Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԻՍՈՒՆՆ ԱՆՑ ԵՍ, ՈՒՐԵՄՆ ՊԻՏԱՆԻ ՉԵ՞Ս

Դեկտեմբեր 09,2009 00:00

Լոռու մարզի գործատուները երիտասարդներին են նախապատվություն տալիս՝ անգամ հավաքարար աշխատանքի ընդունելիս

Հիսուն-հիսունհինգ տարեկան անձինք հայտնվել են ծայրաստիճան ծանր վիճակում: Նրանք կենսաթոշակ չեն ստանում, գործատուին դիմելիս լսում են միշտ նույն՝ «Ձեր տարիքը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին» պատասխանը ու ստացվում է, որ այդ տարիքի մարդկանց հիմնական եկամուտը լավագույն դեպքում ընտանեկան նպաստ համակարգով տրամադրվող հրատապ օգնությունն է, որը տրվում է հիմնականում մեկ եռամսյակ եւ հարցի լուծում չէ:
59-ամյա Ելենա Շահվերդյանն անգամ ԱԺ պատգամավորների է դիմել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու խնդրանքով: Նա առաջարկում է կենսաթոշակ չստացող, գործազուրկ եւ սոցիալապես խիստ անապահով քաղաքացիները հրատապ օգնությունից օգտվեն ոչ թե մեկ եռամսյակ, այլ շուրջ տարին: Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը բացատրում է. «Կառավարության որոշմամբ, եթե ընտանիքը սոցիալական խումբ չունի եւ ընտանիքի անդամներից գոնե մեկը աշխատունակ է, ուրեմն պիտի աշխատանք գտնի կամ դիմի սոցիալական ծառայության տարածքային բաժնին կից սոցիալական աջակցության խորհուրդ՝ հրատապ օգնություն ստանալու համար»: Ի պատասխան՝ տիկին Շահվերդյանը հակադարձում է. «Արդեն 4 տարի ես իմ մաշկի վրա զգում եմ անաշխատանք մնալու հետեւանքը: Այնքան խորն է մեր վիրավորվածությունը, որ մեզ զգում ենք ավելորդ ու անտեսված: Շվեյցարիայում աշխատազուրկ քաղաքացուց կոմունալ վճարներ չեն գանձում, ինչը չի կիրառվում ՀՀ-ում: Պարզ հարց եմ տալիս. դե ասեք, այս պայմաններում ինչպե՞ս գոյություն պահպանենք, երբ ամսական 10 հազար դրամը հազիվ բավականացնում է միայն կոմունալ ծախսերին»:
Ըստ պետական նպաստների մասին օրենքի, հրատապ դրամական օգնություն տրամադրվում է անապահովության 30-ից ցածր միավորի դեպքում, ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված քաղաքացուն, նրա դիմումի համաձայն՝ երեք ամիս: Առանձնահատուկ դեպքերում հարցը քննարկվում է սոցիալական ծառայության տարածքային բաժնին կից սոցիալական աջակցության խորհրդում, եւ սոցիալապես խիստ անապահով ընտանիքին կարող են հրատապ օգնություն հատկացնել տարվա ընթացքում եւս մեկ եռամսյակ: 2009-ին պետբյուջեից Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնին ընտանեկան նպաստի համար հատկացվել է 1,961 միլիարդ դրամ: Իսկ տարածքային բաժինը սպասարկում է Վանաձորը եւ Գուգարքի տարածաշրջանի 21 գյուղերը: «Որպես հրատապ դրամական օգնություն, ըստ գործող կարգի, թույլատրվում է վճարել նշված գումարի 3 տոկոսը, այսինքն՝ տարեկան 58 միլիոն դրամ: Մինչդեռ բոլորին օգնելու համար հարկավոր կլինի ամսական 150 միլիոն դրամ: Այս պայմաններում, ցավոք, ի վիճակի ենք աջակցելու՝ օգնություն ստանալու համար դիմած 3000-3500 ընտանիքներից ընդամենը 400-500-ին»,- ասում է սոցծառայության բաժնի պետի տեղակալ Արմեն Ավետյանը:
Որ 50 եւ ավելի տարեկան քաղաքացիներին գործատուները դժկամությամբ են աշխատանքի ընդունում, չեն ժխտում անգամ իրենք՝ գործատուները: «Աշխատող ընդունելիս չեմ առաջնորդվում միայն մասնագիտական որակներով, կարեւորը միջմարդկային հարաբերություններում հմուտ լինի, ժպտադեմ, աչք-ունքը բաց ճանապարհի մարդկանց,- ասում է քաղաքում ճանաչում ունեցող գեղեցկության սրահներից մեկի 39-ամյա տնօրենը: Հարցին, թե մի օր էլ դուք եք 50-ից ավելի տարիք ունենալու, եթե ձեզ հետ էլ նույն կերպ վարվեն՝ ի՞նչ կանեք, պատասխանում է. «Օրը կգա, բարին հետը»:
Պատկերը գրեթե նույնն է բոլոր սպասարկման օբյեկտներում: Ոչ մի գործատու չի ժխտում, որ նախընտրում է երիտասարդ կադրերին: Երիտասարդ աշխատողներին նախապատվություն տալու պատճառները մի քանիսն են, նշում է Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը. «Նախ աշխատում են երիտասարդ կադրեր ընդունել: Հիմնավորումը պարզունակ է՝ որպեսզի չհիվանդանան, անաշխատունակության թերթիկի կարիք չզգացվի, հետո ավելի աշխույժ լինեն, ավելի որակով կատարեն գործը, նաեւ նոր տեխնոլոգիաների հետ կապված՝ 50-ից հետո դժվարանում են նոր բան սովորել, վերապատրաստվելուց հետո անգամ չեն հիշում»:
50-ից ավելի տարիք ունեցող հատուկենտ անձանց, հիմնականում՝ կանանց հանդիպեցի միայն հացաբուլկեղենի փռերում եւ կարի ֆաբրիկաներում, տղամարդկանց՝ շինարարական հրապարակներում, ծանոթ-բարեկամների օբյեկտներում: Հիշյալ տարիքային խմբի մարդիկ ինչ-որ չեն երեւում պետական կառավարման եւ ՏԻՄ մարմիններում:
«Նույնիսկ հավաքարար չեն ընդունում, ասում են՝ տարիքդ անցել է, մայրիկ ջան, կարծես թե աղբ մաքրելն էլ հատուկ տարիք ու հունար է պահանջում, գրեթե իմ տարեկից մարդն է ասում մայրիկ»,- խիստ վիրավորված ասում է տիկին Ելենան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել