Օբամա-Էրդողան հանդիպմանը Թուրքիայի վարչապետն առաջին անգամ հրապարակայնորեն արձանագրել է շատ կարեւոր մի սկզբունք. նա ընդգծել է, որ հայ-թուրքական արձանագրություններում նախապայմաններ չկան: NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, թե Հայաստանը մեկ անգամ չէ, որ ասել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին, եւ այժմ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, հետեւաբար թուրքական խորհրդարանը պետք է առաջինը վավերացնի արձանագրությունները: Ընդ որում, նա շեշտեց, թե Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների վարմունքը ցույց է տալիս, որ թուրքական խորհրդարանը հակված է ձգձգել արձանագրությունների վավերացման գործընթացը: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի մասին Անկարայի մշտական խոսակցություններին, հիշեցնեմ հայտնի ասացվածքը՝ „Հալվա“ ասելով բերանը չի քաղցրանա»,- ասել է Շարմազանովը: Ըստ Շարմազանովի՝ բոլորը պետք է գիտակցեն, որ Հայաստանը միակողմանի զիջումների չի գնա: «Հայկական կողմի գիտակցության մեջ առաջընթաց նշանակում է ԼՂ կարգավիճակի հստակեցում, եւ որքան էլ մեծ լինի Անկարայի ձգտումը՝ ճնշում բանեցնել Հայաստանի վրա, պետք է հասկանա, որ վերջնարդյունքում բոլոր հարցերը լուծվում են Ստեփանակերտում: Երեւանը միայն ներկայացնում է Ստեփանակերտի շահերը»,- ասել է Շարմազանովը: