խորհրդանշական վայրեր եւ կառույցներ։