Analitika.at.ua կայքի համաձայն, Ղրիմի հայ համայնքը նամակ է ուղարկել Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ռադայի նախագահ Անատոլի Գրիշչենկոյին՝ կապված հայկական Սուրբ Խաչ վանական համալիրի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Գրիշչենկոն ավելի վաղ էր հայտարարել, որ 2009 թվականի դեկտեմբերի 1-ից Սուրբ Խաչ հայկական վանքը կդառնա Ղրիմի ազգագրական կենտրոնի մասնաճյուղ:
Ղրիմի հայկական համայնքի ղեկավար Օլեգ Գաբրիելյանը նամակում գրել է, որ անթույլատրելի է առանց Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի եւ հայ համայնքի թույլտվության որեւէ գործողություն կատարել համալիրի նկատմամբ:
Ըստ նամակագրի, ամեն ինչ սկսվել է վերանորոգումից եւ լուսավորումից հետո, երբ համալիրը պետք է գործեր որպես վանք, սակայն դա տեղի չի ունեցել: Սուրբ Խաչը պետական նշանակության հուշարձան է, որ մի քանի հարյուրամյակների ընթացքում եղել է հայերի հոգեւոր կենտրոնը եւ ուխտատեղին:
Սուրբ Էջմիածինը եւս հայտարարել է, թե կանի ամեն հնարավորը՝ որ վանքը թանգարան չդառնա: Ղրիմի վանքը պետք է պահպանի նախկին կարգավիճակը, կարծում է Հայ առաքելական եկեղեցին: