«Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների ասոցիացիա հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ Counterpart կազմակերպության աջակցությամբ սայլակավոր հաշմանդամները, երեկ «Մատչելի Երեւան» կարգախոսով, երթով Արամ Խաչատրյանի արձանի մոտից հասան Երեւանի քաղաքապետարան: Ըստ «Աստղիկ» ասոցիացիայի նախագահ Լեւոն Ներսիսյանի, նպատակն է ուսումնասիրել Երեւանի փողոցների՝ հաշմանդամների համար մատչելիությունը եւ առկա սխալներն ու բացթողումները վերացնելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել Երեւանի քաղաքապետարանին: «Մատչելի Երեւան ունենալը բոլորիս խնդիրն է»,- հայտարարեց Լեւոն Ներսիսյանը:
Իսկ Երեւանի քաղաքապետարանում հաշմանդամներին եւ երթի մյուս մասնակիցներին ընդունեց Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ու խոստացավ, որ սրանից հետո Երեւանում իրականացվող բոլոր շինարարական-կառուցապատման աշխատանքներում անպայման հաշվի կառնվեն հաշմանդամների իրավունքներն ու շահերը: Գ. Բեգլարյանը նկատեց նաեւ, որ նախկինում Երեւանում փողոցների նորոգման ժամանակ հաշմանդամների շահերը անտեսվել են: Նշենք, որ նախկինում Գ. Բեգլարյանը Երեւանի կենտրոնի թաղապետն էր, քաղաքապետն էլ նրա կուսակցական ընկեր Երվանդ Զախարյանն էր:
Գագիկ Բեգլարյանը հաշմանդամներին ասաց նաեւ, որ քաղաքապետարանի ամենագլխավոր նպատակը կլինի «ձեզ մեզանից չտարանջատելը, չառանձնացնելը»: