Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԻՄԵԼ ԵՆ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Դեկտեմբեր 09,2009 00:00

Սեփականատիրոջը զրկում են սեփականությունից՝ «գերակա շահի» անվան տակ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում էր գտնվում «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊ ընկերության հայցն ընդդեմ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականատիրոջ՝ Հովհաննես Ղուկասյանի, «հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին պայմանագիր կնքելուն հարկադրելու, զբաղեցրած տարածքից վտարելու եւ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջների մասին»: Հայցը բավարարվեց:
Դատարանի վճռով «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանին պարտավորեցվեց «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊ ընկերության հետ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված՝ Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի Աբովյան 4 հասցեում գտնվող նրան սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի օտարման վերաբերյալ կնքել պայմանագիր՝ ըստ հայցվոր «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊ ընկերության կողմից ներկայացված գործում առկա պայմանագրի նախագծի։
Սեփականատեր Հովհաննես Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի օտարման դիմաց առաջարկվեց փոխհատուցում՝ 207 282 900 ՀՀ դրամ։
Սեփականատեր Հովհաննես Ղուկասյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի կողմից վճիռը բողոքարկվեց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Վերջինս էլ իր սեպտեմբերի 19-ի որոշմամբ անփոփոխ թողեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: «Օլիմպը» դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան եւ սպասում է դատական նիստին:
Վճռաբեկ բողոքում «Օլիմպը» տեղեկացնում է, որ 1995 թ. հունիսի 13-ին ՀՀ ԿԱ պետական ունեցվածքի հաշվառման եւ ապապետականացման վարչության հետ կնքված թիվ 876 սեփականաշնորհման պայմանագրով, 10.958.084 դրամով իրենք պետությունից գնել են Երեւանի Աբովյան 4 հասցեում գտնվող «Օլիմպ» սրճարանը:
Գնված գույքի դիմաց նշվել է, որ այն ունի երկու հարկ. «Օբյեկտի զբաղեցրած մակերեսը՝ 125,22 քմ (ըստ հարկաբաժանման 1-ին հարկ) եւ 125,22՝ 2-րդ հարկ»:
Սեփականության վկայականում՝ «Շինության ներքին բնութագիրը» աղյուսակում նույնպես նշված է եղել. ըստ հարկաբաժանման 1-ին հարկ եւ 2-րդ հարկ՝ 125,22 քմ:
Ի դեպ, Հովհաննես Ղուկասյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանի բերած բողոքում ասվում է, որ գնման պահին շինությունը ունեցել է ինքնակամ կառույցներ՝ նկուղ եւ 3-րդ հարկ:
ՀՀ կառավարության 2007 թ. հունվարի 25-ի թիվ 108-Ն որոշմամբ, Երեւանի վարչական սահմաններում որոշ տարածքներ բացառիկ՝ գերակա հանրային շահ են ճանաչվել: «Գերակա հանրային շահ ճանաչված տարածքների սպառիչ ցանկում» ընդգրկվել է նաեւ Հովհաննես Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող Աբովյան 4 հասցեում գտնվող անշարժ գույքը։
Նույն որոշմամբ էլ տվյալ տարածքում բացառիկ գերակա շահին ուղղված քաղաքաշինական ծրագրերի ձեռքբերող է ճանաչվել «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊ ընկերությունը:
Սակայն դատարանները (1-ին եւ 2-րդ ատյանի) փոխհատուցման գումարը որոշելիս «տեսել» են միայն առաջին հարկը (3 մետր է յուրաքանչյուր հարկի բարձրությունը), շինության երկրորդ հարկը չի գնահատվել, ինչպես որ շուկայական արժեքով չեն գնահատվել նաեւ ինքնակամ կառույցները եւ հողի օգտագործման իրավունքը:
«Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ն դիմելով դատարան, խնդրել էր «պարտավորեցնել պատասխանող «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանին՝ կնքելու վերոնշյալ պայմանագիրը, նրան վտարել զբաղեցված տարածքից եւ դադարեցնել վերջինիս սեփականության իրավունքը ք. Երեւան, Աբովյան 4 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ»:
Ուշադրության արժանի է այն, որ հայցադիմումում, որպես պատասխանող, նշված է ոչ թե կոոպերատիվը, այլ Հովհ.Ղուկասյանը, որպես կոոպերատիվի սեփականատեր:
Ըստ վճռաբեկ բողոքը բերած «Օլիմպի», վեճը ծագել է հանրային իրավահարաբերությունների ոլորտում, ուստի ընդդատյա էր ոչ թե ընդհանուր իրավասության, այլ՝ վարչական դատարանին:
Ի դեպ, երբ խոսք է գնում «գերակա շահ-օբյեկտի» գնահատման չափի մասին, նշենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանի որոշմամբ՝ նշանակվել էր փորձաքննություն: «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 2008 թ. դեկտեմբերի 1-ին տրվել է թիվ 08-0607 դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ Երեւանի Աբովյան 4 հասցեում գտնվող «Օլիմպ» կոոպերատիվին գրանցված, սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի (250.44 քմ ընդհանուր մակերեսով) շուկայական արժեքը 01.12.2008թ. դրությամբ կազմել է 398 314 000 ՀՀ դրամ։
ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված է, որ ոչ ոքի չի կարելի զրկել uեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ oրենքով նախատեuված դեպքերի. «Սեփականության oտարումը հաuարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ՝ գերակա հանրային շահերի դեպքերում, oրենքով uահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ»: Մինչ օրս, սակայն, համարժեք փոխհատուցման խնդիրը չի լուծված:
«Դատարանի կողմից ինձ վրա վճռով դրված է այնպիսի պարտավորություն, որը դուրս է իմ իրավասության սահմաններից: Այն է՝ ինձ վրա, որպես կոոպերատիվի «սեփականատեր», դրված է կոոպերատիվի գույքը օտարելու պայմանագիր կնքելու պարտականություն, մինչդեռ այդպիսի պարտականություն կարող էր դրվել միայն գույքի սեփականատիրոջ՝ կոոպերատիվի վրա»,- ասում է Հովհ.Ղուկասյանի ներկայացուցիչը:
Իսկ ինչպես է լուծվելու «Ինքնակամ կառույցների եւ հողի օգտագործման իրավունքի համար փոխհատուցման խնդիրը» «Առավոտի» հարցին փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց. «Օտարվող գույքի սեփականատերն իրավունք ունի ստանալու ոչ միայն որպես օրինական շինություններ գրանցված շինությունների շուկայական արժեքը, այլ նաեւ՝ ստանալու գույքային բոլոր այն իրավունքների հատուցումը, որոնք կարող են դադարել՝ հայցը բավարարելու արդյունքում, ինչպես նաեւ՝ իրացվող տարածքում կատարված բոլոր բարելավումները: Մասնավորապես, գնահատման է ենթակա շինության տակ գտնվող 125,22 քմ հողամասի օգտագործման իրավունքը, որը մտնում է կոոպերատիվի գույքային իրավունքների կազմի մեջ»: Որպես օրինակ նա բերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում լսված «Բեյելերն ընդդեմ Իտալիայի», «Իաթրիդիսն ընդդեմ Հունաստանի» գործերը:
Բողոքում ակնարկվել է նաեւ այն մասին, որ դատական սխալները կարող են առաջացնել ծանր հետեւանք: Մասնավորապես, երկրորդ հարկի առկայությունը դատարանների կողմից անտեսվելու ու դրա արժեքի փոխհատուցման պարտականությունից հայցվորին ազատելու արդյունքում սեփականատեր-կոոպերատիվը կկորցնի աննախադեպ գումար՝ շուրջ 200 000 ՀՀ դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել