ԱԺ-ն երեկ ողջ օրը լսեց ՀՌԱՀ անդամների 4 թափուր տեղերի համար հայտարարված մրցույթում հաղթած 7 թեկնածուներին:
Լուսանկարում. ձախից՝ աջ. Արմեն Մկրտչյան, Հայկ Քոթանյան, Կորյուն Առաքելյան, Կարեն Վարդանյան, Գոհար Արշակյան, Արամ Մելքոնյան:
Թեկնածու Կորյուն Առաքելյան
Ամենաշատը հարցեր ուղղվեցին «Ազգային միաբանության» նախկին փոխնախագահ Կորյուն Առաքելյանին, որն այս պաշտոնից հրաժարական էր ներկայացրել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի մրցույթին փաստաթղթեր ներկայացնելուց 1 օր առաջ: Սակայն մնում է կուսակցական եւ երեկ հայտարարեց, թե երբեք չի հրաժարվելու իր կուսակցության դիրքորոշումներից:
«Պետք է նշել, որ ՀՌԱՀ-ը հիմնականում կատարել է իր առջեւ դրված խնդիրները»,- երեկ գնահատեց Կորյուն Առաքելյանը: Նոյեմբերի 27-ի մրցույթի ընթացքում էլ հայտարարել էր, թե հիմնականում բավարարված է Հանրային հեռուստատեսության գործունեությունից, եւ մրցութային հանձնաժողովում «Ժառանգության» ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել էր, թե այն ժամանակ, երբ «Ազգային միաբանությունն» ընդդիմություն էր՝ գնահատականն էլի նո՞ւյնն էր: «Էն ժամանակ էլ էինք բավարարված»,- պատասխանել էր Կորյուն Առաքելյանը:
ԱԺ քննարկման ընթացքում Անահիտ Բախշյանը խնդրեց նրան ներկայացնել, թե իր կարծիքով՝ ինչպե՞ս է բավարարում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 41 հոդվածի պահանջին, ըստ որի՝ «Ազգային հանձնաժողովի անդամ կարող է լինել ՀՀ այն քաղաքացին, ով ունի լրագրության, հեռուստատեսության եւ ռադիոյի, տեխնիկայի, մշակույթի, արվեստի, գիտության եւ իրավագիտության բնագավառներում երկարատեւ աշխատանքային փորձ», եւ ի՞նչ փաստաթղթեր է ներկայացրել, որոնք կհավաստեին, թե ունի նման մասնագիտական աշխատանքի փորձ: Կորյուն Առաքելյանը չթվարկեց, թե հատկապես ինչ փաստաթղթեր է ներկայացրել՝ միայն ասաց, որ ներկայացրել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Նաեւ նշեց. «Ես ամբողջությամբ, իմ կարծիքով, համապատասխանում եմ օրենքի այդ 41-րդ կետին: Ունեմ լրագրողական աշխատանքի ստաժ, աշխատել եմ թերթի պատասխանատու քարտուղար: Ես աշխատել եմ թերթի գլխավոր խմբագիր՝ 1990-91թթ.»: Սակայն նրա կենսագրականում, որը բաժանվել էր ԱԺ պատգամավորներին՝ նշված էր, թե 1989-91-ին եղել է «Նաիրի» թերթի պատասխանատու քարտուղարը եւ այլեւս նշում չկար թերթի գլխավոր խմբագիր եղած լինելու մասին: Իսկ մրցութային հանձնաժողովին ներկայացրած նրա ինքնակենսագրականում նշված էր, թե 1991-1994-ին եղել է «Ազատ գոտի» թերթի գլխավոր խմբագիրը: Մինչդեռ աշխատանքային գրքույկում նշված էր, որ պրն Առաքելյանը նույն տարիներին աշխատել է բռնցքամարտի մարզադպրոցի մեթոդիստ հրահանգիչ:
Ստյոպա Սաֆարյանը նկատել էր, որ այս թեկնածուն ելույթում չի անդրադարձել եթերում բազմակարծության վիճակին: Եվ երկու անգամ հետաքրքրվեց. «Էլեկտրոնային ԶԼՄ-ները, Ձեր կարծիքով, վերահսկվո՞ւմ են մի կենտրոնից՝ ՀՀ նախագահի նստավայրից: Խնդրում եմ՝ հստակ պատասխան տալ, թե արդյոք բազմակարծության բացակայության պատճառը դա՞ եք համարում, թե՞ այլ պատճառներ եք տեսնում»: Կորյուն Առաքելյանը պատասխանեց. «Չեմ տիրապետում այնպիսի ինֆորմացիայի, այնպիսի աղբյուրներից չեմ օգտվում, որ կարողանամ իմանալ՝ նախագահականի կողմից դրանք վերահսկվո՞ւմ են, թե՞ ոչ: Ուստի ես անպատասխանատու հայտարարություն այս պատասխանատու ամբիոնից անել չեմ կարող»:
Թեկնածու Գոհար Արշակյան
«Երբե՛ք չեմ եղել որեւէ կուսակցության մեջ. ինձ բավարարել է հայ գաղափարը: Ըստ իս՝ վատ սկզբունք չէ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Գոհար Արշակյանը, որը նաեւ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի օգնականն է:
Այս թեկնածուն հայտարարեց, թե հայկական հեռուստատեսությունը «կաղում է երկու ոտքից»: Եվ մասնավորապես պատճառն այն է, որ ժամանակին կադրային ջարդ է իրականացվել. «Ասպարեզ եկան փրփուրներից կառչողները, Գաուդեամուս երգողները, կատվի դրախտ ու օտար խաղեր փնտրողները»: Շատ էին նրա տված որակումները՝ «անարվեստ գովազդ», «անճաշակ հաղորդումներ», «անարժեք սերիալներ», «գռեհիկ հումոր»: Չսպասելով հարցերին՝ ինքը հայտարարեց, թե «Ա1+»-ի վերաբացումն ավելի շատ մե՛զ է պետք, քան նույնիսկ «Ա1+»-ին եւ ԵԽ-ին. «Ավելի՛ն, կարծում եմ, որ նոր մոտեցում կլիներ ոչ պաշտոնական մի լրատվական ծրագիր, ինչպիսին ժամանակին «Մայրաքաղաքն» էր Ազգային հեռուստատեսությունում՝ ունենալ Հանրային հեռուստաընկերության եթերում»:
Գոհար Արշակյանը նաեւ պատասխանեց «Առավոտում» այս մրցույթի վերաբերյալ մի անկախ փորձագետի «Եվ մի խառնիր մեզ իմիտատորներին» հրապարակմանը. «Պետք է ընդգծեմ՝ Արշակյանները երբե՛ք իմիտատոր չեն եղել ու չեն կարող լինել, այլ՝ միամիտ, ազգի միաբանությանը հավատացող, անմնացորդ նվիրվող: Արդյունքում՝ մոլորյալ կարող են լինել, քավ լիցի՝ ինդիկատոր էլ կարող ենք լինել: Բայց իմիտատոր՝ երբե՛ք»: Նաեւ հավելեց, թե իր քայլը փորձ է ապացուցելու, թե ամեն ինչ չէ, որ կանխորոշված է:
Լարիսա Ալավերդյանը հետաքրքրվեց, թե հասկանո՞ւմ է, որ մտնելով այս ոլորտ՝ գործ է ունենալու համակարգային դիմադրության հետ, եւ ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքն այդ պայմաններում: «Մեկ ձայնն ի՞նչ կարող է անել: Հասկանալի է ամեն ինչ՝ որքան էլ սիրտդ տրփա, որքան էլ ուզենաս փոխված տեսնել»,- մասնավորապես պատասխանեց տիկին Արշակյանը:
Թեկնածու Գեւորգ Հարությունյան
«Հայոց աշխարհի» թղթակից Գեւորգ Հարությունյանը հայտարարեց, թե չի ընդունում մոտեցումը, որ «մի ծաղկով գարուն չի գա», եւ պնդեց, թե մի հոգին կարող է «իր լուրջ, ծանրակշիռ փաստարկներով ամենասնահավատներին ու չմահավաններին համոզել, որ սա՛ է ճիշտը, եւ բերել կառուցողական, ճշմարիտը հետապնդելու դաշտ»:
Նրա կենսագրության մեջ նշված է, որ 1995-ի հունվարի 13-ից ՀՅԴ անդամ է: «Վկայությունը, թե իմ ազատության վրա իմ դաշնակցական լինելը չի ազդել՝ իմ լրատվական գործունեությունն է: Որեւէ մեկը չի կարող նշել որեւէ հրապարակում, որտեղ ես հետեւողականորեն ներկայացնեմ դաշնակցական տեսակետներ: Ներկայացնում եմ բոլոր տեսակետները, որոնք կան ու հետաքրքրում են հասարակությանը»: Պնդումներին, թե կարողացել է մնալ «բարոյականության եւ բազմակարծության շրջանակներում»՝ առարկեց Ստյոպա Սաֆարյանը, նշելով, թե Գեւորգ Հարությունյանն աշխատում է մի թերթում, որը երբեք բազմակարծության ջատագով չի եղել, եւ ինքը դրա դեմ չի ընդվզել, որն ապացույց կլիներ, թե նույնը կանի նաեւ ՀՌԱՀ-ում: Իբրեւ հակառակի վկայություն՝ Գեւորգ Հարությունյանը երկու անգամ նույն օրինակը վկայակոչեց: 2004-2008-ին նա աշխատել է Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի տնտեսական մեկնաբան: Եվ երեկ պնդեց, թե եթերի բոլոր բացերի մասին Հանրայինի ղեկավարներին «ճակատ առ ճակատ ու պարբերաբար» ասելու պատճառով է զրկվել աշխատանքից: (Միջանկյալ նշենք, որ այս քննարկման ընթացքում «Ժառանգության» պատգամավորները մի քանի անգամ համեմատաբար դրվատանքով հիշատակեցին Հանրային ռադիոյի աշխատանքը): «Բազմակարծության լավագույն օրինակը, կարծում եմ, այն է, որ ես աշխատում եմ մի թերթում, որտեղ հրապարակվող որեւիցե հոդվածի պատասխանատվությունը չեմ ստանձնում եւ չեմ կիսում, որովհետեւ դա իմ թերթը չէ: Թերթի պատասխանատուն թերթի տերն է՝ գլխավոր խմբագիրը»,- նաեւ նշեց Գեւորգ Հարությունյանը:
Թեկնածու Արամ Մելքոնյան
Միայն ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի շնորհիվ պարզ դարձավ, որ Արամ Մելքոնյանը ոչ միայն 2003-2007թթ. եղել է Հարկային ծառայության պետի տեղակալը, այլեւ դրանից առաջ էլ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգնականն է եղել եւ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետը: «Չգիտես ինչու՝ իր կենսագրության այդ հատվածը նա հստակ չասաց»,- տարակուսեց Արեւիկ Պետրոսյանը: Իսկ նման պարզաբանման կարիք առաջացավ, երբ Արամ Մելքոնյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե տնտեսական ոլորտի որեւէ օրենք առանց իր «վիզայի» չէր դրվում շրջանառության մեջ, եւ պատգամավորները հետաքրքրվեցին՝ այդ ի՞նչ պաշտոնում է աշխատել:
Ավելի վաղ էլի «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն էր հետաքրքրվել, թե Արամ Մելքոնյանն ի՞նչ ուղղակի առնչություն է ունեցել հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտին: «Առայժմ առնչություն չունեմ: Եթե ընտրվեմ՝ կունենամ»,- պատասխանեց նա: Մյուս հարցին, թե որո՞նք է համարում ՀՌԱՀ ձեռքբերումները եւ հիմնական թերացումները՝ այսպես պատասխանեց. «Կայացել է մի կառույց, որը, չնայած բացթողումներին եւ խնդիրներին՝ այնուամենայնիվ մենք ունենք այսօր կառույց: Վատ է անում այն, որ միգուցե աղմուկն այդ կառույցի գործունեության շուրջ մի փոքր շատ է: Վատ է անում այն, որ այնուամենայնիվ՝ երեւի թե նախաձեռնություններ այդքան շատ չեն եղել»: Նշեց, թե ավելին ասելը ճիշտ չէ:
Իսկ հարցին, թե ինչու եթերում չկա բազմակարծություն՝ պատասխանեց. «Միգուցե դա խորը գիտական վերլուծության խնդիր է, եւ այսպես ոտքի վրա՝ միանգամից պատասխանել դժվարանում եմ»:
Թեկնածու Արմեն Մկրտչյան
Սա միակ թեկնածուն է, որի վերաբերյալ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած մրցութային հանձնաժողովը կայացրել է միաձայն որոշում՝ կողմ քվեարկելով նրան: Հիշեցնենք, որ Արմեն Մկրտչյանը Հայաստանի առաջին քաղաքացին է, որը հաղթեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ վիճարկելով ցույցի մասնակցելու համար իրեն վարչական տույժի ենթարկելը: Նրան այս պաշտոնում ընտրվելու համար երաշխավորել էին Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբը եւ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը»: Ընտրվելու դեպքում իր առաջնահերթ խնդիրն Արմեն Մկրտչյանը հայտարարեց արտոնագրման կարգի չափորոշիչների մշակումը. «Որ երկու կարծիք չլինի՝ պարզ, ամեն ինչ նշված լինի այդ կարգի մեջ, եւ հանձնաժողովի անդամը գնահատական տալուց ղեկավարվի միայն այդ չափորոշիչներով»: Նաեւ նշեց, թե այդ կարգը պիտի մշակվի հ/կ-ների եւ փորձագետների մասնակցությամբ:
Թեկնածու Կարեն Վարդանյան
Նախկինում «Ստերեո ստուդիա»-ի հաղորդավար, վաստակավոր լրագրող Կարեն Վարդանյանը մրցութային հանձնաժողովի կողմից ստացել էր ամենավատ գնահատականը՝ 4 հոգի դեմ էին քվեարկել նրան, 2-ը՝ կողմ: Երեկ նա խորհրդարանին կոչ արեց, թե ՀՌԱՀ-ը պիտի անկախ անդամներ էլ ունենա. «Առաջարկում եմ՝ վստահեք ինձ, քանի որ ո՛չ կուսակցություններ, ո՛չ նախկին՝ սովետական անցյալ, ո՛չ այժմյան կուսակցական որոշակի պահեր չկան: Իմը եղել է ռադիոն, ռադիոեթերը: Իմը եղել է լեզուն, հայ խոսքը, համաշխարհային եւ հայ մշակույթը: Իմը եղել է, իհարկե, նաեւ հեռուստատեսությունը»:
Թեկնածու Հայկ Քոթանյան
Պատգամավորներն ամենաշատը խնայեցին այն թեկնածուին, որը 1999-ի նոյեմբերից մինչեւ 2009-ի հունվարի 14-ը ղեկավարել էր ԱԺ աշխատակազմը. Հայկ Քոթանյանին ուղղվեց ընդամենը 2 հարց: Դրանցից մեկի հեղինակը՝ Էռնեստ Սողոմոնյանը, հետաքրքրվեց, թե արդյոք նա պատրաստվո՞ւմ է վերականգնել Երեւանի լարային ռադիոցանցը: Այսինքն, մի հարց, որն ընդհանրապես կապ չունի ՀՌԱՀ գործառույթների հետ:
Հայկ Քոթանյանը նախապես ասել էր, որ հայեցակարգային, ծրագրային ելույթ չի ունենալու, քանի որ գիտակցում է՝ ՀՌԱՀ-ը կոլեգիալ մարմին է: Նաեւ ասաց. «Չեմ կարծում, թե օրենքը թերի է՝ աշխատանքի ժամանակ կերեւա: Բայց կարեւոր է, որ լինեն օրենքը կատարողներ: Խոսք եմ տալիս, որ ձեր ընտրությանն արժանանալուց հետո՝ միայն կառաջնորդվեմ օրենքով»: Նաեւ հավելեց, թե ՀՌԱՀ-ը «չպիտի կատարի միայն մտրակի եւ պատժողի դեր: Ինձ թվում է, որ հանձնաժողովն այնպես պիտի կազմակերպի աշխատանքը, որ կարողանա աջակցել, օգնել հեռուստառադիոընկերություններին՝ վերացնելու եթերում առկա թերությունները»: Նշենք նաեւ, որ Հայկ Քոթանյանն ավելի վաղ ասել էր, թե վերջին շրջանում հեռուստաընկերությունները մատուցում են օբյեկտիվ լրատվություն:
Հ. Գ. Այս 7 թեկնածուներից 4-ին ԱԺ-ն կընտրի այսօր: