Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկս՝ մյուսով

Դեկտեմբեր 09,2009 00:00

Երեկ ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի տանն իսկական «դեվիչնիկ» էր: Մոտ հարյուր կին ու աղջիկ էին հյուրընկալվել տիկին դեսպանին: Նրանց գրեթե կեսը՝ 45-ը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողուհիներ էին, մյուս կեսը՝ հանրապետությունում հայտնի կանայք՝ տարբեր հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, դասախոսներ, նախկին ու ներկա պաշտոնյաներ: Նրանց մեջ նկատեցինք հասարակական եւ ստեղծագործական գործունեությամբ «կին-առաջնորդ» համարվելու պատվին արժանացած Աստղիկ Գեւորգյանին, Ջեմմա Հասրաթյանին, Կարինե Խոդիկյանին, Կարինե Դանիելյանին, Կարինե Հակոբյանին, Գայանե Մարկոսյանին, Լարիսա Մինասյանին, Նաիրա Գյուրջինյանին… Նրանց մեկտեղել էր «Կանանց մենթորական (խորհրդատու-ուղղորդող) ծրագիրը», որի մեկնարկը տրվեց երեկ: Յուրաքանչյուր ուսանողուհի ուներ իր մենթորը, որը կամավոր ստանձնել էր նրա խորհրդատու-ուղղորդողի դերը: Երեկ նրանք միմյանց առաջին անգամ էին հանդիպում, սակայն ծրագիրը նախատեսում է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում խորհրդատու-«սանուհի» հանդիպումները պիտի պարբերական բնույթ կրեն: Ուղղորդողը (մենթորը) իր խորհուրդներով, ընդ որում՝ ոչ միայն մասնագիտական, այլեւ՝ անձնական հարաբերությունների մասով, կարող է մեծ օգնություն մատուցել իր «սանուհուն»: ՀԱՀ պրոռեկտոր եւ փոխնախագահ Լուսիգ Դանիելյանը, անդրադառնալով հայ կանանց դերին, հիշեցրեց, որ երբ նախորդ դարի 20-ական թվականներին ԱՄՆ-ում նոր էին կանանց թույլ տալիս մասնակցել ընտրություններին, Հայաստանում արդեն կային կին խորհրդարանականներ: Տիկին Յովանովիչն «Առավոտին» ասաց, որ ինքն անձամբ փաստացի երկու «սանուհի» ունի, սակայն իր գործունեությամբ ունի բազմաթիվ ոչ ֆորմալ հովանավորյալներ, որոնց փորձում է օգտակար լինել իր օրինակով եւ փորձով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել