Լրագրող Շուշան Ղազարյանի զրույցը՝ փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանի հետ
– Հայաստանի պատմության մեջ շատ են եղել ճակատագրական տարեթվեր: 2009թ. հոկտեմբերի 10-ին մենք ականատես եղանք եւս մեկին: Ստորագրվեցին «Հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները»: Ստորագրման օրվանից բավական ժամանակ է անցել, հայ հասարակությունը մի բան պարզե՞լ է իր համար:
– Այն, որ հայ-թուրքական սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հայերի ու թուրքերի միջեւ՝ խնդրի երեւացող կողմն է միայն: Մինչդեռ իրական նպատակն այն է, որ այդ արձանագրությունները մեզ համար կարող են որոշիչ դառնալ պատմական շատ երկար հատվածի կտրվածքով: Չնայած տարբեր մեկնաբանություններին, հայ հասարակությունը հասկանում է, որ այս պրոցեսի անմիջական առաջամարտիկը Թուրքիան է, որն օգտագործում է հայ-թուրքական հարաբերությունների «detante»-ը, որպես իր ռազմավարական նպատակներն իրականացնելու միջոց: Դրանք են՝ տարածաշրջանում լիդերի կարգավիճակ ձեռք բերելը, ապահովելն իր անդամակցությունը Եվրամիությանը, էլ ավելի սերտացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, Հայոց ցեղասպանության արգելափակումը եւ այլն: Ակնհայտ է եւ այն, որ Թուրքիան այդ պրոցեսի մեջ է ներդնում ոչ միայն սեփական ներուժը, այլեւ շահագործում է ադրբեջանական էմոցիոնալ գործոնը՝ որպես զոհի կերպար եւ հավասարակշռություն Հայոց ցեղասպանության փաստի հետ: Հայ հասարակությունը հասկացավ նաեւ, թե ինչու են այդ գործընթացին խառնվել ԱՄՆ-ն եւ Եվրոպան: Նկատեց փոխկապակցվածություն՝ արձանագրությունների եւ ԱՄՆ-ի ռազմավարական նոր ընտրության ու Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների հետեւանքների վերացման՝ Եվրամիության վերցրած կուրսի միջեւ: Կուրս, որն իր մեջ ներառում է Բեռլինի պատը, բալթյան հանրապետությունների ինքնորոշումը, Հարավսլավիայի մասնատումը:
– Իսկ անհասկանալի բաներ մնացի՞ն հասարակությանը:
– Բազում հարցեր, որոնք վերաբերում են մեր սեփական ճակատագրին: Օրինակ՝ ի՞նչ շահ ունենք մենք դրանից եւ ո՞վ է երաշխավորում, որ մենք կիրացնենք մեր շահը: Ի՞նչ դեր է խաղում Հայաստանն այս պրոցեսի մեջ, պատրա՞ստ է, արդյոք, խաղալու իր նոր դերը: Ի՞նչ ռիսկեր է բերում հայ-թուրքական մերձեցումը եւ ինչպե՞ս ենք հաղթահարելու դրանք:
– Իսկ հասարակությունն արդյոք գիտակցե՞ց իր նշանակությունը նոր պրոցեսի մեջ:
– Սկզբում թվում էր, թե աշխուժացած հասարակությունը իշխանություններից ուր որ է կստանա խնդրի մի անսովոր լուծում: Բայց իշխանության պատասխաններն այնքան էլ համոզիչ չէին, եւ հասարակությունը փաստաթղթին արձագանքեց բուռն ՈՉ-ով: Ո՛Չ նախապայմաններին, Ո՛Չ արձանագրություններին, Ո՛Չ Թուրքիային… Կարծում եմ, դա հասարակության ինքնապաշտպանության բնազդն էր, չճանաչված Հայոց ցեղասպանության ու կոլեկտիվ հիշողության արձագանքը: Գուցեեւ, երկրի համար ճակատագրական որոշման պատասխանատվությունից խուսափելու ձգտում: ՈՉ-ի մոլեգին հանդեսը սանձեց նախագահն իր ելույթով, որը արձանագրությունների ստորագրման նախօրեին տեղեկացրեց հասարակությանը, թե ինքը գիտի լիցքաթափման ԳԻՆԸ եւ պատրաստ է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ իր վրա վերցնել:
-Եվ նախագահի խոսքից հետո՝ «դարձ ի շրջանս յու՞ր»:
-Այո, այդ հայտարարությունից հետո պահպանողական վերնախավն էլ ավելի եռանդով տրվեց իր սովոր զբաղմունքին՝ ինքնագովազդին, հպարտ ներկայանալով իբրեւ տարածաշրջանում եւ միջազգային ասպարեզում նոր դերակատարումներ ու բարեփոխումներ իրականացնող գործոն: Սակայն քաղաքական վերնախավը երկրի արտաքին բարեփոխումների փորձը չզուգակցեց ներքին բարեփոխումների ծրագրով եւ իր վրա չվերցրեց երկիրն արդիականացնող առաջամարտիկի դերն ու պատասխանատվությունը:
– Ինչո՞ւ:
– Քաղաքական վերնախավը միամիտ չէ եւ հրաշալի հասկանում է, որ հայ-թուրքական մերձեցումը սկիզբ կդնի խորքային բարեփոխությունների՝ ոչ միայն հասարակության շարքերում եւ տնտեսական քաղաքականության մեջ, այլեւ Հայաստանի քաղաքական ողջ համակարգում: Կարծում եմ, քաղաքական վերնախավի ձեռնպահ մնալու խորքային պատճառը՝ նրա վրա ճնշումի բացակայությունն է:
– Ճնշումը ներքեւից ու դրսից խիստ արդյունավետ կլիներ մեր պարագայում: Սակայն Արեւմուտքը այդպես էլ աչք փակեց մեր երկրում նախագահական ընտրություններից մինչեւ այսօր շարունակվող բոլոր բռնությունների վրա:
– Արեւմուտքը արագացնելով հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման գործընթացը, աչք է փակել իշխանությունների կողմից մարդու իրավունքների ոտնահարման եւ երկիրը ժողովրդավարացնելու՝ նրանց ցանկության բացակայության վրա: Դա նշանակում է, որ մենք ժողովրդավարացման գործընթացում այսօր զրկված ենք դրսի ճնշման կարեւոր լծակից եւ պետք է ապավինենք միայն մեր սեփական ուժերին:
– Բայց եւ հայ հասարակությունն էլ իր հերթին է աչք փակում այդ ամենի վրա: Չկա հասարակական ակտիվություն, չկա ճնշում ներքեւից: Հասարակությունը վերջապես ցանկություն ունի՞ որեւէ դերակատարություն ստանձնել:
– Հասարակությունը հոկտեմբերի 10-ից հետո վերադարձավ իր օտարված վիճակին: Արձանագրությունների պատասխանատվությունը նախագահին հանձնելով, հասարակությունն այնքան ամփոփվեց իր մեջ, որ անգամ դադարել է բանավիճել հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման հետեւանքների շուրջ, աշխատելով չմտածել, որ ԻՆՔՆ է վճարելու հետեւանքների գինը եւ հաղթահարելու դրանից բխող դժվարությունները:
– Դրա կարիքը հասարակության մեջ գուցե դեռ չի՞ հասունացել:
– Ստորագրվելուց հետո գնդակը հայտնվեց խորհրդարանի դաշտում, որն էլ պետք է դառնար արձանագրությունները կյանքի կոչելու Ազգային երաշխավորը: Խորհրդարանն էլ գտավ փրկիչ բանաձեւը. «Սկզբում թուրքական խորհրդարանը, հետո՝ մենք»,- որոշեց նա, ու արձանագրությունների ստորագրման գործն ուղղվեց Սահմանադրական դատարան: Եվ ինչպես միշտ է մեզ մոտ պատահում, մեր խորհրդարանն այս անգամ էլ է սպասում, որ Արեւմուտքը թուրքերին «կստիպի» վավերացնել արձանագրությունները: Այսինքն, մեր խորհրդարանի «բարեհաճությամբ» մենք էլի մխրճվել ենք մեզ համար սովորական դարձած ԿԱԽՅԱԼԻ գաղջ մթնոլորտի մեջ: Սակայն ժամանակն անողոք է, եւ կասկած չկա, որ թուրք խորհրդարանականները հասկանում են արձանագրությունների կարեւորությունը սեփական երկրի համար եւ կվավերացնեն դրանք: Իհարկե, թուրքերը չեն զլանա նաեւ մինչեւ 2010թ. ապրիլի 24-ը՝ Արեւմուտքի ականջի համար հնչեցնել տարբեր հայտարարություններ եւ նրանց առաջ զանազան թատրոններ խաղալ: Ենթադրում եմ, որ այդ հայտարարություններն արվում են ոչ թե ՆԵՐՔԻՆ, ինչպես շատերն են կարծում, այլ ԱՐՏԱՔԻՆ օգտագործման համար, քանի որ ծառայում են որպես միջոց՝ փոքրիկ ներդրումով ու ծախսով մեծ շահ ստանալու՝ վաղուց փորձված թուրքական հնարքի համար: Նախանձելի էներգիայով օժտված թուրքերի լիդերը հաջողությամբ յուրացնում է «նոր օսմանների» նոր դերն ու անհրաժեշտ արագություն է հաղորդում այդ գործընթացին. Թուրքիան անսպասելի դարձել է արաբների բարեկամը եւ հրեաների հակառակորդը, Իրանի պաշտպանն ու քրդերի բարի հովանավորը: Այնպես որ, Բոսֆորից եկող ակնարկների պակաս աշխարհը չունի. թուրքերը դատարկ ժամանակ չեն ծախսում:
– Այս ֆոնին՝ մեր խորհրդարանի անգործությունը նրա չգոյության նշանն է:
– Այո, թեպետ արձանագրությունների ստորագրման իմաստով՝ պառլամենտի չգոյությունը չի փոխում իրերի դրությունը: Այսպես թե այնպես, այդ անինքնուրույն մարմինը, ինչպես միշտ, կդակի վերեւից իջեցված որոշումը: Չէ՞ որ պառլամենտը, որպես արձանագրությունները կյանքում ներդնող ազգային երաշխավոր, պետք է բազում օրենքներ կյանքի կոչեր՝ մեր երկիրն ապահով պահելու անցանկալի ներխուժումներից: Միաժամանակ, պարտավոր էր գործադիր իշխանության հետ ակտիվ մասնակցություն ունենալ՝ հայ հասարակությանը պատմության այս նոր շրջադարձին նախապատրաստելու գործում: Սակայն մինչեւ այսօր Հայոց խորհրդարանը չի սկսել նախապատրաստվել երաշխավորի իր նոր դերին եւ չի իրականացնում այն բոլոր քայլերը, որոնք կնախապատրաստեն հասարակությանը արձանագրությունների վավերացումից սպասվող նոր իրավիճակին: Խորհրդարանը շարունակում է լռել ու սպասել:
– Այդ ռիսկերի ու դժվարությունների մասին չխոսելու փաստը վկայում է, որ իշխող վերնախավը սոցիալական պատասխանատվությանը մոտենում է զուտ ինքնագովազդի նպատակով:
– Այո, այլապես դժվար է հասկանալ, թե հասարակությանը այդ ռիսկերին նախապատրաստելու փոխարեն, կառավարող վերնախավը ինչո՞ւ գիտակցաբար նվազեցնում է հայ-թուրքական արձանագրությունների սոցիալ-քաղաքական, քաղաքական-տնտեսական եւ սոցիալ-հոգեբանական ՀՆԱՐԱՎՈՐ ռիսկերը եւ դրա գինը: Ինչո՞ւ է սահմանափակում հասարակության տեղեկացվածությունն այս խնդրին, երբ տեղեկատվության միջոցներն ու հեռուստատեսությունը կառավարվում են իր կողմից: Ինչո՞ւ է վերնախավը սնվում խաբկանքներով ու իր հերթին չիրականացվող սպասելիքներ արմատավորում հասարակության մեջ: Չէ՞ որ սահմանի բացումը սոսկ ֆիզիկական գործողություն չէ, այլ՝ քաղաքական, սոցիալական ու մշակութային բարդ գործընթաց: Որ այս երկու տարբեր աշխարհների հակադիր շահերի եւ սպասելիքների, քաղաքական մտածողության ու գործունեության տարբեր տեսակների, պատմական անցյալով ու ներկայով ձեւավորված մշակույթների հանդիպումը զուգորդվելու է լուրջ խնդիրներով, որոնց հաղթահարումը հեշտ չի լինելու: Տպավորություն է ստեղծվում, թե իշխող վերնախավը չի փորձում փարատել հասարակության շփոթվածությունը, չի օգնում դիմակայելու հերթական լուրջ փորձությանը եւ, վերջապես, չի վախենում նրա զայրույթից: Այս իմաստով, արձանագրությունները վավերացնելուց հետո, որպես կյանքում դրանք ներդնելու Ազգային երաշխավորի, խորհրդարանի շատ կարեւոր տեղը, այսպիսով, ՄՆԱՑԵԼ Է ԹԱՓՈՒՐ: Ու կասկած չկա, որ այս ամենը հասարակությանը ԿՍՏԻՊԻ ԶԳԱԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ երկրում: Հնարավոր է, որ հասարակությունը սկսի ՊԱՏԱՍԽԱՆ պահանջել օրենսդիրներից՝ երկրում ստեղծված իրավիճակի համար: Մինչդեռ, խորհրդարանում նստած մարդիկ այդ մասին չեն մտածում: Կմտածեն այն ժամանակ, երբ կզգան իրենց վրա ճնշում վերեւից կամ ներքեւից, կամ էլ երկու կողմերից հավասարապես:
– Հետեւաբար, ավանդական հարց է ծագում. կա՞ երկրում, արդյոք, այն ուժը, որն ի վիճակի է ճնշում գործադրել ու ստիպել խորհրդարանին՝ կատարելու իր առաքելությունը:
– Անկասկած, իշխող վերնախավը չէ միակ պատասխանատուն՝ հասարակությանն այս ծանր շրջադարձին նախապատրաստելու հարցում: Քաղաքական կուսակցությունները նույնպես իշխող էլիտային հավասար դերակատարներ են այս գործընթացում եւ դա նրանց ծրագրի թիվ 1 խնդիրը պիտի լիներ այսօր: Այս իրադրության մեջ քաղաքական կուսակցությունները վերագնահատեցին իրավիճակը եւ վերադասավորվեցին: Տարանջատվել են ընդդիմության Ազգային-հայրենասիրական եւ Լիբերալ-դեմոկրատական թեւերը: Ազգային-հայրենասիրականը հասարակության ուշադրությունը սեւեռել է արձանագրությունների նախապայմանների՝ Եղեռնի ճանաչման, Հայ դատի եւ ղարաբաղյան հարցի լուծման ռիսկերի վրա: Օգտագործելով հասարակությունը մոբիլիզացնելու հին ու արդյունավետ մեխանիզմը, նա ձեւավորել է ազգային շարժում՝ «Ո՛Չ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ» կարգախոսով: Չկարողանալով արգելել արձանագրությունների ստորագրումը, ընդդիմությունը բարձրացրել է հասարակության զգոնությունը՝ ազգային շահերին միտված մարտահրավերների հանդեպ:
– Արդյունքում՝ արձանագրությունների սոցիալական կարեւոր տեսանկյունները մնացել են հասարակության ուշադրությունից դուրս:
– Մինչեւ այսօր ազգային անվտանգության հրատապությունը ստվերել է հայ-թուրքական դետանտի սոցիալական կարեւոր տեսանկյունները, եւ որեւէ քաղաքական ուժ այդ տեսանկյունների վրա շեշտադրում չի կատարել ու իր վրա չի վերցրել դրանց պաշտպանությունը: Միգուցե այդ պատճառով մեր հասարակությունը դեռ չի մտահոգվում, թե ո՞րն է այն առավելագույն սոցիալական գինը, որն ինքը ի վիճակի է վճարել հայ-թուրքական հարաբերությունների լիցքաթափման համար: Հասարակությունն իրեն հաշիվ չի տվել, որ առանց մեր երկրի կարեւորագույն պետական ինստիտուտների արդիականացման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման՝ հայ-թուրքական հարաբերությունների մերձեցումը շահավետ կլինի միայն թուրքական կողմի համար: Իսկ հայկական կողմին բաժին է ընկնելու անընդհատ պաշտպանվողի դերը: Հասարակությունն իրեն անգամ հաշիվ չի տալիս, որ բարձրաձայնվող տնտեսական հնարավոր ձեռքբերումները, հատկապես դեպի ծով դուրս գալու այլընտրանքային ճանապարհի թույլտվությունը եւ տարածաշրջանային նախագծերին մասնակցելը, անխուսափելիորեն կապված են մեր սոցիալական անվտանգության, ազգաբնակչության միգրացիայի եւ մեր կոլեկտիվ հիշողությանը սպառնացող ռիսկերի հետ:
– Այս բոլոր հարցերի պատասխանները պետք է տար խորհրդարանը, բայց նա դեռ լռում է:
– Պատասխաններ ստանալուն կարող է օգնել լիբերալ-դեմոկրատական ընդդիմությունը: Այդ ուժը կարող է հնչեցնել այս հարցերը եւ հասարակությանը զգոն պահել սեփական դերի ու պատասխանատվության նկատմամբ՝ երկրի վիճակի, ընդունվող որոշումների ու ապագայի հանդեպ:
– Եվ խնդիրը միայն այն չէ, որ առայժմ նրանց չի հաջողվել անել դա, այլ այն, որ այդպիսի խնդիր դեռ ՉԻ ԷԼ ԴՐՎԱԾ քաղաքական կուսակցությունների առաջ:
– Ըստ իս, հայ հասարակությունն այսօր գտնվում է առանձնահատուկ վիճակում: Մեր գենետիկ կոդն այնպես է կառուցված, որ մենք շատ սուր ենք արձագանքում ազգային գոյատեւման վտանգներին: Այդ առումով հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման արձանագրությունով ստեղծված պահը պատմական MOMENTUM է, որում միահյուսված են անհանգստությունը, ապագայի հանդեպ պատասխանատվությունը, ուժերի ներքին կենտրոնացումը եւ գործելու պատրաստակամությունը:
– Այս իրավիճակում գտնվող հասարակությունը կարող է եւ պարտավոր է դրականորեն արձագանքել երկրի ճակատագրի եւ ընդունված որոշումների պատասխանատուն լինելու կոչին:
– Եվ ավելին, նույնիսկ ճնշում գործադրել իշխանությունների վրա՝ երկիրն արդիականացնելու, սպասումների տեղապտույտը հաղթահարելու եւ արդիականացման հիմնավոր եւ իրատեսական ծրագրերի իրականացմանը ձեռնամուխ լինելու պահանջով: Այդ Ազգային ծրագիրը կդառնա հայ-թուրքական մերձեցման արդի փուլի ամենամեծ նվաճումը, առանց որի հաջորդ քայլն անել չենք կարող: