Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ՝ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՀԵՏՈ

Դեկտեմբեր 09,2009 00:00

Արսեն Ասատրյանը, հաշմանդամ դառնալով, նկարելու միջոցով նոր կյանք սկսեց

\"\"
Արսենը կնոջ եւ որդու հետ:

Վերջերս Անգլիայի Յորք քաղաքում կայացավ Սպիտակ քաղաքի բնակիչ, հաշմանդամ Արսեն Ասատրյանի գեղանկարների ցուցահանդեսը: Այս ցուցահանդեսի մասին, ինչպես Արսենն է ասում, չէր համարձակվում երազել, քանի որ, ըստ նրա, անգամ Հայաստանում դժվար է նման ցուցահանդեսներ կազմակերպել, էլ ուր մնաց՝ թե Անգլիայում: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ Արսեն Ասատրյանի ողնաշարը վնասվել է, որից հետո չի կարողանում քայլել. միայն անվասայլակով է տեղաշարժվում: Արսենի խոսքերով՝ «Որքան էլ փորձել եմ ինքնուրույն ցուցահանդես կազմակերպել՝ չի հաջողվել: Նույնիսկ պայմաններ չկան աշխատելու համար, իսկ իմ ստացած 11 հազար հաշմանդամության թոշակով ոչ կարող եմ համակարգիչ գնել, ոչ էլ՝  ինտերնետից օգտվել, որպեսզի գոնե այդ միջոցով կապեր հաստատեմ ու հնարավորություններ գտնեմ»:
Արսենի պատմելով, մի քանի տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած իր միակ ցուցահանդեսին ներկա է եղել նաեւ անգլիացի հաշմանդամ նկարիչ Նիկ Օքսլին: Վերջինս էլ Արսենին առաջարկել է, որ նման մի ցուցահանդես էլ կազմակերպվի Անգլիայում: Որ «դուռը թակել է», ում դիմել է՝ մերժվել է: Սպիտակում բարեգործական «Անիք» ծրագրի ղեկավար Ջին Դարբին դիմել է անգլիական «bmi» ավիաընկերությանը, որն էլ համաձայնել է օգնել՝ ապահովելով Արսենի եւ նրա տիկնոջ՝ Անգլիա մեկնելն ու վերադարձը:
Յորքի ամենահին եկեղեցում կայացած ցուցահանդեսին այցելուների պակաս չի եղել: Ինչպես Արսենն է պատմում՝ բոլորը շատ լավ տրամադրված էին եւ մոտենում էին ու իրենց հիացմունքն արտահայտում նկարների վերաբերյալ: «Շատ հայեր կային, որոնք, տեսնելով հայկական մոտիվներով նկարներ, մի տեսակ իրենց կարոտն էին առնում իմ նկարներից»,- մեզ հետ զրույցում ասաց Արսենը:
Թեեւ մանկուց նրա մեջ նկարելու ձիրք է եղել, բայց չի պատկերացրել, որ գեղանկարչությունը իր համար դառնալու է վերածնվելու եւ փրկության նման մի բան: Արսենի հոր՝ Սամվել Ասատրյանի խոսքերով՝ «Մխիթարված եմ, որ երկրաշարժից հետո Արսենը մնաց կենդանի, թեկուզեւ՝ հաշմանդամ, չնայած մի քանի տարի տարբեր երկրների կլինիկաներում բուժվել է: Բայց Աստված մի դուռը փակեց, մյուսը բացեց: Արսենս ամուսնացավ ու երկու հրաշալի թոռներ պարգեւեց, 30 տարեկանում էլ սկսեց նկարել, այս ամենը նրան ու մեզ նոր կյանք տվեց»: Արսենի խոսքերով՝ Անգլիայի ցուցահանդեսը իր կյանքում տեղի ունեցած երկրորդ երջանկությունն էր. «Երկրաշարժից հետո առաջին ոգեւորությունն ու ուրախությունը իմ ամուսնությունն էր, իսկ հետո՝ Յորքի ցուցահանդեսը: Դա շատ կարեւոր բան էր, հատկապես հաշմանդամ մարդու համար: Ցուցահանդեսից հետո ես ավելի ոգեւորվեցի ու էլ ավելի եմ պատրաստակամ ստեղծագործել, միայն թե գործերս գնահատվեն ու Հայաստանում ցուցահանդես-վաճառք կազմակերպվի: Կարծում եմ, կան մարդիկ, ովքեր կարող են նման բան կազմակերպել, բայց նույնիսկ չգիտեն, որ Հայաստանի տարբեր մարզերում կան տաղանդավոր մարդիկ, որոնց աջակցություն է պետք: Ես վստահ եմ, որ երկրաշարժի գոտում կան ստեղծագործող մարդիկ, բայց եթե հովանավորներ լինեն, որոնք կազմակերպեն հաշմանդամ մարդկանց ստեղծագործությունների վաճառքը. դա հսկայական օգնություն կլինի, քանի որ մեր երկրում հաշմանդամներն ինքնուրույն չեն կարող ցուցահանդես-վաճառք կազմակերպել: Բացի այդ, բազմաթիվ ստեղծագործող հաշմանդամների համար իրենց գործերի վաճառքը միակ ապրուստի միջոցն է»:
Մեզ հետ զրույցում Արսենը վստահեցրեց, որ Յորքում ինքն անգամ մոռացել էր, որ սայլակով է տեղաշարժվում. «Այնտեղ չես էլ զգում, որ հաշմանդամ ես: Իսկ մեր երկրում նույնիսկ մտքիցս հանել եմ ազատ ու առանց խոչընդոտների տեղաշարժվելու գաղափարը: Նույնիսկ ամենաչնչին բանն էլ բարդություն է: Յորքում մետրոն կամ ավտոբուսները, այգիներն ու սրճարաններն այնպես են ստեղծված, որ հաշմանդամն առանց որեւէ մեկի օգնության կարող է տեղաշարժվել: Հայաստանում այդ մասին երազելն անգամ անիմաստ է: Եթե նույնիսկ որոշեմ սրճարան գնալ մարդկանց հետ շփվելու համար, առաջին հերթին մտածում եմ՝ 11 հազար ամսական թոշակով ես ինչ կարող եմ անել: Էլ չեմ ասում, որ մարդիկ այնպիսի խղճալի հայացքով են նայում, որ կաշկանդվում ես դուրս գալ: Ես ուզում եմ բոլորին ասել, որ հաշմանդամներին կարեկցել պետք չէ, այլ նրանց պետք է ընդունել՝ ինչպես իրենց հավասարին»:

Հ. Գ. Արսենը երազում է մի փոքր արվեստանոց ունենալ: Ներկայումս Սպիտակում կառուցվում է «Վարպետաց տուն» համալիրը: Արսենի հոր խոսքերով՝ «Մի փոքրիկ սենյակ հատկացնեն տղայիս… վարպետ է, էլի, ինչ կլինի, որ օգնեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել