«Առավոտի» դեկտեմբերի 5-ի համարում «Իրարից հետ չմնալու համար խաբում են սպառողին» հրապարակման մեջ անդրադարձել էինք բջջային կապի օպերատորներ «ՎիվաՍել-ՄՏՍ» եւ «Օրանժ» ընկերությունների գործունեությանը: Մասնավորապես անդրադարձել էինք «Օրանժ» ընկերության կողմից առաջարկվող գերարագ ինտերնետի մուտքի համար նախատեսված «Ինտերնետ հիմա» եւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության առաջարկած «ՄՏՍ կոնեկտ» փաթեթների վերաբերյալ դժգոհություններին: Անձամբ այցելելով մայրաքաղաքի տարբեր մասերում տեղակայված 2 ընկերությունների մեկ տասնյակից ավելի գրասենյակներ, պարզել էինք, որ չնայած պարբերաբար եթեր հեռարձակվող գովազդներին, վաճառքում նման մոդեմներ գոյություն չունեն: Խմբագրությանը դիմած մի քանի բաժանորդներ էլ վստահեցնում էին, որ սպասարկման կենտրոններում ազատ վաճառքի են դրված վճարովի մոդեմները, իսկ գովազդում հայտարարվող 1 դրամանոց կամ անվճար մոդեմները վաղուց սպառվել են:
Երեկ 2 ընկերություններն էլ հարցի առնչությամբ «Առավոտին» ներկայացրին իրենց պարզաբանումները: «Օրանժ» ընկերության լրատվական ծառայության մեկնաբանմամբ. «Ինտերնետի ոլորտում «Օրանժի» գրավիչ առաջարկը հետաքրքրել է հատկապես մայրաքաղաքային մեծաքանակ հաճախորդների, եւ անսպասելի մեծ պահանջարկի պատճառով մեր ընկերության «Ինտերնետ Հիմա» ծառայության մոդեմների նախատեսված քանակն արագորեն սպառվել է երեւանյան խանութներում: Մեր խանութներում մոդեմների առկայության դեպքում հաճախորդը կարող է այն ձեռք բերել կամ իրական գնով՝ 35 հազար դրամ՝ առանց պայմանագրային պարտավորության, կամ 1 դրամով՝ մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում: Հետեւաբար, իրականությանը չի համապատասխանում այն տեղեկատվությունը, թե «Օրանժի» այն խանութներում, որտեղ հնարավոր չէ գնել մոդեմը մեկ տարվա բաժանորդագրությամբ, այն ազատ վաճառքի է դրված իրական գնով: «Ինտերնետ Հիմա» մոդեմների հաջորդ խմբաքանակն արդեն ճանապարհին է եւ շուտով կրկին կլինի վաճառքում»:
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության պարզաբանմամբ էլ. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը դադարեցրել է «ՄՏՍ կոնեկտ» մոդեմի գովազդային արշավը ռադիոյով եւ հեռուստատեսությամբ ավելի վաղ՝ դեկտեմբերի 2-ին, քան շուկա վաճառքի հանված մոդեմների խմբաքանակի սպառվելը: Սարքերի՝ վաճառքի դուրս հանված խմբաքանակի շուտ սպառվելու համար մենք հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը: Սարքերի արագ սպառումը տեղի ունեցավ բնակչության շրջանում ինտերնետի մուտք ապահովող ծառայությունների հանդեպ աննախադեպ մեծ պահանջարկի հետեւանքով, ինչն էլ մեզ ստիպեց վերանայել այդ ծառայություններին առնչվող մեր հետագա ռազմավարությունը: «ՄՏՍ կոնեկտ» մոդեմների նոր խմբաքանակն այժմ ճանապարհին է եւ շուտով կհասնի Հայաստան:
Մոդեմի ձեռք բերմամբ հետաքրքրվող եւ սպասարկման կենտրոններ այցելած մեր բոլոր հաճախորդները ցուցակագրվել են այդ կենտրոնների աշխատակիցների կողմից, որպեսզի մոդեմների նոր խմբաքանակը Հայաստան հասնելուն պես՝ հաճախորդները հրավիրվեն մեր սպասարկման կենտրոններ՝ այդ մոդեմը գնելու:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը որդեգրել է թափանցիկ գործելաոճ եւ իր բաժանորդների նկատմամբ մշտապես ցուցաբերել է հոգատար եւ հարգալից վերաբերմունք: Ընկերությունը երբեք չի ստեղծել իր կողմից մատուցվող ծառայությունների եւ ապրանքատեսակների արհեստական դեֆիցիտ: Մենք հարգում ենք մեր բաժանորդներին, իրականացնում ենք բարեհամբույր սպասարկում եւ երբեւէ առիթներ չենք ստեղծել, որպեսզի նրանք հերթ կանգնեն մեր սպասարկման կենտրոնների դիմաց: Կցանկանայինք նշել նաեւ, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կշարունակի տրամադրել «ՄՏՍ կոնեկտը»՝ անվճար՝ 1 տարով «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» հետվճարային սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում»: