Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՆԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆ ԱՐԳԱՆԴԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ

Դեկտեմբեր 09,2009 00:00

Հիվանդը վստահեցնում է, որ բժշկի սխալ ախտորոշման պատճառով ինքը հազար դոլարից ավելի անտեղի դեղեր է խմել, թանկարժեք բուժումներ ու ստուգումներ անցել եւ մի կերպ փրկվել վիրահատվելուց:

«Այսօր հիվանդանոցներում աշխատում են այնպիսի բժիշկներ, որոնց ոչ միայն պիտի արգելեն հիվանդների հետ աշխատել, այլեւ պիտի ընդհանրապես զրկեն աշխատելու հնարավորությունից: Նման անպատժելի բժիշկներից մեկը քիչ էր մնում անտեղի իմ օրգանները հեռացներ ու իմ առողջության հաշվին մի կլորիկ գումար դներ իր գրպանը: Ես միզելու հետ կապված խնդիր ունեի ու դիմեցի «Արմենիա» բժշկական կենտրոնի ուրոլոգ Միքայել Սահակյանին: Նա 10 ամիս շարունակ ինձ ոչ միայն պահեց այդպիսի ինֆեկցիոն վիճակում, այլեւ այնպիսի դեղեր ստիպեց ընդունել, որոնցից ես մահվան դուռը հասա: Հենց մի բան էի ուտում՝ վատանում էի, անընդհատ փսխում էի, նրա նշանակած սխալ դեղերից անգամ սկսեցին մազերս թափվել, ռեակցիա առաջացավ ու ցան եղավ մարմնիս վրա: Գլխապտույտից չէի կարողանում անգամ քայլել: 10 ամսում ես 9 կգ նիհարել էի»,- պատմեց «Առավոտի» խմբագրություն եկած Քնարիկ Վարդանյանը: Նա բժիշկ Միքայել Սահակյանի մի շարք ախտորոշումներից բացի, որպես ապացույց, ներկայացրեց նաեւ այն բազմաթիվ թանկարժեք դեղերի կտրոնները, որոնք ստիպված է եղել ընդունել՝ անարդյունք. «Ես 370 հատ անտեղի հաբ եմ խմել, միայն 52 հազար դրամի անալիզ եմ հանձնել՝ 10 ամսվա ընթացքում: 12 հազար դրամ տվել եմ ուրոֆլոումետրիային, 25 հազար դրամ՝ սոնոգրաֆիային, 30 հազար դրամ՝ ցիստասկոպիային, 90 հազար դրամ էլ բժշկի բուժման վճարն է, բայց քանի որ բուժում չի եղել, գումարը հետ եմ ստացել: Ընդհանուր առմամբ, 160 հազար դրամի սխալ դեղեր եմ ընդունել: Բացի այդ, 60 հազար դրամ տվել եմ համակարգչային տոմոգրաֆիայի համար, որպեսզի ստուգեն ճնշումս, 7 հազար դրամ՝ երակից արյան անալիզի համար: Այս բոլոր գումարները վճարելուց հետո, տեսնելով, որ վիճակս ավելի է վատանում, Մ. Սահակյանն ինձ ուղարկեց թանկարժեք վիրահատության, որպեսզի արգանդս հեռացնեն: Բժիշկը համոզում էր, որ դրանից հետո ես կսկսեմ լավ միզել: Այդ վիրահատությունը միայն արժեր 500 դոլար, իսկ ամբողջ վիրահատական պրոցեդուրան, ըստ բժշկի ներկայացրած գնացուցակի, վրաս պետք է նստեր մոտ 300 հազար դրամ»: Քնարիկ Վարդանյանի պատմելով՝ երբ ամեն անգամ բժշկին ասում է, որ վիճակն ավելի վատանում է, նոր նշանակումներ ու նոր ախտորոշում էր անում. «Ասում էր, որ միզուղիներից միզապարկ տանող լուսանցքը նեղացել է, եւ հնարավոր է դա վիրահատեն: Նրա հորդորով ես գնացել եմ նյարդաբանի, սրտաբանի մոտ, ստամոքսի ստուգում եմ անցել, բնականաբար՝ բոլորի համար վճարումներ անելով: Այնինչ, հետո պարզվեց, որ ընդամենը սունկ ունեի: Ես դիմեցի Մարգարյան հիվանդանոցի պրոֆեսոր Իվան Աղաջանյանին, նա ապշած էր Մ. Սահակյանի ախտորոշումից, որովհետեւ հենց առաջին իսկ հետազոտությունը ցույց տվեց, որ ինձ մոտ ընդամենը սնկային ինֆեկցիա է: Ի. Աղաջանյանի նշանակմամբ՝ երկու դեղ եմ խմել ու ինձ շատ լավ եմ զգում: Մի դեղ խմել եմ՝ երիկամներիս ավազն է թափվել, մի դեղ էլ՝ ինֆեկցիան է բուժվել»:
Նշենք, որ Միքայել Սահակյանը ոչ միայն «Արմենիա» բուժկենտրոնի բժիշկն է, այլեւ «Դիագնոստիկա» բուժմիավորման, Բժշկական համալսարանի ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու: «Առավոտի» հետ զրույցում նա վստահեցրեց, որ Քնարիկին ինքը բուժել է եւ տիկնոջ հասցեին ոչ կոռեկտ արտահայտություններ անելով ասաց հետեւյալը. «Նրա մոտ եղել է ընդամենը ցիստիտ ու բոլոր կանայք էլ գիտեն, թե դա ինչ է: Նա եկել է ինձ մոտ ահավոր վիճակով, ցավերից ոռնում էր, ուներ հաճախամիզություն, դժվարամիզություն: Ցիստիտն այն հիվանդությունն է, որ ալիքաձեւ ընթացք ունի, կարող է լինել մեկ լավ, մեկ վատ: Սովետական միության ժամանակ նույնիսկ նման հիվանդներին 5 տարվա դիսպանսեր հսկողության տակ էին պահում: 10 ամիսը շատ քիչ ժամկետ է՝ դա բուժելու համար: Ընդ որում, այդ 10 ամսում նա ընդամենը մի 3-4 այցելություն է ունեցել ինձ մոտ: Դա ինքը չի որոշում՝ սխա՞լ դեղ է, թե՞ ոչ: Դրա համար նախարարությունում կան համապատասխան մասնագետներ»: Մեր հարցին՝ եթե դա հասարակ ցիստիտ է եղել, դրա համար մարդուն 160 հազար դրամի դե՞ղ են խմեցնում, պարոն Սահակյանը պատասխանեց. «Ցիստիտի համար կան բավականին թանկ պրեպարատներ, օրինակ, մի դեղն արժե 35-40 հազար դրամ: Մեկն արժե 15-16 հազար դրամ: Ես էլ շատ կուզենամ, որ 10-20 օրվա ընթացքում շտապ հիվանդներիս բուժեմ ու գոհ ու շնորհակալ ճանապարհեմ: Բայց տարբեր հիվանդների մոտ տարբեր կլինիկական ընթացք է լինում: Նրա մոտ սրացած վիճակ էր եւ նույնիսկ արյուն էր միզում: Ես առաջարկել եմ նրա համար կարդիոլոգ, էնդոկրինոլոգ, ուրոլոգ, ներվապաթոլոգ, ի վերջո՝ նույնիսկ հոգեբանի ծառայության կարիք ունի: Ես չեմ կարող իր բոլոր խնդիրները միանգամից լուծել: Նա ամեն ինչ կարող է ասել: Ես էլ կարող եմ ասել, որ իր հետ այս պրոբլեմներից հետո իմ շաքարն է բարձրացել: Հո ամեն բան ասելով չի՞: Ես հանրապետությունում ուրոլոգիական հետազոտությունների գծով համար առաջին մասնագետներից մեկն եմ: Հանրապետությունում ես բավականին կոմպետենտ եմ հենց նրա հիվանդության հարցում: Թող նախարարությունը հանձնաժողով կազմի եւ կտեսնի, որ իմ ախտորոշման մեջ ես ավել բան չեմ արել, թեեւ ընդունում եմ, որ անսխալական միայն Աստված է: Իր նպատակն ինձնից այդ 300 հազար դրամը ստանալն է, բայց ես պրինցիպիալ չեմ տալու նրան ոչ մի դրամ անգամ: Եթե տամ՝ կնշանակի, որ սխալ եմ եղել: Ես գտնում եմ, որ ես նրան բուժել եմ»: Երբ Մ. Սահակյանին տեղեկացրինք, որ իր մոտ բուժումից հետո Ք. Վարդանյանը բուժում է ստացել Իվան Աղաջանյանի մոտ ու նոր միայն իրեն լավ է զգացել, բժիշկը պատասխանեց. «Նա Իվան Աղաջանյանի մոտ մի անգամ է գնացել, Իվանը նրան ցիստասկոպիա է ընդամենը արել: Եթե ցիստասկոպիայով հնարավոր է ցիստիտը բուժել, ուրեմն հալալ է Իվանին, էլ ես բան չունեմ ասելու»:
Թե ինչո՞ւ է ցիստիտի համար բժիշկը կնոջը վիրահատության ուղեգիր տվել, Մ. Սահակյանն այսպես բացատրեց. «Քանի որ նրա դժվարամիզությունը պահպանվում էր, ես ասացի, որ մի հատ ցիստասկոպիա անենք, դրանով տեսնենք, որ դուք հնարավոր է ունենաք վզիկի նեղացում, այսինքն, երկարատեւ բորբոքային պրոցեսների ֆոնի վրա ունենա վզիկի սկլերոզ կամ այտուց: Ես ասել եմ, որ անհրաժեշտ է անել ցիստասկոպիա, որը չի բացառվում, որ ավարտվի վզիկի հատումով, որը էնդոսկոպիկ վիրահատություն է: Ես ասել եմ, որ դուք վիրահատության համար պետք է վճարեք կասսայի գինը: Դու մի ասա՝ ինքը արդեն ուրիշի մոտ է գնացել: Էնպես է բողոքում ու ասում, որ իմ նմանները չպետք է ընդհանրապես աշխատեն, որ կարծես թե ես անտեղի իրանից 1000 դոլար փող եմ վերցրել, դրել գրպանս, վիրահատություն եմ արել: Ոչ մեջտեղը մահ է եղել, ոչ բուժման հետ կապված խնդիր է առաջացել: Նրա պատճառով ես իմ ամբողջ բանուգործը թողած՝ Քնարիկ Վարդանյան եմ խաղացնում: Ես էլ բազմաթիվ հիվանդներ կարող եմ բերել, որոնք ամեն օր ինձ շնորհակալություն են հայտնում»:
Միքայել Սահակյանը նաեւ հավաստիացնում էր, որ ինքը Քնարիկ Վարդանյանից բուժման ընթացքում ոչ մի գումար չի վերցրել: Մեր հարցին՝ դուք մասնավոր կլինիկայում անվճար ծառայություննե՞ր եք մատուցում՝ նա պատասխանեց. «Դե, կոնսուլտացիայի համար մի 5-10 հազար դրամ վերցրել եմ, բայց 100-200 հազար չեմ վերցրել: Նա նույնիսկ զոռով ինձ գումար է տվել՝ չեմ վերցրել»:
Քնարիկ Վարդանյանը բժշկի դեմ բողոք է ներկայացրել ոստիկանության Մաշտոցի բաժին եւ 6-րդ վարչություն, սակայն նրա դիմումին որեւէ ընթացք չի տրվում: Կինը նրանց է ներկայացրել իր բողոքը հավաստող բոլոր ապացույցները: Ոստիկանությունից տիկնոջը ոչ պաշտոնական պատասխանել են, որ հիվանդանոցի տնօրենի գործն է՝ ինչպիսի բժիշկ կպահի եւ որ բժշկի համար շատ կարեւոր մարդիկ են զանգել: Առողջապահության նախարարությունը նույնպես խնդրով չի զբաղվել: Ք. Վարդանյանը համոզված է, որ նա անպատժելի բժիշկ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել