Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խտրական մոտեցում՝ «խավերի» նկատմամբ

Դեկտեմբեր 09,2009 00:00

Օրենք կա, բայց ո՞ւմ համար

Մարդու իրավունքների պաշտպանության օրը հույսեր չի արթնացնում վանաձորցիների շրջանում, ինչպես ապրել են՝ այնպես էլ կշարունակեն ապրել: Վանաձորցիները նախընտրում են առնչություն չունենալ իրավապահ մարմինների հետ. ճիշտ էլ լինեն, միեւնույն է, հաղթողը իրավապահներն են լինելու:
45-ամյա վանաձորցի վաճառողուհի Հասմիկ Սիմոնյանը երազում է Հայաստանը տեսնել օրենքի երկիր, սակայն երազանքին հասնելու համար դեռ շատ ճանապարհ կա անցնելու. «Հայաստանում օրենք կա, բայց չի գործում: Ամեն ինչ կաշառքի վրա է հիմնված: Կուզեի, որ բուհերում սովորողը սովորեր, ոչ թե փող տվողը»:
Ըստ նրա՝ իրավապահ մարմինները պետք է ժողովրդի շահերից ելնելով որոշումներ կայացնեն, այլ՝ ոչ թե իրենց:
Զրուցակիցներիս կարծիքով՝ անմեղներն են բանտում հայտնվում, իսկական հանցագործներն ազատության մեջ են: «Էս երկրում օրենք չկա, եթե օրենք լիներ, եթե էս երկրի մասին մտածեին, ընտանիք կազմող ջահելներին չէին բռնի, բանտ չէին նստեցնի»,- իր դժգոհությունն է հայտնում մեկ այլ վանաձորցի, որը չի էլ ուզում ներկայանալ. «Տղայիս էլ իզուր տեղն ազատազրկեցին, դրա համար էլ վախենում եմ ասել անունս»,- նշում է նա:
Խախտված իրավունքների վերականգնման հարցերով «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպություն է դիմում տարեկան միջինը 270 քաղաքացի:
Կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է, որ հույսն էլ է արդեն մեռել. «Ոչ բոլոր բողոքներն են ընթացք ստանում. վանաձորցիները վստահ չեն, որ համապատասխան մարմինները արդարացի վճիռ կկայացնեն: Մինչեւ վերջ գնացող քաղաքացիներն էլ այլ ելք չունեն»: Ըստ Սաքունցի, սովորաբար կենսական նշանակություն ունեցող հարցերում են մինչեւ վերջ գործը ավարտին հասցնում:
Իրավապաշտպան Ա. Սաքունցը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ Լոռու մարզում, համեմատած մյուս մարզերի, մարդկանց իրավունքները քիչ են ոտնահարվում: Նա հակառակ կարծիքն ունի. «Օրենքը խտրական վերաբերմունք է դնում պաշտոնական անձի եւ քաղաքացու միջեւ: Օրենքի առջեւ «բոլորը հավասար են» սկզբունքը խախտվում է: Միշտ էլ անպաշտպան խավ կա: Սովորական քաղաքացիների նկատմամբ օրենքը ամենայն խստությամբ է կիրառվում, իսկ որոշ խավի նկատմամբ կա՛մ մեղմ է կիրառվում, կա՛մ ընդհանրապես չի կիրառվում»:
Ըստ իրավապաշտպանի՝ Հայաստանում խնդիրն այն չէ, որ մարդկանց իրավունքները խախտվում են, այլ այն, որ խախտված իրավունքի վերականգնման համար արդյունավետ մեխանիզմներ չկան: «Դատարանը անկախ չէ, իրավապահ մարմինները անվերահսկելի են, գործադիր իշխանության մարմիններն անպատասխանատու են եւ անթափանց են աշխատում: Այս ամենի պատճառը ընտրական իրավունքի խախտումներն են»,- հավելում է իրավապաշտպանը:
Այնուամենայնիվ, վանաձորցիներն այս իրավիճակում կարողանո՞ւմ են ելքեր գտնել: «Եթե օրենք չկա, եթե մեր երկրի օրենքը մեզ չի պաշտպանում, ապա ո՞ւմ դիմենք, մնում է թողնենք, էս երկրից գնանք»,- ասում է 57-ամյա Ս. Ս.-ն, ում որդին կալանավորված է: Իրավապահների հետ խնդիրներ չունենալու պատճառով նա եւս չցանկացավ նշել իր տվյալները. «Երեխես բանտում ա, գործ չունեմ, հիմա էլ տարին ավելացնեն»:
Իսկ 45-ամյա գործազուրկ Արփինե Նահապետյանը Հայաստանի ապագան տեսնում է միայն կրթված մարդկանց գոյությամբ. «Կարող է 10 տարի հետո Հայաստանը դառնա ուրիշի գաղութը: Մի քանի տարի հետո Հայաստանում կարգին բժիշկ, իրավաբան չի լինելու: Անկաշառ կրթությամբ կարելի է դրա դեմն առնել եւ մեր իրավունքները պաշտպանել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել