Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԱՉՈ՞ՒՄ Է ԱՊՕՐԻՆԻ ՈՒ ԿԵՂՏՈՏ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Դեկտեմբեր 09,2009 00:00

\"\"Թեեւ Իջեւանի պաշտոնաթող ավագանու անդամ Վարդան Ղալումյանը հրաժարվում է, որ զբաղվում է բիզնեսով,
սակայն փաստաթղթերն այլ բան են վկայում:
 

Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եւ ավագանու անդամների «հակամարտությունը» արդեն մի քանի տարվա պատմություն ունի: Վերջիններս հնարավոր բոլոր մեթոդներով փորձում են պախարակել քաղաքապետին, նրան մեղադրել քաղաքը միանձնյա կառավարելու, կոռուպցիայի ու ոչ թափանցիկ աշխատանքի համար: Իսկ այս տարվա  հոկտեմբերի 2-ին ավագանու 13 անդամներից 8-ը գրավոր դիմել էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին ու վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ խնդրելով սկսել «քաղաքապետի անվստահության գործընթացը, քանի որ նրա եւ աշխատակազմի գործունեության որոշ ոլորտներ համառորեն շարունակում են անվերահսկելի մնալ նույնիսկ ավագանու անդամների համար»:
Նոյեմբերի 11-ի ավագանու նիստն էլ իր բնույթով իսկական խայտառակություն էր:
Հենց այդ նիստում էլ Վ. Ներսիսյանը, մեջբերելով ՏԻՄ օրենքը, ավագանու նիստերի կեսից ավելիին չմասնակցելու համար վաղաժամ դադարեցրեց ավագանու մի քանի անդամների, այդ թվում՝ Վարդան Ղալումյանի լիազորությունները: Իսկական թատրոնի վերածված ավագանու նիստը, որտեղ քաղաքապետի հասցեին հնչում էին մեղադրանքներ եւ պաշտոնյային ոչ վայել արտահայտություններ, ավարտվեց ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ:
Այս միջադեպից հետո ավագանու «ընդդիմադիր» անդամների եւ քաղաքապետի հարաբերությունները շատ ավելի են սրվել: Օրեր առաջ (02.12.2009թ.) «Առավոտը» «Բավական չէ ապօրինի է, հետն էլ՝ կեղտոտ ու գարշահոտ» հոդվածում անդրադարձավ պաշտոնաթող ավագանու անդամ, ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանի՝ Իջեւանի կենտրոնում ունեցած ձկան ապօրինի վաճառքի կետին եւ հակահիգիենիկ պայմաններում շահագործվող հացի 2 փռերին: Պատկերացնելու համար, թե ինչպես է պարոն Ղալումյանը մտահոգվում սեփական քաղաքի բարեկեցությամբ, հիշեցնենք մի հատված ավագանու աղմկահարույց նիստում ունեցած նրա ելույթից: Պարոն Ղալումյանը քաղաքապետից պահանջում էր բացատրություն տալ քաղաքում «ջրի գնով» օտարված հողատարածքների, մանկապարտեզների սովալլուկ մանուկների, զոհված ազատամարտիկների ընտանիքներին չաջակցելու եւ այլնի համար: Եվ ահա, քաղաքի համար այսքան մտածող նախկին պաշտոնյան՝ պարոն Ղալումյանը, զանգեց խմբագրություն եւ վիրավորված սկսեց արդարանալ, որ մեր կողմից նշված օբյեկտներից ոչ մեկի հետ ինքը կապ չունի, իսկ թե ինչու են դրանք կապվել իր անվան հետ, պարոն Ղալումյանը «Առավոտին» այսպես մեկնաբանեց. «2007-ից աշխատանքի եմ անցել Քաղաքաշինական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնում որպես տեսուչ եւ քաղծառայող լինելով՝ չեմ կարող զբաղվել բիզնեսով, սակայն ուզում եմ ընթերցողին ներկայացնել առավել ուշագրավ նախապատմությունը: 2009-ի հոկտեմբերի 2-ից առ այսօր քաղաքապետ Վ. Ներսիսյանի թիրախն են դարձել իր իսկ անվստահությունը պահանջող ավագանիները: Չբավարարվելով Վ. Օրդինյանի եւ Գ. Դանիելյանի նկատմամբ անհիմն ակտերով՝ ավագանու երեք անդամների գործունեությունը վաղաժամ դադարեցնելու միանձնյա որոշում կայացրեց, որոնք, համոզված ենք, անվավեր կճանաչվեն վարչական դատարանի կողմից»: Ապա Վ. Ղալումյանը, մոռանալով մեր կողմից բարձրացված հարցի մասին, սկսեց Իջեւանի քարուքանդ եղած օբյեկտների՝ նախկին գործկոմի շենքի, քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող թալանված հյուրանոցի, ավերակների վերածված տուրիստական բազայի եւ «Իջեւանի մեխանիկական գործարանի» վթարային վիճակի համար մեղադրել Վ. Ներսիսյանին:
Նշենք նաեւ, որ պարոն Ղալումյանը, որպես իր խոսքերի ապացույց, մեզ էր ուղարկել նաեւ նշված օբյեկտների լուսանկարները:
Խնդրի հետ կապված զրուցեցինք նաեւ Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հետ, որը մեկ անգամ եւս հավաստիացրեց, որ, իսկապես, մեր կողմից նշված օբյեկտների սեփականատերը Վարդան Ղալումյանն է. «Պարտադիր չէ քաղաքապետ լինել՝ իմանալու համար, որ այդ օբյեկտները Վարդան Ղալումյանինն են, դա գիտի անգամ ամենասովորական իջեւանցին: Եթե նա քաղծառայող է եւ այդ օբյեկտները ուրիշի անունով է գրանցել, դա արդեն այլ խնդիր է»: Ինչ վերաբերում է պարոն Ղալումյանի կողմից նշված թալանված օբյեկտներին, ապա քաղաքապետը հավաստիացրեց, որ դրանք բոլորն էլ, դեռեւս իր քաղաքապետ դառնալուց առաջ՝ սեփականաշնորհվել են:
Մեր այն հարցին, իսկ ինչո՞ւ պարոն Ներսիսյանը չի զբաղվում ապօրինի վաճառակետի կամ հակահիգիենիկ հացի փռերի խնդրով, նա պատասխանեց. «Ես թերացել եմ այդ հարցում, ձեր քննադատությունը տեղին է, կաշխատեմ շտկել հարցը»: 
Թեեւ Վ. Ղալումյանը հրաժարվում է, որ մեր կողմից նշված օբյեկտները իրեն են պատկանում, սակայն տեղեկացնենք, որ 2003-ի մայիսի 6-ին նա գրանցվել է՝ դառնալով անհատ ձեռներեց, ապա 2006-ի օգոստոսի 30-ին իր անունով բացել է ՍՊԸ, իսկ 2007-ի հոկտեմբերի 27-ին այդ ՍՊԸ-ն վերագրանցվել է հոր՝ Ռոբերտ Ղալումյանի անունով: Եթե այսքանը բավարար չէ, նշենք նաեւ պետռեգիստրում ՍՊԸ-ի գրանցման համարը՝ 6700766: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, պարոն Ղալումյանը մի քանի օր առաջ փորձել է տեղեկանք վերցնել՝ իբր հոր անունով գրանցված ՍՊԸ-ն լուծարված է, սակայն նման տեղեկանք նրան, բնականաբար, չի տրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել