Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵ՞Ս ՔԱՎԵԼ ՄԵՂՔԵՐԸ

Դեկտեմբեր 09,2009 00:00

\"\"ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի առաջարկները նախագահ Սերժ Սարգսյանին

– Ինչո՞ւ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չանդրադարձավ հայ-թուրքական արձանագրություններին Օբամա-Էրդողան հանդիպումից առաջ, մանավանդ, որ հանձնաժողովում փաստաթղթերի քննարկման վերջին  ժամկետը  դեկտեմբերի 7-ն էր:
– Որպեսզի պարոն Շարմազանովի կանխատեսումները չիրականանան: Իսկ եթե լուրջ՝ խոսքը ոչ թե առանձին վերցրած Թուրքիայի խորհրդարանի, այլ Թուրքիայի ներկայիս իշխանության ընդհանուր դիրքորոշման մասին է, որը շատ հստակ է եւ քանիցս բարձրաձայնվել է: Ուղղակի խորհրդարանի գործոնն ի սկզբանե մտցված էր համաձայնագրերի ընդունման կարգի մեջ, որպեսզի այս քաղաքականությունն իրականացվի: Թուրքիան, ըստ էության, երբեք էլ չի թաքցրել ու չի կեղծել իր մտադրությունները, այլ բացեիբաց հայտարարել է դրանց մասին: Փոքր-ինչ կեղծիք կարելի է համարել այն, որ Էրդողանն Օբամայի հետ հանդիպման ժամանակ իրեն ապահովագրելու համար խոսել է այն մասին, որ ինքն ազդեցություն չունի խորհրդարանի վրա: Դա, ինչ խոսք, չի համապատասխանում իրականությանը: Բոլորս էլ գիտենք, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն ունի:
Ինչ վերաբերում է ժամկետներին՝ դրանք այստեղ չէին գործում, որովհետեւ ի սկզբանե թուրքական կողմի մտադրություններն այն էին, որ իրենք պիտի Հայաստանի վրա ճնշում գործադրեին, որպեսզի ԼՂՀ հարցն ի նպաստ Ադրբեջանի լուծվի, ու միայն դրանից հետո իրենք կամ գնային, կամ չէին գնա համաձայնագրի իրականացմանը:
– Արդյոք հենց այդ տրամաբանության մե՞ջ է մտնում Էրդողանի հետեւյալ հայտարարությունը. «Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք նաեւ Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների հարցը։ Գործընթացը մեծ նշանակություն ունի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների համար։ Մենք քննարկել ենք այն հարցը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է արագացնի հակամարտության կարգավորման գործընթացը»:
– Իհարկե: Եվ դա էլ նորույթ չէ: Թուրքական պաշտոնյաներն իրենց նախորդ ելույթներում էլ են դա ասել եւ ոչ միայն ասել են, այլեւ գործնական քայլերի են գնացել, որպեսզի Մինսկի խմբի համանախագահներին ուղղորդեն իրենց համար բարենպաստ ուղիով: Ես ուղղակի ցանկանում եմ հիշեցնել, որ Մինսկի խումբն ընդամենը միջնորդ է, իսկ Թուրքիայի պատկերացմամբ եւ ցանկությամբ, ստացվում է, որ Մինսկի խումբը պիտի կողմերին թելադրի կամ պարտադրի ինչ-որ լուծումներ:
– Օբաման էլ իր հայտարարություններում բավականին կարեւորեց Թուրքիայի դերը թե տարածաշրջանում, թե ամբողջ աշխարհում: Եթե համադրենք սա թուրքական կողմի պահանջին՝ լուծել ԼՂՀ հարցը, որից հետո միայն հայ-թուրքական հարաբերություններում զարգացումներ ակնկալել՝ ի՞նչ հնարավոր լուծումներ կլինեն:
– Այն, որ Միացյալ Նահանգներում հանդիպման մեխը եղել է ԼՂՀ հարցը՝ արդեն ինչ-որ բան հուշում է: Մասնավորապես, ԱՄՆ-ն իր նախորդ բոլոր գործողություններով եւ հայտարարություններով էլ ցույց է տվել, որ խիստ շահագրգռված է հայ-թուրքական սահմանի բացմամբ եւ ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ: Հիմա, ցավոք, այս գործընթացի բուռն փուլը, որն, ի դեպ, համընկավ նաեւ Ռուսաստանի կողմից, ըստ իս, մոտեցումների բավականին լուրջ փոփոխման հետ, զարգանում է Հայաստանի, այսպես ասած, դիտորդի կարգավիճակով: Սկզբունքորեն երկու պետություններ կարող են քննարկել հարցեր, բայց այս դեպքում խնդիրը լրջանում է նրանով, որ Հայաստանն իր, այսպես կոչված, ղեկավարի հանցավոր ներքին եւ արկածախնդիր արտաքին քաղաքականության պատճառով հայտնվել է շատ տարօրինակ եւ անբարենպաստ պայմաններում: Ոչ մի արգումենտ, ոչ մի լծակ չունի եւ նստած նայում է, թե ինչ է լինելու:
– Ի՞նչ եք առաջարկում, ի՞նչ անեն իշխանությունները:
– Առաջարկում եմ՝ Սերժ Սարգսյանը շուտափույթ վերադառնա Այնթափ: Սա փոխաբերական իմաստով: Բայց կարելի է առաջարկել նաեւ, որ ինքը վերադառնա իր ծննդավայր եւ վերջին 15 տարիներին իր թալանած ունեցվածքը դնի Ղարաբաղի զարգացման, փախստականների՝ իրենց բնակավայրերը վերադառնալու հարցերին: Միգուցե դրանով նա իր մեղքերը քավի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել