Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարգենք միմյանց

Դեկտեմբեր 09,2009 00:00

\"\"«Ես ցանկանում եմ նորից հիշեցնել, որ եթե մարդը հարբուխով հիվանդ է, ապա նա պետք է հարգի մյուսների՝ գործընկերների, համակուրսեցիների կամ համադասարանցիների առողջ լինելու իրավունքն ու չտարածի հիվանդությունը, չհանդիսանա վարակի աղբյուր»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նրա խոսքերով՝ այն միջոցառումները, որոնք իրականացվում են մի շարք վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար, պետք է իրականացվեն նաեւ Ա գրիպի, այսինքն՝ սովորական սեզոնային գրիպի դեպքում: Ըստ ԱԺ պատգամավորի, A/H1N1-ի կանխարգելումն իրականացնելու համար էլ անհրաժեշտ չեն առանձնահատուկ միջոցառումներ:
Ա. Բաբլոյանի ներկայացմամբ՝ քանի որ վարակը տարածվում է օդակաթիլային ու շփման տարբերակով, անհրաժեշտ է հաճախ լվանալ ձեռքերը, դրանք շատ չհպել աչքերին, որովհետեւ վարակը տարածվում է նաեւ լորձաթաղանթի միջոցով: Իսկ նրանք, ովքեր աշխատում են կամ շփվում են շատ մարդկանց հետ, օրինակ՝ բուժաշխատողները, Ա. Բաբլոյանը խորհուրդ տվեց համապատասխան դիմակներ կրեն, որոնցով կարող են եւ պաշտպանվել, եւ հիվանդության տարածող չհանդիսանալ: Ինչ վերաբերում է հիվանդության տարածման հետ կապված կրթական հաստատությունների փակմանը, Արա Բաբլոյանն ասաց. «Չէի ասի, որ վիճակն այնքան բարդ է, որ դա իրականացվեց: Այլ վարակների ու սեզոնային գրիպի ժամանակ դեպքեր ավելի շատ էին լինում, բայց դպրոցները չէին փակվում: Ուղղակի վիրուսի այս ենթատիպն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք իրենց պատմությամբ ու կլինիկական արտահայտությամբ այնքան էլ հայտնի չեն, դրա համար էլ ավելի զգուշավորություն ենք ցուցաբերում»:
Խոսելով եկող տարի առողջապահական ծառայությունների ոլորտում նախատեսված որոշակի փոփոխությունների մասին, պարոն Բաբլոյանն ասաց, որ պետական բյուջեից պետք է ծախսվի այն ծառայությունների կամ այն խմբերի վրա, որոնք առավել դրա կարիքն ունեն: Այսինքն՝ դրանք խոցելի խմբերն են, սոցիալապես անապահով խավերը եւ հաշմանդամները:
Սակայն մի խնդիր է առաջանում՝ եթե եղած գումարները փորձ է արվում ավելի շատ մարդկանց մեջ բաշխել, ապա ստացվում է, որ նրանցից յուրաքանչյուրին քիչ գումար է հասնում, եւ պետպատվերի շրջանակներում տրամադրվող բուժման գումարը ամբողջությամբ չի վճարվում, ինչի արդյունքում պետպատվերի շրջանակներում բուժվող մարդկանցից հավելյալ գումար են պահանջում. «Բյուջեի մշակումների հիմնական նպատակն է այնպիսի մեխանիզմ ստեղծել, որ բուժման համար պետպատվերի շրջանակներում տրամադրվող գումարով քաղաքացին կարողանա լիարժեք ծառայություն ստանալ՝ առանց որեւէ համավճարի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել