Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խնդիրները շատ են

Դեկտեմբեր 09,2009 00:00

Կապանի մանկապարտեզները հեռու են միջազգային չափորոշիչներից

Սյունիքի մարզկենտրոն Կապանի բոլոր 12 մանկապարտեզներն այսօր բազմաթիվ խնդիրներ ունեն: Մեղմ ասած, դրանցից եւ ոչ մեկը չի համապատասխանում ժամանակի չափորոշիչներին: Նախ նախադպրոցական այս հաստատություններից մի քանիսը գտնվում է բնակելի շենքերի առաջին հարկերում, ինչն անթույլատրելի է: Մանկապարտեզներից միայն 2-ն են ջեռուցվում գազով, եւս մեկ մանկապարտեզ գազիֆիկացվում է: Մնացածը տաքացվում են փայտով, սակայն այս կերպ անհրաժեշտ լիարժեք ջեռուցում ապահովել փոքրիկների համար ձմռան այս ցուրտ օրերին՝ հնարավոր չէ:
Վառելափայտի համար ծնողներից են 2500-3000 դրամ հավաքում: Նաեւ քաղաքապետարանը եւ հովանավորներն են աջակցում ջեռուցմանը: Ըստ Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանի` նախակրթարանների ջեռուցումը քաղաքապետարանին շարունակում է մտահոգել: Բացի այդ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս նաեւ մանկապարտեզների ներկայիս անմխիթար վիճակը: Բոլոր մանկապարտեզները տանիքի, սանհանգույցների, խոհանոցի վերանորոգման եւ ներքին հարդարման խիստ անհրաժեշտություն ունեն: «Սակայն տեղական բյուջեով բոլոր խնդիրները լուծել հնարավոր չէ: Ընթացիկ տարում միայն հնարավոր է եղել ամենահրատապ օգնությունը ցուցաբերել մեր մանկապարտեզներին: Բոլոր մանկապարտեզներին հատկացվել են սառնարաններ, խոհանոցային իրեր եւ լվացքի մեքենաներ: Մանկապարտեզ հաճախող մեկ երեխայի համար ծնողները 3000 դրամ են վճարում (ավագանու որոշմամբ), այնինչ՝ յուրաքանչյուր երեխայի ամսական ծախսը 9000 դրամ է: Մնացած ծախսերը քաղաքապետարանն է հոգում, իսկ սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող մոտ 200 երեխա հովանավորների շնորհիվ անվճար է հաճախում մանկապարտեզ»,- նշում է Արտուր Աթայանը:
Ի դեպ, այս տարի մանկապարտեզ հաճախող երեխաների թիվն ավելացել է: Ներկայումս 1238 փոքրիկ է նախակրթարան գնում: Երեխաների թվի աճը բերել է նաեւ աշխատատեղերի աճի: Ուրախալի այս փաստով հանդերձ, Կապանի մանկապարտեզները գործում են՝ ունենալով բազում լուրջ խնդիրներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել